Հարկային օրենսգրքին պետք է զգույշ վերաբերվել
12 Հունիս 2019 ՀՅԴ Հայաստանի ԳՄ էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ ակցիզային հարկը չպետք է բարձրացնել: Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է դրա հիմնավորումները:«Ակցիզային հարկի բարձրացնելու բացատրությունը այն է, որ այն վնասակար նյութերը, որոնք մարդիկ օգտագործում են, դրանց սպառումը զսպեն, ամբողջ աշխարհում ընդունված է դա: Բայց այստեղ մենք խնդիր ունենք՝ ինչո՞ւ ենք մենք օղու ակցիզային հարկը բարձրացնում 44 տոկոս:
Ո՞րն է դրա հիմնավորումը: Ըստ իս`բարձրացնում ենք, քանի որ մենք եկամտահարկի համահարթեցում ենք ընդունել, և բյուջեում առաջացնելու է մուտքերի պակասուրդ: Այստեղ խնդիր դրած չէ, որ օրինակ մեր քաղաքացիները քիչ ծխեն, խնդիրը դրած է, որ բարձր եկամուտ ունեցողները քիչ հարկ տան, և դրա փոխարեն տա հանրությունը»,-ասաց նա:
Նա նկատեց, որ մենք ունենք աղքատության բարձր շեմ, ունենք աշխատող աղքատների բարձր ցուցանիշ և ունենք բարձր եկամուտներ ունեցող թվով քիչ մարդ: «Ստացվում է, որ թվով քիչ մարդու չվճարած հարկը պետք է ամբողջ այս հասարակությունով տանք. այստեղ արդարություն չկա»,-ասաց նա:

Մասնավորապես դիզվառելիքի վրա ակցիզային հարկի բարձրացման մասին Արմեն Գրիգորյանը նշեց, որ դիզվառելիքի հիմնական մասը գնում է գյուղատնտեսական ոլորտ կամ գնում է պաշտպանական ոլորտ: Հաջորդ խնդիրը նա համարեց գազալցակայաններում առկա խնդիրը: « «Գազպրոմը» իր խտությունը հայտարարում է գազը վաճառելուց հետո: Գազալցակայանը ռեալ խնդիր ունի` հասկանալու, թե ինչ խտությամբ գազ են տվել: Այս հարցը տեխնիկական խնդիր ունի և չեմ կարծում, թե կառավարությունը դիտավորյալ արել է, որ գազալցակայաններն ընկնեն ծուղակը»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը օրինակ բերեց, որ կոնյակի վաճառքի նվազագույն գնի շեմ կա և երեք տարեկան կես լիտր տարողությամբ կոնյակը 1680 դամից ցածր չի կարող վաճառվել, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխություններով օղու համար կա առաջարկվող ակցիզային հարկման շեմ, ըստ որի 2021-2022 թվականներին մեկ շիշ 0,5 տարողությամբ օղին ավելի թանկ է լինելու, քան նույն տարողությամբ երեք տարեկան կոնյակը:
«Հիմա հարց, կոնյակ արտադրողը իմաստ ունի՞ խաղող մթերի, երեք տարի հնեցնի… փոխարենը կարտադրի խաղողի օղի և կվաճառի: Այստեղ մենք օղին ավելի ենք խրախուսում, քան կոնյակագործությունը՝ որպես արտադրական մշակույթ:
Ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր, այս մարդիկ տանը ծնունդ չե՞ն անելու, այս մարդկանց տուն մարդ չի՞ գնալու, այս մարդիկ Նոր տարին չե՞ն անելու: Հիմա պետությունով ընկել ենք այդ մի շիշ օղու հետևից, որ դա էլ չլինի՞: Սա Նիկոլ Փաշինյանի բառերն եմ կրկնում: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ է փոխվել»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ երևի պատգամավորները շփումը մարդկանց հետ կտրել են և այլևս չեն զգում, որ աղքատության շեմը բարձր է. նորից պետք շփվեն, որ հասկանան, որ մարդկանց ռեալ կյանքում բան չի փոխվել: Ըստ նրա` այս ամենը կապված է եկամտային հարկի համահարթեցման հետ:
Դաշնակցության անդամը գազալցակայանների վերաբերյալ հարց բարձրացրեց, թե ինչու Երևանում և մարզերում գործող գազալցակայանները, որոնք սպառում են էապես տարբերվող գազի ծավալ, նույն հարկման դրույքաչափը ունեն:
«Ես առաջարկում եմ` թող գոտիավորվի, և մինչև 200 հազար խորանարդ մետր գազ վաճառողները վճարեն մեկ տոննայի համար 27 հազար դրամ, դրանից բարձրը` 34 հազար դրամ»,-ասաց նա և նշեց, որ նույնը վերաբերում է գրավատներին:
«Հարկային օրենսգիրքը խնդրահարույց և սոցիալական հարց է, պետք է շատ զգույշ վերաբերվել: Հարկային օրենսգիրքը բոլորին է վերաբերում: Այն խնդիր ունի և մատչելի գրված չէ»,-ասաց նա:
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որը առաջին ընթերցմամբ ընդունել է Ազգային ժողովը, նախատեսված է տարեկան 4%-ով բարձրացնել ակցիզային հարկը վառելիքի համար՝ բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի: Նախատեսված է նաև ակցիզային հարկի բարձրացում ալկոհոլի, ծխախոտի համար:
Հեղինակ Լիանա Առաքելյան