Պետք է չեզոքացնել Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված մեկուսացումը
11 Հոկտեմբեր 2019 Տասնամյակներ շարունակ ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի գործունեության նպատակն է եղել դիմագրավել արտաքին քաղաքական այն բոլոր մարտահրավերներին, որոնց առերեսվել և առերեսվում է հայը և հայոց պետականությունը:Այս մասին Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ընթացքում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը:

Նրա խոսքով` Արևմուտքում օգտագործելով ժողովրդավարության ընձեռած գործիքները և հավատալով քաղաքական ակտիվիզմին, արդարության, ճշմարտության և խոսքի ուժին` Հայ Դատի հանձնախմբերը և գրասենյակները արել են ամեն ինչ, որպեսզի դրսում ընդունվող որոշումները լինեն հայանպաստ:
«Տարիներ շարունակ հստակ է, որ մեր գլխավոր արտաքին քաղաքական մարտահրավերը Արցախի հիմնախնդիրն է: Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող աշխատանքներն իմանալու համար պետք է նշեմ, որ դա մի մեծ շղթա է, որտեղ յուրաքանչյուր ոլորտ պարարտ հող է ստեղծում մյուսի համար: Արցախի հիմնախնդրի դեպքում Հայ Դատի հանձնախմբի և գրասենյակների աշխատանքի առյուծի բաժինն է: Պետք է արձանագրել, որ չնայած Ադրբեջանի ծախսած հսկայական միջոցներին, այդ թվում կիրառվող այնպիսի անազնիվ միջոցների, ինչպիսին է կաշառքը, նրանց բարեբախտաբար չի հաջողվել արձանագրել որևէ շոշափելի արդյունք: Անշուշտ, այս ամենը Հայ Դատի հանձնախմբերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության համատեղ լայնածավալ և համակարգված կուլիսային աշխատանքի արդյունք է»,- ավելացրել է Հ. Էվինյանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի տնօրենը նշել է, որ ներկայումս Հայ Դատի գրասենյակների գործունեության կարևոր թիրախներից մեկն է, օգտագործելով հանրային դիվանագիտության ողջ գործիքակազմը, չեզոքացնել Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված մեկուսացումը, բարձրաձայնել դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին:
«Մեր նպատակն է բարձրաձայնել այն մասին, որ Արցախը կոնֆլիկտ չէ, Արցախը սոսկ տարածք չէ, Արցախը ստեղծագործ, ուժեղ և խաղաղասեր ժողովուրդն է, որն ապրում է իր հայրենիքում, երազում է, արարում, օրնիբուն կերտում իր ներկան ու ապագան: Սա մի ժողովուրդ է, որը պարզապես ցանկանում է արժանապտվությամբ ապրել իր հայրենիքում»,- ընդգծել է Հ. Էվինյանը: