Ուրախ կլինենք բարեկամ երկրներից ներմուծելու լավագույն փորձը
11 Հոկտեմբեր 2019 Արցախի բարեկամների համաժողովը նախ և առաջ առիթ է ևս մեկ անգամ բոլոր արցախցիների երախտագիտությունը հայտնելու մարդկանց` քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներին, անհատներին ու կազմակերպություններին, ովքեր Արցախի համար ամենաօրհասական պահերին և ապա, նախ խաղաղ կյանքի կառուցման ու զարգացման ճանապարհին օգնության ձեռք են մեկնել մեր ժողովրդին, իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և խաղաղության, և իրենց ներդրումն են ունեցել Արցախում ժողովրդավարության հաստատման գործում:Ուրախ կլինենք բարեկամ երկրներից ներմուծելու լավագույն փորձը` նպաստելով մեր ժողովուրդների փոխճանաչմանն ու մերձեցմանը այս մասին այսօր կայացած Արցախի բարեկամների համաժողովին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը` անդրադառնալով «Արցախի կրթության և գիտության զարգացման խնդիրները չկարգավորված հակամարտության պայմաններում» թեմային:
Նախարարի խոսքով`ցավոք, ամեն օր հանդիպում ենք արհեստական դժվարությունների ու քաղաքական խոչընդոտների, անգամ այնպիսի ոլորտներում, որոնք ոչ մի կապ չպիտի ունենան քաղաքականության հետ: Այդպիսիք են կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը:

«Արցախում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են Սահմանադրությամբ: Եվ այդ իրավունքների իրացման ու ազատությունների ապահովման համար Արցախի իշխանությունները հետևողական քաղաքականություն են իրականացրել բոլոր այս տարիներին: Ու թեև Արցախի միջազգային ինտեգրման որոշ նախաձեռնություններ համարժեք պատասխան չեն ստացել, մենք չենք հրաժարվել աշխարհի հետ համընթաց քայլելու և աշխարհի հետ մերձենալու մեր նպատակներից: Վերջին տարիներին կրթության ոլորտում համագործակցության ծրագրեր են իրականացվել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Լիբանանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների հետ: Ուրախ կլինենք մեր բարեկամ երկրներից ներմուծելու լավագույն փորձը` փոխշփումների և համատեղ գիտակրթական ծրագրերի միջոցով նպաստելով նաև մեր ժողովուրդների փոխճանաչմանն ու մերձեցմանը: Հուսով եմ` համաժողովը նոր թափ կհաղորդի մեր ժողովուրդների միջև համագործակցությանը, հանուն վեհ արժեքների, հանուն արդարության և խաղաղության»,- նշել է Ն. Աղաբալյանը: