ՀՄԸՄ պաշտոնական մուտքն Արցախ
23 Օգոստոս 2019 Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի բացման արարողությունը:Բացման արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամներ, հյուրեր:
Արարողության ժամանակ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ներկայացուցիչներն Արցախի նորաստեղծ մասնաճյուղին են փոխանցել ՀՄԸՄ-ի և վերջինիս սկաուտական դրոշներն ու կանոնադրությունը: Այնուհետև հնչել է ԱՀ օրհներգը և ՀՄԸՄ քայլերգը:

Ստորեւ ներկայացնում ենք հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած ելույթները.
ՀՄԸՄ-Ը ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅ ՍԵՐՈՒՆԴԸ ՀՈԳԵՊԵՍ ԵՒ ՄԱՐՄՆԱՊԵՍ ԿՐԹԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան.
«Հոմենըթմենը ներկայացնում է համահայկական մի կառույց, որը մեծ դերակատարություն ունի հայ սերունդը հոգեպես և մարմնապես կրթելու հարցում»,
«Պետք է փաստենք, որ Հայրենիքը ճանաչելու և ճանաչելի դարձնելու, ամբողջ աշխարհում սփռված հայ երիտասարդներին միավորելու պատասխանատվությունն այս տարիների ընթացքում Հայ Մարմնակրթական Ընդհանուր միությունը պատվով է իրականացրել: Եվ Արցախի մեկուսի շրջանի հիմնադրումը մեզ հուշում է, որ այդ առաքելությունն իր շարունակությունն ու նոր որակներն է ունենալու:
Այսինքն, այն մեծ ընտանիքի մի մասնիկն է լինելու, որը Հայ մարմնակրթական ընդհանուր միության մասնաճյուղերի օրինակով հաջողությամբ իրականացնելու է ոչ ֆորմալ կրթական, մարզական միջոցառումներ ու ծրագրեր, սկաուտական շարժումներ, որոնց նպատակը, ինչպես գիտենք, հայրենասիրական ոգին արթուն պահելն է՝ ազգային դիմագծին համապատասխան»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:
ՀՄԸՄ-Ն ԱՐՑԱԽԸ ԴԱՐՁՐԵԼ Է ՄՆԱՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյան.
«Այսօր ՀՄԸՄ-ի արդի պատմությունը հարստանում է նոր թվականով. ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում պաշտոնապես ծնունդ է առնում ՀՄԸՄ-ի 111-րդ մասնաճյուղը:
Այս իրադարձությունը 101 տարվա մեր միության համար սովորական իրադարձություն չէ, որովհետեւ նորաստեղծ մասնաճյուղը սովորական մասնաճյուղ չէ, ինչպես աշխարհի հայկական որեւէ համայնքի ստեղծած մասնաճյուղ:
Արդարեւ, Արցախն աշխարհաքաղաքական վայր լինելուց բացի մեզ համար պատմություն է, հերոսական հայրենիք եւ դարավոր հպարտություն: Հայրենիքը պահպանելու համար ազգովին վճարել ենք մեծ գին: Բարբարոսներն եկել եւ անցել են այս հողի վրայով, սակայն արցախցիների կամքի եւ աշխարհի հայության զորակցության շնորհիվ հայրենիքն ազատագրված, անկախացած եւ լծված է պետակաշինության կարեւոր գործին:
Անցնող 30 տարիների ընթացքում Արցախն եղել է համայն հայության կիզակետը: Հայությունը ոչինիչ չի խնայել՝ Արցախը հզոր, իսկ արցախահայությունը ամուր տեսնելու համար:
ՀՄԸՄ-ն Արցախը դարձրել է մնայուն ուշադրության առարկա: Արցախն իր կարեւոր տեղն ունի միության դաստիարակչական ծրագրերում: ՀՄԸՄ-ականները հասակն են առել Արցախի սիրով՝ Արցախին ծառայելու եւ նրա համար զոհվելու պատրաստակամությամբ: Եվ չմոռանանք, որ այն իր նահատակներն ունի արցախյան պայքարում. Վարդան Բախշիյանը, Վաչե Ռոստոմյանը, Վիգեն Զաքարյանը եւ ուրիշներ իրենց արյամբ են կերտել Արցախի նորօրյա պատմությունը:
Մեր միության կազմակերպական ներկայությունը եւ միութենական գործունեությունն երկար տարիներ հնարավոր չէր իրագործել տարբեր պատճառներով:
Այսօր պայմանները հասունացել են, եւ իշխանությունների քաջալերումով մի քանի ամսվա նախապատրաստությունից հետո այն 111-րդ մասնաճյուղն է հիմնել Ստեփանակերտում՝ նպատակ ունենալով պատանի սերնդին սկաուտական ճանապարհով եւ մտքով ու մարմնով առողջ մարդ պատրաստելու վեհ աշխատանքին ծառայեցնելու:
ՀՄԸՄ-ն իր քայլերգի բառերով մեր ժողովրդի կամավոր բանակն է: Բանակ, որ ահա այսօր գալիս է՝ իր բոլոր կարողություններն ի նպաստ դնելու Արցախի պետականության եւ հայրենիքին ծառայելու նվիրական դաշտին:
ՀՄԸՄ-ն մեր ժողովրդի երիտասարդական մեծագույն կազմակերպությունն է, որ գործում է աշխարհի 26 երկրների մեջ՝ ավելի քան 26000 անդամներով:
Այսօր բոլորի հայացքներն ուղղված են այստեղ՝ արցախցի իրենց քույր եւ եղբայրներին: Բոլորը հաջողություն են ցանկանում նրանց:
Այս առիթով՝ հանուն ՀՄԸՄ կենտրոնական վարչության, շնորհակալության խոսք ունեմ հայտնելու Արցախի պետական պատասխանատուներին, նախագահ Բակո Սահակյանին, ովքեր անվարան գնահատել են Արցախում մասնաճյուղ ունենալու մեր առաջարկը եւ աջակցել մեզ:
Բարի երթ եւ հաջողություն ձեր աշխատանքների եւ ծրագրերի իրագործման մեջ»:
ՀՄԸՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյան.
