ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Հովհաննես Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

15 Հունվար 2020 Հովհաննես Քաջազնունին լայն հասարակայնությանը հայտնի է որպես 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Բաքվի հայկական սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի ճարտարապետ և «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հանրահայտ գրքի հեղինակ: Քչերին է սակայն հայտնի, թե ինչ ճակատագրի արժանացավ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց հետո: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

1923թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայի մեջ գումարվում է Հ.Յ.Դ. արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ.Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. հուլիսին Հ.Քաջազնունին իր զեկույցը, կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով, հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե ՀՅԴ կուսակցության մեջ և թե Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ.Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ.Քաջազնունին,-Հ.Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի Խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալու Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կենտկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ.Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Հ.Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան: Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի՝ իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու համար հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925թ. Հ.Քաջազնունին, գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո, մարտի սկզբից, ստանձնում է Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927թ. մարտ ամիսը:

Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926թ. Հ.Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը ցավոք չի պահպանվել,-Հ.Մ.): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,-Հ.Մ.), նույն թվականներին կառուցում է Երևանում ձեթ-օճառի գործարան՝ իր բոլոր օժանդակ կառույցներով եւ բնակելի ավան աշխատողների համար:

Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ գործարանի տարածքի մոտ բնակելի ավանի շինարարությունը Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը: 1926թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու տարբերակներ: 1927թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական-շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ:

1935թ. Հ.Քաջազնունին Լենինականում, նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում, կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988թ. ավերիչ երկրաշարժին եւ համարվում է Հ.Քաջազնունու լավագույն գործերից մեկը: 1927թ. մարտից Հ.Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին՝ ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Հ.Քաջազնունին ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ: Հայաստանի Եղել է Տեխնիկական ընկերության նախագահության անդամ, ապա` նախագահ: 1928թ. Հ.Աճառյանի, Գ.Հակոբյանի, Ա.Տերյանի համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929թ. նոյեմբերի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր: 1926թ. աշնանից մինչև 1931թ. գարունը Հ.Քաջազնունին դասավանդում է Երևանի Համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա Շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ.Քաջազնունուն շնորհում են Պրոֆեսորի գիտական կոչում: 1930թ. Հ.Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոց, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը: Այդ շենքը Տերյան փողոցի վրա գտնվող Պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որի առաջին նախագծային և շինարարական աշխատանքները սկսել են Ա.Թամանյանի հանձնարարությամբ: Ըստ Ճարտարապետ Լ.Դոլուխանյանի այդ շենքի վերաբերյալ, բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից», որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անհայտ: Միաժամանակ պետք է նշել, որ Հ.Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի` ՆԳԺԿ-Ի (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվել է զանազան ճնշումների, հաճախ մեղադրվել է իր լոյալության համար, պիտակավորվելով` որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»:

1930թ. Հ.Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10 ամյակին նվիրված մի հոդված է պատրաստում տպագրության (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք ծանոթանալով հոդվածի բովանդակությանը Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում, հոդվածի բովանդակության մեջ «տեսնում են» են օտար գաղափարախոսության առկայություն և ընդունում պարսավանքի բանաձև: Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին: Իր խոսքում Ա. Խանջյանը անդրադառնալով Հ.Քաջազնունուն մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»: 1931թ. աշնանը Հ.Քաջազնունին, չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանն ու ճնշմանը, դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Ականատեսների վկայությամբ Հ.Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափախական, «ծպտված Դաշնակցական, սաբոտաժնիկ և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ Դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքը արդեն ասել է արտասահմանում և խնդրում է, որ եթե իր ներկայությունը անբաղձալի և վնասակար է Հայրենիքում, կամ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր: Իհարկե Քաջազնունուն արտասահման վերադառնալ թույլ տալ չէր կարող Սահակ Տեր-Գաբրիելյանը, բայց խոստանում է, որ նրա հանդեպ նման ելույթներ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է՝ ինչի մասին խոստովանել դստերը՝ Մարգարիտային:
1950թ Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին, Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, թե չպետք է գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ»: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացնում է. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը հիշատակված Հ.Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ ուրիշների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ մեղադրելով անտնտեսվարության մեջ, սակայն հանցակազմ չգտնելով, 1931թ. փետրվարի 26-ի որոշմամբ, այդ գործը կարճվում է: 1937թ., որոշակի դադարից հետո, Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ.Քաջազնունուն:

1937թ. հուլիսի վերջերին Հ.Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում տեղեկացնում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:
Հետաքրքրական է, որ Հ.Քաջազնունուն ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք է հանդիսացել նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա հայտնում է, թե իր հայրը` համոզված դաշնակցական է, «կատարյալ բուրժուա», «խորհրդային կառավարության թշնամի»: Բացի այդ ձերբակալության համար հիմք են հանդիսացել որոշ ,«օպերատիվ տվյալներ»: Ժամանակակիցները, ովքեր եղել են Չեկայի նկուղներում, տեսել են Հ. Քաջազնունուն և հետագայում հրաշքով դուրս են եկել Խորհրդային կայսրության սահմաններից՝ պատմել են, որ Հ.Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցիկում և մեղադրվել է. լրտեսության մեջ, իբր. «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել արարքը Քաջազնունին ենթարկվել է զանազան կտտանքների և կուրացվել է 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով: Ի հարկե դժվար է ասել որքանով են ստույգ ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով կորզել փորձել ցանկալի ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ մինչև Խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել է, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում, առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։ Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան՝ Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017թթ համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը, պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակում։ Հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվել է: Արդարացման հարցը հետաձգվել է, և ի վերջո խնդիրը լուծվել է միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր.գործը իդեմս ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի 1992 թ. դեկտեմբերի 12-ին. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։

Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս Երեւանի ժամացույցի գործարանի տարածքում գտնվող Կոզերն կոչվող գերեզմանատանը: Այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախ լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հուշաքար է կանգնեցնում:

Անուրանալի են Հովհաննես Քաջազնունու ծառայությունները Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում: Նա ողջ գիտակից կյանքը, կարողությունը և գիտելիքները նվիրեց Հայաստանի Հանրապետության բարօրությանը:

Հայկ Մարտիրոսյան
ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company