ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների մամուլի ասուլիսը
07 Օգոստոս 2020 Այսօր, օգոստոսի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Իվետա Տոնոյանի, Արծվիկ Մինասյանի և Արսեն Բաբայանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի թեման էր իրավապահ մարմիների գործելաոճը:Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին:

ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմ և ամբողջական վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով փաստել է, որ քրեական հանցագործություն թույլ չի տրվել. հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների՝ քրեական գործ հարուցելու մերժմանը:
Մինասյանը նշեց, թե երեք ուժերով որոշել են Գլխավոր դատախազություն բողոք ներկայացնել՝ քրեական գործի հարուցումը մերժելու կապակցությամբ:
«Ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ առանց ՍԴ եզրակացության, օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին»,-նշեց Մինասյանը:
Նա նշեց, թե իրենց բողոքի հիմքում դրված է այն, որ կուսակցությունները հաղորդման մեջ մատնանշել էին մի շարք փաստեր, որոնցով ցույց էին տալիս, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը իր հանցավոր մտադրությունը, այն է՝ ՍԴ լիազորությունների զավթելը փորձել իրականացնել: «Ավագ քննիչն այս փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել, ինչը քննիչի պարտականությունն էր»,-նշեց նա:
Դրա փոխարեն, ըստ Մինասյանի, ավագ քննիչը վերցրել է բոլոր փաստարկումներից 1-2 դրվագ, դրանցով հղում տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: «Բողոքի երկրորդ հիմքն այն է, որ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի նշված հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են և համադրելի չեն այս հոդվածներով ներկայացվող հանցակազմերի օբյեկտիվ կողմերի հետ: Ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակում ձեռնարկվել են Սահմանադրության փոփոխությունները, և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրություններին՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր, իսկ քանի որ պատգամավորն էլ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստի նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»,-ներկայացրեց Մինասյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր տեսակետը, թե թույլ է տրվել սահմանադրական կարգի տապալում: «Եվ իշխանության յուրացման, և՛ սահմանադրական կարգի տապալման, և՛ պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքերը, մեր կարծիքով, ամբողջությամբ բավարար էին, որ իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ն հարուցեր քրեական գործ: Մեր կարծիքով՝ ՀՔԾ իրավասու անձը ոչ միայն դուրս է եկել իր լիազորություններից, այլև ակնհայտորեն խեղաթյուրելով իրավիճակը՝ ներկայացրել է մի պատկեր, թե իբր ամեն ինչ օրինական գործընթացով է կատարվել, և անձինք թույլ չեն տվել քրեորեն պատժելի արարքներ: Մենք սա համարում ենք մերժելի մոտեցում, դրա համար գրել ենք բողոք՝ ակնկալելով, որ Գլխավոր դատախազությունը կվերացնի քննիչի այս որոշումը և կհարուցի քրեական գործ, և կհետևի, որ իրականացվի պատշաճ նախաքննություն»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
https://youtu.be/vIzUkAurMos