ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի հայտարարությունը
14 Մարտ 2020
Հաշվի առնելով երկրում տարածվող վարակի վտանգը՝ հորդորում ենք առավել հետևողական լինել վարակի տարածումը կանխարգելող միջոցների կիրառման ուղղությամբ։ Բոլորին հորդորում ենք պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ զերծ պահելու քաղաքը համաճարակի բռնկման ռիսկերից և առաջարկում ենք՝
– ժամ առաջ կազմավորել հակաճգնաժամային կառավարման կենտրոն,
– պոլիկլինիկաները ապահովել համապատասխան հանդերձանքով և պարագաներով,
– իրականացնել հանրային տրանսպորտի պարբերական ախտահանման աշխատանքներ (միջքաղաքային և այլն),
– հանձնարարել հանրային սպասարկման և առևտրային կենտրոնների տնօրինությանը պարբերաբար իրականացնել ախտահանիչ միջոցառումներ, ժամանակավորապես դադարեցնել դրանցում գործող մանկական խաղասրահների գործունեությունը,
– հանձնարարել քաղաքային ոստիկանությանը՝ արգելել մարդկանց կուտակումները։
Հորդորում ենք քաղաքապետին՝ կոչով դիմել քաղաքացիներին և ցուցաբերել վճռականություն, քանի որ նման ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում է երևում իշխանությունների արհեստավարժությունը։ Անգործությունն ու անվճռականությունը կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների։
Ինչպես ցանկացած արտակարգ իրավիճակներում, այնպես էլ հիմա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտնում է կամավորներ տրամադրելու, ձևավորվելիք հակաճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին աջակցելու՝ իր պատրաստակամությունը։
Առոʼղջ եղեք:
ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
14.03.2020 թ.