ՀՅԴ ՀԵՄ-ը նամակներ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանություններին և ՄԱԿ-ի ներկայացուցչությանը
16 Հուլիս 2020 Կոչ միջազգային հանրության շահագրգիռ սուբյեկտներին՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:«Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծայրաստիճան լարվել է իրադրությունը հայ-ադրբեջանական միջպետական սահմանի Տավուշի ուղղությամբ։
Կոպտորեն արհամարհելով ինչպես միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի պահանջները, այնպես էլ 1994 և 1995 թթ․ եռակողմ և անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնմուխ է եղել իրավիճակը ծայրաստիճան լարելու մարտավարության, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի վրա, այլև ամբողջ տարածաշրջանում։

Ադրբեջանական իշխանության նման անպատասխանատու կեցվածքը նաև արհամարհանք է ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ, որոնց լիիրավ անդամ է Հայաստանը։ Հաշվի առնելով բանակցային գործընթացի ձևաչափը և դրա համանախագահության կազմը՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը անհարգալից վերաբերմունք է նաև ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի նկատմամբ։ Ադրբեջանական իշխանություններին նույնիսկ հետ չպահեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի օրերին միջազգային զինադադար ապահովելու կոչը։
Հատկանշական է, որ ադրբեջանական սադրիչ գործողությունները և ՀՀ պետական սահմանի ու քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացրած ագրեսիան անթաքույց սատարում են գտնում Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից։ Իր հարևան տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը մշտապես լարված պահող, հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններով հայտնի թուրքական պետությունը այժմ էլ անուղղակիորեն ձեռնմուխ է եղել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների լարմանը։
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա հնարավոր զարգացումների անկանխատեսելի բնույթը, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ այլ պետությունների հետ ունեցած ռազմական փոխօգնության համաձայնագրերով, պահանջում ենք շահագրգիռ միջազգային կազմակերպություններից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ պետություններից
-Գործուն և հստակ քայլերով սանձել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան,
-Քաղաքական գնահատական տալ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումների գործողություններին՝ այդ թվում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը։ Անհրաժեշտ է գնահատել նաև, Ադրբեջանի զինուժի հրետանային մարտկոցների տեղակայումը սեփական բնակավայրերի բնակելի տարածքներում, որը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի կոպտագույն խախտում է,
-Կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,
-Հարավային Կովկասում լիցքաթափել ռազմաքաղաքական իրավիճակը։
Առաջադրելով այս պահանջները՝ վճռականորեն կանգնած ենք հայոց բանակի կողքին, հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում»,- նշված է հայտարարության մեջ։