Ստեփանակերտում կայացել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակության մամուլի ասուլիսը
28 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակության մամուլի ասուլիսը: Արցախի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախ այցելած պատվիրակության ղեկավար, քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը ամփոփել է այցի արդյունքները:
Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներին և ՀՅԴ կուսակցությանը՝ այցը կազմակերպելու համար և նշել, որ տպավորված է Արցախ այցելությամբ և արցախցիների հյուրընկալությամբ: «Մենք այստեղ ենք մեր ժողովրդի և Արցախի ժողովրդի հետ կապեր ստեղծելու համար: Մեր բոլոր հանդիպումները արդյունավետ էին, խոսել ենք մշակույթի, սպորտի, գիտության ոլորտում համագործակցության մասին: Մենք մեկնում ենք ամենալավ տպավորություններով և ուզում ենք հավաստիացնել, որ մեր սրտերը միշտ բաց են Արցախի ժողովրդի համար»,- իր խոսքում ասել է Անդրեաս Պապախարալամպուսը՝ հավաստիացնելով, որ իրենք Արցախի լավ դեսպաններն են ոչ միայն Կիպրոսում, այլ նրա սահմաններից դուրս:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում վստահեցրել է, որ շարունակելու են ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքը՝ զորավիգ լինելով Արցախը մեկուսացումից բերելուն:
«Այս դարում չպետք է որևէ ժողովուրդ մեկուսացված լինի», -«Ապառաժ»-ի հարցին ի պատասխան ասել է Անդրեաս Պապախարալամպուսը:
«Մեր այցի, հանդիպումների ընթացքում ստացանք տեղեկություններ, թե ինչպես կարելի է կառավարել և զարգացնել Ձեր երկրի նման մեկուսացած երկիրը առանց դրսի օժանդակության: Մենք Կիպրոսում Թուրքիայի հետ հարց ունենք, դուք այստեղ՝ Ադրբեջանի: Այդ առումով պետք է միասնաբար աշխատենք, որպեսզի գերիշխի մարդու իրավունքը և մեր երկու ժողովուրդների ազատ ապրելու պահանջը»,- ասել է Անդրեաս Պապախարալամպուսը:
aparaj.am