Ավստրալիայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
23 Սեպտեմբեր 2019
Այս օրերին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի եւ Ավստրալիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ Հայաստանում է ավստրալացի խորհրդարանականների եւ տեղի հայերի պատվիրակությունը: Նրանք երեկ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այնուհետեւ եղեւնի են տնկել Հիշողության պուրակում եւ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
20 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում են պատգամավորներ, գործարարներ եւ Հայ դատի հանձնախմբի անդամներ: Այստեղ է նաեւ Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնը: Նա արմատներով հայ է: Ադամյան ազգանունը կրող նրա պապն ապրել է Կալկաթայում: Առաջիկա օրերին պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ կունենան քաղաքական գործիչների հետ: Նախատեսվում է այցելություն Արցախ: