ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպության Պատասխանատու մարմնի հայտարարությունը
04 Դեկտեմբեր 2019
Խստորեն դատապարտում ենք ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդների և ուսանողության հանդեպ ՀՀ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումն ու ոչ իրավաչափ վերաբերմունքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խաղաղ հավաքների միջոցով իր դժգոհություններն ու բողոքները հայտնել ոլորտի պատասխանատուներին, ինչի փորձը այսօր արվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից: Սակայն երիտասարդների խաղաղ հավաքի դեմ ոստիկանությունը կիրառեց անհամաչափ բռնի ուժ, որի պատասխանատվությունը, որպես ՀՀ ուժային կառույցների անմիջական ղեկավար, կրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Իշխանությունների նմանատիպ հակաժողովրդական մոտեցումն ու պահվածքը հանրապետությունում հաստատում են անպատժելիության, վախի և բռնության մթնոլորտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ բռնությունը բռնություն է ծնում: Նաև պարտավոր է հասկանալ, որ կան կարմիր գծեր, որոնց ոտնահարումը չի ներվել և չի ներվելու ոչ մեկի: Հայոց Լեզվի, Հայոց պատմության և Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ բացառիկ վերաբերմունքն ու պաշտպանությունը Հայաստանի բոլոր իշխանությունների սրբազան պարտքն է:
ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպության անունից պահանջում ենք ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ականջալուր լինել հանրության արդար պահանջին և հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հարվածի տակ են առնում ազգային արժեհամակարգն ու ինքնությունը: Պահանջում ենք հրաժարվել կրթության և մշակույթի ոլորտում իրականացվող ապազգային քաղաքականությունից: Խստորեն դատապարտում ենք և պահանջում ոստիկանության գործողություններին տալ համապատասխան իրավական գնահատական:
ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին
ՀՅԴ Ռուսաստանի «Լևոն Շանթ» ուսանողական-երիտասարդական միություն