ՄԹ-ում վերականգնվել է Հայաստանի հետ խորհրդարանական խումբը
02 Հուլիս 2020 Հուլիսի 1-ին տեսակապի միջոցով գումարվել է Միացյալ Թագավորություն (ՄԹ)-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:Հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես փոխնախագահներ, եւ Ջեյմս Մյուրեյը (Լեյբորիստական կուսակցություն) որպես պատասխանատու լիազոր:

Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր ուղղություններով խմբի կողմից կատարվելիք աշխատանքներին եւ նպատակներին՝ ընդգծելով նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության գործոնը եւ խաղաղության պահպանման կարեւորությունը:
Խմբի նպատակն է լինելու առավել զարգացնել հայ-բրիտանական խորհրդարանական կապերը եւ նպաստաել երկկողմ համագործակցությանը առեւտրի, զբոսաշրջության, կրթության զարգացման եւ այլ բնագավառներում:
Հանդիպման ընթացքում պատգամավորների խնդրանքով, դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը եւ կառավարության կողմից ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվող քայլերը: