Պայքարում ենք Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջև բարեկամության վերականգնման համար
11 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության համակազմակերպմամբ մեկնարկած Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի ատենապետ Ժյուլ Բոյաջյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախ են ժամանել 21 հոգանոց պատվիրակությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են քաղաքապետեր, պատգամավորներ, լրագրողներ:
«Մեզ համար կարևոր է այցը և համաժողովին մասնակցությունը, հատկապես Արցախի բնակավայրերի հետ Ֆրանսիայի դատարանների կողմից բարեկամության հռչակագրերի չեղարկման վերաբերյալ որոշումից հետո: Պայքարում ենք քաղաքների միջև բարեկամության վերականգնման համար: Ճիշտ է, այսօրվա դրությամբ չենք շահել դատը, բայց պետք է շահենք: Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ»,- ասել է Ժյուր Բոյաջյանը՝ ավելացնելով, որ պատվիրակության անդամները առաջիկա օրերին այցելելու են Շուշի, Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքները:
Հիշեցնենք, որ Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից: