Սա քաղաքական պայքար է, բայց վերկուսակցական
04 Դեկտեմբեր 2019 Արայիկ Հարությունյանը պատասխանատու է երեկվա դեպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկվեցին: Սա կարող էր չլինել, եթե նախարարն իրապես ժողովրդավար լիներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:«Նրանք այդքան խոսում են ժողովրդավարությունից, ասում են, որ բաց են հասարակության առջև: Եթե իր քաղաքական թիմի ղեկավարը չի խորշում հանդիպումներից, ի՞նչ խնդիր կար ցուցարարների հետ հանդիպելու և հարցերը քննարկելու: Երեկվա դեպքերից հետո Արայիկ Հարությունյանին այլևս նախարար չի համարում մի քանի 100 մարդ»,- նշեց Քրիստինե Վարդանյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ ԿԳՄՍՆ քաղաքականության դեմ պայքարը շինծու օրակարգ է, ՀՅԴ-ն այս քայլերով փորձում է վերակենդանանալ, քաղաքական նպատակներ է հետապնդում:
Ի պատասխան նախարարի հայտարարությունների, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Եթե ԿԳՄՍ նախարարի համար կեղծ օրակարգ է հայագիտական բլոկի առաջնային լինելը կամ չլինելը, կեղծ օրակարգ է սեփական ռազմավարություն չունենալը այս ոլորտում, սա լավագույն արտահայտումն է իր արժեհամակարգի և իր վարած քաղաքականության: Ավելի իրական օրակարգ, քան կրթական համակարգն է, կրթության, գիտության, մշակույթի խնդիրները, մենք չենք պատկերացնում: Ինչ վերաբերում է վերակենդանացմանը, դա մեզ համար անհասկանալի է, ՀՅԴ-ն կարիք ունի վերակենդանացման»:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն էլ հայտնեց, որ ի սկզբանե հրաժարականի պահանջ դրված չի եղել: Նախօրեին կատարված գործողություններ, ըստ նրա՝ ևս նախապես պլանավորված չէր: Մինչդեռ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՅԴ երիտասարդների նպատակը եղել է ոչ թե հանդիպումը, այլ ակցիա իրականացնելը:
Երիտասարդները ծիծաղելի են համարում հետահայաց պնդումը, որ իշխանության ներկայացուցիչները գիտեին, թե ինչ է լինելու և դրա համար չեն կազմակերպել հանդիպումը:
«Բնավ չէինք սպասում, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա: Ալեն Սիմոնյանն այն մարդն է, ով իր երկրի՝ ՀՀ քաղաքացիներին ինչ-որ մի արտիստ վիրավորում է, հայհոյանքներ է հնչեցնում և նա դա դնում է իր ֆեյսբուքյան էջում և ասում է՝ լուրջ էր: Ուզում եմ՝ կարծիք կազմեք այդ մարդու մասին: Այդպիսի արարքներից հետո չեմ կարծում պետք է լուրջ վերաբերվել Ալեն Սիմոնյանին: Ալեն Սիմոնյանը սովոր չէ գաղափարական մարդկանց տեսնելու: Իրենք նիկոլական են, մյուսը սերժական է, մեկը լևոնական: Նրանք սովոր չեն տեսնելու մարդկանց, որոնց հետևում ոչ թե անձ է կանգնած, այլ գաղափար է: Մեր պայքարն ուղղորդված է ազգային գաղափարներով»,- ասաց Գոռ Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանության ներկայացուցիչները բարձրացված հարցերի բովանդակությանն անդրադառնալու փոխարեն, փորձում են օրակարգը նեղացնել, կուսակցականացնել:
«Այո, սա քաղաքական պայքար է, չի կարող այլ կերպ լինել: Նախ` Արայիկ Հարությունյանը քաղաքական թիմի ներկայացուցիչ է և նա զբաղեցնում է քաղաքական պաշտոն: Սա քաղաքական է, բայց վերկուսակցական պայքար է: Արայիկ Հարությանը կեղծ և կասկածելի քաղաքականություն է վարում, որը մեր ազգային արժեքների ծիրից ներս չէ: Նրանք մեր ժողովրդին չեն ճանաչում, նրանք Երևանի Կենտրոնի, փաբերում ժամանակ անցկացնող նեղ մասայի ճաշակից և արժեհամակարգից բխող քաղաքականություն են վարում: Մենք ձևակերպել ենք հրաժարականի պահանջը՝ ճանաչելով ժողովրդին»,- ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյան:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/gwjlaQKMIeI