«ՀՄԸՄ-ն Արցախում իր անպաշտոն ներկայությունն ունի մոտ 30 տարի: Դրա վկայությունը նահատակված ՀՄԸՄ-ականների անուններն են, որոնք այստեղ հնչեցին»:
«Ուզում եմ փոխանցել այն կարեւոր պատգամը, որ ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի հիմնումը տեղի է ունենում այս խորհրդանշական հրապարակում, որտեղից նաեւ սկիզբ է առել վերջին 30 տարիների մեր ընդհատված ազգային-ազատագրական պայքարը: Մի հրապարակ, որտեղից նաեւ տարիներ հետո մարտի են մեկնել մեր քաջարի մարտիկները՝ այս դրոշների եւ թմբուկների զարկերի ներքո:
Բոլորիս վկայությամբ ձեր խոստումը վկայում է այն մասին, որ եթե հարկ լինի՝ պատրաստ կլինեք ոչ միայն ձեր խոստմանը հավատարիմ, այլեւ՝ հայրենիքի կանչով ներկա գտնվելու հենց հայրենիքի առաջին պաշտպանության գծում:
Կրկին շնորհավորում եմ եւ այդ պարտավորությունն ու պատասխանատվությունը, որ կրել է ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքը, փոխանցում ձեզ»,- իր ելույթում նշել է Դավիթ Իշխանյանը:
ԵՍ ՍՐՏԱՆՑ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀՄԸՄ-Ը ՎԵՐՋԱՊԵՍ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան.
«Սիրելի ՀՄԸՄ-ականներ: Դուք համաշխարհային և համահայկական կազմակերպություն եք, որը 100 տարի ի վեր գործում է ազգի համար՝ կրթելով հայ երիտասարդին որպես հայրենասեր, մտածող և կոփված անձ, որը պատրաստ է հաղթահարելու ցանկացած դժվարություն և ձեռք բերելու ճիշտ հայեցի մտածելակերպ:
Եվ այսօր ես սրտանց ուրախ եմ, որ ՀՄԸՄ-ը վերջապես պաշտոնապես մուտք է գործում Արցախ աշխարհ: Այս առիթով շնորհավորում եմ Ձեզ և մեզ՝ մաղթելով ամենայն բարիք, հայրենասիրություն, հավատ, ազգային միաբանություն՝ հանուն մեր ապագայի, այն կարգախոսով, որ մեզ են պատգամել սուրբ Վարդանանք՝ միշտ ծառայել վասն հավատոյ և վասն հայրենյաց»:
ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՋԱՆՔ ՈՒ ՈՒԺ ՉԽՆԱՅԵԼ ՄԵՐ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետ Վրեժ Ասմարյան.
«Այսօր մենք ականատես ենք մեր նորակերտ պատմության բաղձալի օրերից մեկին: Մենք բացել ենք ՀՄԸՄ-ի 111-րդ մասնաճյուղն Արցախում: Համայն հայության երազանքն այսօր դարձել է իրականություն:
«Բարձրացի՛ր-բարձրացուր»՝ այս է ՀՄԸՄ-ի նշանաբանը:
«Բարձրացի՛ր եւ բարձրացուր», քույրեր եւ եղբայրներ՝ ոչ թե ոտնակոխ անելով ուրիշներին: ՀՄԸՄ-ականը հոգով եւ մարմնով միշտ պետք է բարձր լինի: Որի համար մենք՝ որպես ՀՄԸՄ-ի վարչություն, կարեւորություն ենք տալիս մեր երիտասարդների մարմնապես պատրաստությանը տարբեր մարզական ձեւերին, կարեւորելով հայոց մշակույթը, եւ, ամենակարեւորը՝ նրանց դարձնելով հոգեպես անսասան, անհուսահատ քաղքացի:
Այս ոլորտի զարգացման համար մեր առաջին քայլը լինելու է՝ համախմբել Արցախի ՀՄԸՄ-ն սկաուտական շարքերում:
Ինչպես Արցախի ազատագրական պայքարի ժամանակ ողջ հայությունը թեւ-թիկունք է կանգնել Արցախին, այսօր էլ ՀՄԸՄ-ի ողջ ընտանիքը Սփյուռքում, Մայր Հայաստանում թեւ-թիկունք է կանգնելու, որ Արցախի մասնաճյուղը կայանա, զարգանա եւ հարատեւի:
Մեր նորակազմ վարչությունը խոստանում է հայոց աշխարհի Արցախ շրջանում ջանք ու ուժ չխնայել մեր մեծ երազանքի իրականացման համար»:
Հ. Հակոբյան
aparaj.am