«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել անձնավորված նախագծին
01 Նոյեմբեր 2019 Հոկտեմբերի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստին «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրել է խմբակցության հայտարարությունը «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
«ԱՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ.
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ելնելով ՀՅԴ-ի քաղաքականության այն ռազմավարությունից, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է, չի փորձում այս օրենքի նախագիծը կապել որևէ անձի հետ և ընդհանրապես դեմ է բոլոր այն օրենքների նախագծերին, որոնց անձնավորված տեսք են տալիս:
Երկրորդ, ՀՅԴ-ն ժամանակին դեմ լինելով Արցախում այս Սահմանադրության ընդունմանը, միաժամանակ ողջունում է Սահմանադրությամբ նախատեսվող, քաղաքացիներին տրվող օրենքների նախագիծ ներկայացնելու իրավունքը, որով բնակչությանը ուղակիորեն առավելագույնս է ներգրավում օրենսդիր դաշտի կայացման գործընթացին:
Հետևաբար, «Դաշնակցություն» խմբակցությունը, քննարկելով ներկայացված օրենքի նախագիծը, ներկայացնում է քաղաքական և իրավական հետևյալ հիմնավորումները՝
Ա. Քաղաքական
Օրենքի նախագիծը դեմ է ԱՀ Սահմանադրությանը, նրա առաջադրած ռազմավարական սկզբունքներին:
Օրենքի նախագիծը հարված է ԱՀ ինքնիշխանությանը և նրա միջազգային ճանաչմանը, որն ամենակարճ ճանապարհն է ՀՀ-ի հետ միավորմանը, որին մոտ 3 տասնամյակ միտված է եղել մեր արտաքին քաղաքականությունը, և որի արդյունքում ունենք տարբեր երկրների նահանգների կողմից Աարցախի Հանրապետության որպես ինքնուրույն պետություն ճանաչելու փաստը:
Օրենքի նախագիծը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ը միջազգային ուժերի կողմից կդիտվի որպես ագրեսոր, քանի որ դրանով ՀՀ-ն լուրջ կմիջամտի ԱՀ ներքին գործերին՝ մասնակցելով իշխանությունների ձևավորմանը, որն էլ տարիներ շարունակ ցանկանում է մեր հակառակորդը՝ Հայաստանին ներքաշելով որպես հակամարտող կողմ :
Բ. Իրավական
Մեր կարծիքով, միջազգային նորմերի կոպիտ խախտում է և չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրվի մի այլ երկրի նախագահ կամ ԱԺ պատգամավոր:
Չեն կարող ընտրվելու իրավունքից օգտվեն այն քաղաքացիները, որոնք տվյալ երկրում նույնիսկ ընտրելու իրավունք չունեն, քանի որ առանց ակտիվ ընտրական իրավունք ունենալու, անձը չի կարող օժտվել պասիվ ընտրական իրավունքով: Սա է միջազգային նորմը:
Օրենքի նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացին իրավունք է ունենում ընտրվի ԱՀ նախագահ կամ պատգամավոր:
Խախտվում է անվտանգության գործոնը, որովհետև ԱՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք է տրվում այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է որ նույնիսկ մինչ այդ չեն եղել ԱՀ-ում ընդհանրապես:
Մեր կարծիքով, նմանատիպ շատ հարցեր իրենց լուծումը կարող են ստանալ ԱՀ «Քաղաքացիության մասին» օրենքով, որը ժամանակին առաջարկել է ՀՅԴ-ն, այդ թվում Սահմանադրության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկման ժամանակ:
Հետևաբար, առ այսօր էլ գտնում ենք, որ ԱՀ «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը արդիական է և շատ կարևոր:
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վերոհիշյալ նախագծին քվեարկելու է դեմ»:
aparaj.am