ՀՅԴ երիտասարդների ակցիան Սահմանադրական դատարանի դիմաց
26 Հունիս 2020 ՀՅԴ երիտասարդները Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, իրենց հետ այստեղ են բերել շղթայված պաստառ՝ վրան գրված Սահմանադրություն, պատկերված՝ ՀՀ զինանշանն ու դրոշը։«Ժողովրդի անունից խոսում են բոլորը, մենք, իհարկե, իրավասու չենք խոսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն ադեկվատ կերպով կկարողանա այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխանը տալ»,-ասաց ՀՅԴ երիտասարդական միության Սևակ Նազարյանը։
«Տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում որոշակի պրոցեսներ են ընթանում։ Դրան զուգահեռ, կույր պետք է լինել չտեսնելու համար, ժողովրդի տարբեր շերտեր, մասնագիտական շերտերից սկսած մինչեւ հասարակ քաղաքացիները սկսել են գործող իշխանությունից դժգոհության պրոցես։ Սա հույս է տալիս, որ կարողանանք հավատալ այն պրոցեսին, որն ապագայում սկսվելու է եւ հաջողության է հասնելու»,- ասաց նա։

ՍԴ դատավորները այս ընթացքում շատ լավ վարք ցուցաբերեցին, համոզված է Սևակ Նազարյանը. «Նրանք տուրք չտվեցին Կառավարության կողմից առաջադրվող կիսակոռուպցիոն թոշակային ծրագրին։ Այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր պայքարին շատերը կմիանան ու պայքարը կշարունակվի իրավական դաշտում։ 2018 թ.-ից մինչ օրս ժողովուրդը իշխանությունից արդարադատություն էր պահանջում: Բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Այստեղ անձերի խնդիր է դրված. ով կլինի դատավոր, ով կենթարկվի իշխանությանը»։
ՀՅԴ Գերագույն մարմնին կից պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանն էլ նշեց, որ համոզված է՝ Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի.
«Համոզված եմ, որ տեղի է ունենում իշխանության յուրացում եւ քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահերից»։
Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները գիշերը նույնպես ակցիա են իրականացրել Սահմանադրական դատարանի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում.