Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք
30 Սեպտեմբեր 2020 Այս հարցը ոչ միայն ռազմի դաշտում է լուծվում, այլ նաև քաղաքական ասպարեզում, տեղեկատվական դաշտում: Ցավոք, քաղաքական ասպարեզում գործընթացներն ինչ-որ տեղ համարժեք չեն ռազմի դաշտում տեղի ունեցածին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը՝ ներկայացնելով վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող խորհրդարանական դիվանագիտության շրջանում իրականացող աշխատանքները:Ըստ նրա՝ քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին, որոնք կատարվում են Արցախում:

«Ալիևը երեկ ռուսական հեռուստաալիքով ներկայացրեց ադրբեջանական տեսակետը և ասաց, որ հայկական կողմն է սկսել ռազմական գործողությունները, և այս սուտը կարծես թե մարսվում է, և մենք պետք է փորձենք, որ այս կեղծիքը, սուտը ցրենք և ցույց տանք, որ այսօր այստեղ հողի համար պայքար չէ, այստեղ հայ մարդը չի կռվում տարածքի համար, այլ կռվում է ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում իրացնելու համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում համաշխարհային հանրության մոտ ակնհայտ երևում են մեզ ուղղված աջակցությունները, քանի որ այս հակամարտությունը միայն հայերի և հակառակորդի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի, և միջազգային հանրության պասիվությունը թույլ կտա, որ այս բոցը տարածվի մյուս տարածաշրջաններում, և սրա ապացույցն այն է, որ տարբեր երկրներից կոչ են անում, որ երկու կողմերը ռազմական գործողությունները դադարեցնեն: «Միջազգային հանրությունը, հորդորներից բացի, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, սա չենք ասում նրա համար, որ մտահոգ ենք, թե պատերազմը երկար կտևի, այլ մտահոգ ենք, որ մարդ է զոհվում»:
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհին պետք է ցույց տալ, թե ովքեր են այստեղ ապրել նախկինում, և այս երկիրը բացարձակ կապ չունի Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի հետ: «Մենք պետք է մեր ուժերի ներածի չափով նպաստենք, որ հաղթանակը կերտվի և տարածաշրջանում կայուն հաղթանակ կերտվի»:
Խոսելով քաղաքական ճակատում հնչած վերջին հայտարարությունների մասին՝ ինչպես, օրինակ՝ ՄԻԵԴ-ից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, որը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ Բալայանը շեշտեց, որ բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան է այս տարածաշրջանում չարիք դարձել՝ պատերազմներ սկսելու առումով, և այս ամենի նպատակը ոչ միայն հայկական իրականության դեմ պայքարն է, այլ նաև ավելի խոր, մտածված նպատակ է հետապնդում, որի համար էլ աջակցում է Ադրբեջանին:
«Սա բացահայտ ցեղասպանական գաղափար է, մոտեցում է, և այս ամենի նկատմամբ համարժեք վերաբերմունք պետք է լինի ոչ միայն հայկական կողմից, այլ նաև միջազգային հանրության կողմից: ՄԻԵԴ-ի որոշման մասին կասեմ, որ մարդիկ տեսնում են այս ամենը ոչ միայն զինվորական ուժերի վրա է, այլ նաև խաղաղ բնակչության նկատմամբ: Դիվանագիտական այս ճանապարհը պետք է որոշակիորեն ակտիվացնել, Մակրոնի և միջազգային այլ հանրությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ մենք նույնպես պետք է մեր գործողություններն այդ ասպարեզում ակտիվացնենք»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող հաշվի չնստել միջազգային հանրության կարծիքի հետ:
https://youtu.be/GoeerptU_nQ