Լոս Անջելեսի հսկայական հայկական սփյուռքը մոբիլիզացվում է հանուն Ղարաբաղի
09 Հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրվելուն պես Լոս Անջելեսի հսկայական հայկական համայնքը մոբիլիզացվեց` սնունդ, բժշկական սարքավորումներ եւ այլ պարագաներ հայրենիք ուղարկելու համար, գրում է AFP-ն:«Այն պահին, երբ դա սկսվեց, մենք մտածեցինք, թե ի՞նչ ենք անելու, եւ անմիջապես գործի անցանք»,- ասաց Սոսե Կրիկորյանը` տեսակավորելով Ղարաբաղի համար նախատեսված օգնությունը:
Լոս Անջելեսի հայ համայնքի համար, որն աշխարհում ամենամեծներից մեկն է, մի քանի տասնամյակ տեւած հակամարտությունը շատ անձնական է:

«Մենք բոլորս շատ կապված ենք մեր հայրենիքի հետ: Հայաստանը մեզ համար սուրբ է»,- ասաց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը: Հովսեփյանի խոսքով` ԱՄՆ-ում հայերի թիվը 1.5-ից 2 միլիոն է, որից շուրջ մեկ միլիոնն ապրում է միայն Կալիֆորնիայում, մեծ մասը` Լոս Անջելեսում: «Յուրաքանչյուր հայ, ում հետ խոսում եք այս օրերին, ցանկանում է ինչ-որ բան անել` լինի դա գումարի նվիրատվություն, սնունդ, լրատվամիջոցներ կամ Կոնգրեսի անդամներին զանգահարելը»,- հավելեց Հովսեփյանը, ով ծնվել է ԱՄՆ-ում եւ ում նախնիները փախել են Հայոց ցեղասպանությունից:
Համայնքային համերաշխությունը Լոս Անջելեսում կարելի է տեսնել ամբողջ քաղաքում, հատկապես` Գլենդելի արվարձանում կամ «Փոքր Հայաստանում», որտեղ ապրում է հայերի մեծ մասը կամ, որտեղ շատ խանութներ հպարտորեն կախել են Հայաստանի դրոշը եւ օգնության հավաքման համար տուփեր են տեղադրել:
Հայկական արմատներով հայտնիները, ինչպիսիք են երգչուհի Շերը կամ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նույնպես փորձել են սոցիալական ցանցերում ուշադրություն հրավիրել մահաբեր հակամարտության վրա:
Մյուսները, ինչպես 21-ամյա Կրիկորյանը, օգնում են առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ հավաքելով: «Մենք արդեն ավելի քան 1000 տուփ դեղամիջոց ենք ուղարկել, եւ շուտով եւս մեկ թռիչք կլինի»,- հպարտորեն ասում է նրա հայր Ջո Կրիկորյանը, ով մի հասարակական կազմակերպություն է ղեկավարում, որը առաջին բուժօգնության լայնածավալ թրեյնինգներ է անցկացնում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Լիբանանում ծնված Կրիկորյանը նշեց, որ տասնյակ կամավորներ են եկել օգնելու իր արշավին, իսկ Լոս Անջելեսի շրջանի մյուս կազմակերպությունները հագուստ կամ սնունդ են հավաքում:
«Ես միայն Ամերիկայի քաղաքացիություն ունեմ, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, դա իմ արյունն է, իմ արմատները, իմ պապն ու տատը ցեղասպանությունից են փրկվել»,- ասաց 48-ամյա տղամարդը:
ANCA-ի խորհրդի անդամ Րաֆֆի Սարգսյանը, ով կամավորների մի փոքր խումբ է ղեկավարում, ովքեր մտադիր են առաջիկա օրերին մեկնել Ղարաբաղ, ասաց, որ ամենամեծ խնդիրը լոգիստիկ հարցերի լուծումն է, որպեսզի օգնությունը տեղ հասնի:
Նրա խոսքով` օգնության մեծ մասը կատաղի մարտերի պատճառով մնացել է Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում եւ իր նպատակն էր մատակարարման շղթա ստեղծել, որպեսզի բժշկական սարքավորումները եւ այլ նյութերը հասնեն Հայաստան եւ ի վերջո` առաջնագիծ: