Կարսի անկումը. պատճառներ և դասեր
31 Հոկտեմբեր 2020 Հոկտեմբերի 30-ին լրանում է Կարսի հանձնման 100-րդ տարելիցը, մի իրադարձություն, որը խորքային առումով մեզ համար ողբերգական նշանակություն ունեցավ` վերջ դնելով գերմարդկային ջանքերի գնով ստեղծված հայկական պետության գոյությանը:1920 թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։
Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Չխորանալով պատերազմի մանրամասնությունների մեջ` ասենք, որ վճռորոշ էին հատկապես Կարսում և Սուրմալուում ընթացող ռազմական գործողությունները: Սուրմալուի ճակատում հայկական զորքը Դրոյի հրամանատարությամբ հաղթական մարտեր էր մղում, մինչդեռ Կարսում դրությունն աղետալի էր. զորքը փաստացի չէր կատարում տրված հրամանները, ինչպես վկայում է Ս. Վրացյանը. «….Համաձայն տրված հրամանի, հոկտեմբերի 30-ի առավոտյան մեր զորքերը պիտի անցնեին հակահարձակման…. Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը և տեղից չշարժվեց: Հուսահատ և անզոր գնդ. Մազմանյանը ամենքի աչքի առաջ մաուզերի երկու գնդակից ինքնասպանություն գործեց….» : Սակայն անգամ պատվախնդիր սպայի ինքնասպանությունը հայոց զորքին չսթափեցրեց, և նույն օրը՝ հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, Կարսն ընկավ, ինչն էլ իր կնիքը դրեց հետագա իրադարձությունների վրա, որոնք Հայաստանի համար ընթացան գահավեժ արագությամբ. «Կարսի անկումը ամէն տեսակէտէ սարսափելի աղէտ եղաւ: Իսկապէս այդ օրէն սկսած՝ Հայաստանի անկախութեան օրերը հաշուած էին…. զինուորական ուժն այլեւս դադրած էր պաշտպան հանդիսանալ Հ. Հանրապետութեան: Միւս կողմէն Հայաստանը՝ զրկուած Կարսէն ու Կարսի նահանգէն նորէն կ’ամփոփուէր նեղ սահմաններու մէջ, որոնց վրայ պէտք է ապրէին տեղական բնակիչները, եւ նոր կոչուած զինուորները, մասամբ ալ հայ գաղութներէն» :

Կարսի անկումը շղթայական ռեակցիայի ազդեցություն ունեցավ, և մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կնքվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Իսկ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը իշխանությունը հանձնեց բոլշևիկներին՝ վայր դնելով իր լիազորությունները:
Վերջին հարյուրամյակում շատ է քննարկվել այն հարցը, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ Կարսում, ինչն էր պատճառը, որ հայկական բանակը, որը բավարար չափով հանդերձավորված ու զինված էր, առանց կռվի հանձնեց Կարսը, այն դեպքում, երբ թվում էր, թե Կարսում են հավաքվել բազմաթիվ հայրենասեր հայ երիտասարդներ, բայց «Այդ «հայրենասեր» հայ երիտասարդները, հայտնվելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ, թե «… մեր ընկեր բոլշևիկների դեմ մենք կռվել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», հետո ցուցադրաբար գցում էին զենքը և դիմում փախուստի, հորդորելով մյուս զինվորներին հետևել իրենց օրինակին» :
Հայկական բանակի վրա իր ազդեցությունն էր ունեցել հայ բոլշևիկների քայքայիչ քարոզչությունը, որի նպատակն էր ամեն կերպ հասնել Հայաստանի Հանրապետության պարտությանը: Այս մասին է վկայում նաև նրանց հղված «Հույժ գաղտնի» վերնագրված հեռագիրը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում: Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում…., ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝
Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի):
Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացումը:
Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է.
Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, դրանք են.
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:
գ) չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին` ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից:
Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործի:
Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:
Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան
Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20» :
Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, հայ բոլշևիկները պարտաճանաչ կերպով կատարեցին իրենց վրա դրված պարտականությունը և, օգտագործելով Կարսի նահանգի քաղաքական ու ռազմական ղեկավարության միմյանց հետ ունեցած մեղմ ասած վատ փոխհարաբերություններն ու հակասությունները, հասան իրենց նպատակին՝ ապահովելով Հայաստանի պարտությունը թուրք-հայկական պատերազմում:
Նահանգի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր տեղում չէր, կրտսեր սպայական կազմում էլ հիմնականում ռուսական կամ Կարմիր բանակում ծառայած զինվորներ էին, ուստի Կարսի հայկական զինուժը հեշտությամբ ընկավ թուրք-բոլշևիկյան թակարդը, և ամենևին պատահական չէր, որ Հայաստանի նկատմամբ իրենց դավադիր ծրագրերն իրականացնելու համար քեմալա-բոլշևիկյան ուժերի կողմից որպես թիրախ նախ և առաջ ընտրվեց հայոց բանակը. «Այն որպես առաջնային թիրախ ընտրելը պայմանավորված էր երկու հանգամանքով. պետությունը օտար ներխուժման առաջ պաշտպանվելու անընդունակ դարձնելու համար անհրաժեշտ էր նախ քայքայել և կազմալուծել բանակը, երկրորդ հանգամանքն այն էր, որ հայկական բանակի նախկին ռուսաստանյան սպայակազմի գերակշռող մասն իրեն առաջվա նման համարում էր Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի զորական: …. Հակապետական գործունեություն ծավալելու համար ամենևին երկրորդական չէր նաև այն հանգամանքը, որ հայկական բանակի կրտսեր զինվորականների շարքերում հանդիպում էին նախկինում Կարմիր բանակում ծառայած հայ զինվորներ, կրտսեր պետական ծառայողներ» :
Հայ բոլշևիկները չգիտեի՞ն արդյոք, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ Հայաստանի համար իրենց քայքայիչ գործունեությունը: Գիտեի՛ն և համերաշխ էին Մուստաֆա Քեմալի արտահայտած մտքի հետ՝ «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը» : Քեմալի այս միտքը լրացնելու է գալիս նաև ժամանակի հայտնի բոլշևիկ գործիչ Անաստաս Միկոյանը. «….միտքը «Մեծ, Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հանդիսանում է խիստ հետադիմական, վտանգավոր ու հանցավոր ցնորական մի գաղափար, որի դեմ պետք է պայքար ծավալի բոլշևիկյան կուսակցությունը….» :
Հայկական պետությունը վերացնելու, Հայաստանի տարածքներ նվաճելու իր ձգտումներում, ինչպես արդեն ասացինք, Թուրքիան մենակ չէր. նրա հետ էր ոչ միայն բոլշևիկյան Ռուսաստանը, այլև հայ բոլշևիկը, որն այնքան էր օտարացել իր ազգից ու թշնամանքով լցվել հարազատ պետության նկատմամբ, որ առանց վարանելու զոհաբերեց իր ազգի ու պետության շահերը` հանուն ինչ-որ անիրական «համաշխարհային հեղափոխության», և այլևս կասկած չկա, որ նրանք Հայաստանը զոհաբերում էին գիտակցաբար, ոչ թե միամտության կամ անտեղյակության պատճառով, ինչպես հաճախ որոշ շրջանակներում փորձում են բացատրել նրանց քայլերը: Ահա Հայաստանի բոլշևիկյան կուսակցության տրամաբանությունը. «….Եթէ, կ’ըսէին անոր ականաւոր գործիչները, համաշխարհային յեղափոխութեան գերագոյն նպատակներու համար հարկաւոր կը լինի զոհել մէկ միլիոն Հայեր.- պէտք է զոհել» :
Ահա այսպես հայ բոլշևիկը, հայ ազգի դարավոր թշնամի թուրքի և ռուս բոլշևիկի հետ ձեռք ձեռքի տված, ոչ միայն Միացյալ և Անկախ Հայաստանի, այլ նաև հայկական պետության գոյության դեմ էր պայքարում, և ամենևին պատահական չէր, որ Թիֆլիսի «Կոմունիստ» թերթը հոկտ. 24-ին գրում էր ցնծութեամբ ««….Թուրքերի յարձակումը Հայաստանի վրայ մեծ հրճուանք պատճառեց բոլշեւիկներին»՝: «Մնում է միայն ուրախանալ, որ Դաշնակցական Հայաստանը գտնւում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստուած եղջիւրներ չի տուել»» :
Իսկ Բաքվի նույնանուն թերթը ներբողներ էր ձոնում Մուստաֆա Քեմալին ու փառաբանում թուրքերին, որ գալիս էին «ազատելու» Հայաստանի աշխատավորությանը:
Մի փոքրիկ հատված այդ օրերին Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերից. «Երբ թիւրք հօրդաները ներս խուժեցին Կարս, փողոցում երևացին կասկածելի տիպի ռուսներ և Կովկասի թուրքեր… Պարզ էր, որ ազգերի ինքնորոշման այդ նախանձախնդիր արկածախնդիրները ուղեկցում էին Կարաբեքիրի բանակը՝ որպէս պրօպօգանդիստներ, բերելով իրանց հետ թոյնը, որ ճաշակել էր հայ զինվորը դեռ մայիսեան օրերում…» : Ներխուժելով Կարս` թուրքերը, ինչպես բնորոշ է իրենց, իսկական կոտորած կազմակերպեցին: Այդ օրերին գերված Ա. Բաբալյանի վկայությունն է մեզ փոխանցում Ս. Վրացյանը. «….Հայերը ենթարկվում էին կոտորածի, գեղեցիկ կանայք տարվում էին հարճության, տղամարդիկ քշվում էին Թուրքիայի ներսը: ….Մեր գերության հինգերորդ օրը, մեզ այցելեցին չորս հայեր՝ ուղեկցությամբ մի քանի տաճիկ սպաների, զարդարված կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք. պտտում էին հանրակացարանները և իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Հեղկոմների անդամներ էին….» :
Արդարությունը պահանջում է ասել, սակայն, որ Կարսի անկման մեջ միայն բոլշևիկները չէին մեղավոր, իր տեղում չէր նաև ռազմաճակատի հրամանատարությունը, որը անհեռատեսություն դրսևորեց և շուրջ 2500 արևմտահայ զինվորներին, որոնք չէին ընդունում ո՛չ թուրքերին, ո՛չ էլ բոլշևիկներին, Կարս քաղաքում կենտրոնացնելու փոխարեն, բաշխեց ռազմաճակատով մեկ, մինչդեռ նրանք կարող էին Կարս քաղաքում լուրջ դիմադրող ուժ լինել թուրքերի դեմ, բացի այդ` վճռական պահին դեպի Կարս արշավող Կարաբեքիրի զորքին թիկունքից հարված չհասցրեց գնդապետ Հասան Փաշայանի զորամասը, կրավորական կեցվածք էր ընդունել Կարսի բերդի շտաբի պետ Վահան Տեր-Առաքելյանը, և այս համապատկերում իր բարձունքում չէր նաև ժամանակի ամենահեղինակավոր զինվորականներից մեկը՝ գեներալ Դանիել Բեկ-Փիրումյանը:
Այս իրադարձությունները միանգամայն տեղավորվում են Կարսի նվաճման քեմալա-բոլշևիկյան ծրագրի՝ հայ բոլշևիկների «առաքելության» տրամաբանության մեջ:
Հոկտեմբերի 30-ի Կարսի ամոթալի հանձնումը, ըստ էության, վճռեց Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը: Կարճ ժամանակ անց թուրքերի ձեռքն անցավ նաև Ալեքսանդրապոլը, տեղի բոլշևիկները շտապեցին իրենց ոգևորությունը հայտնել և ողջույնի խոսք հղել թուրքերին. «Ալեքսանդրապոլի պրոլետարիատը և չքավոր գյուղացիությունը՝ ազատված հայկական դարավոր լծից, հղում է եղբայրական և սրտալի ողջույնը Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը…
Կեցցե Թուրքիայի կոմ. կուսը
Կեցցե Կարմիր հեղափոխական Արևելյան բանակը
Կեցցե կոմունիզմը
Կեցցե Սովետական Հայաստանը
Ար. Տեր-Մարտիրոսյան, Մկ. Խաչիկյան
Նոյեմբեր 1920» :
Կարսի թեման հաճախ օգտագործվել է քաղաքական նպատակների, ավելի հստակ` Առաջին հանրապետության ղեկավարներին կամ ՀՅԴ-ին թիրախավորելու համար, մինչդեռ Կարսի հանձնումը, որը, ինչպես տեսանք, Հայաստանի Հանրապետության թիկունքում լավ կազմակերպված դավադրություն էր, որում ներգրավված էին թե՛ հայ բոլշևիկները և թե՛ հայկական բանակի որոշ ռուսասեր սպաներ, ողջ հայ ժողովրդի պարտությունն էր:
«Կարսի ամոթը ՀՀ կառավարությանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդի: ….Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը, հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ» ,- իրավացիորեն նշում է Գ. Նժդեհը:
Կարսի հանձնումը չափազանց ծանր նստեց Հայաստանի վրա. նախ՝ երկիրը կորցրեց իր անկախությունը, ապա` 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկվեց մի շարք տարածքներից, նույն թվականի հուլիսի 5-ին Արցախը ապօրինաբար կցվեց Ադրբեջանին, Կարսի պայմանագրով Նախիջևանն արդեն տրվել էր այդ երկրին, Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխավորությամբ մղված երկարատև ու հերոսական պայքարի շնորհիվ:
Կարսի դասերը
Թուրք-բոլշևիկյան բարեկամությունը, ինչպես տեսանք ու ինչպես բազմիցս համոզվել ենք, ձևակերպվեց մեր հաշվին. Հայաստանը նվաճվեց ու բաժան-բաժան արվեց թուրք-բոլշևիկյան միացյալ ուժերի կողմից: Հարյուր տարի է անցել արդեն, բայց Կարսի անկման կամ հանձնման թեման մեկ դար անց էլ կարևոր է, հատկապես դասեր քաղելու առումով` նախկին սխալները չկրկնելու համար, քանի որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Այսօր Հայաստանի մերօրյա հանրապետության համար 1990-ականներին ազատագրված Արցախը ունի նույն կարևորությունը, ինչ Առաջին հանրապետության համար Կարսը, և, ցավոք սրտի, այսօր էլ կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք շարունակական քարոզչություն են տանում այն ուղղությամբ, որ «այս թուրքը նախկին թուրքը չէ», «թուրքը բարեկամ է»` այս կոչերը համեմելով չափազանց գայթակղիչ խաղաղության խոստումով՝ միաժամանակ ծաղրելով Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն ու վտանգավոր համարելով ազգ-բանակ հայեցակարգը: Ահա թե ինչու Կարսի ողբերգության մասին պետք է խոսել ու հիշեցնել, որպեսզի հայ զինվորն ու հայ ժողովուրդը հերթական անգամ ծուղակը չընկնեն, «բարեկամության» և «խաղաղության» քարոզների տեղատարափի պայմաններում կամ որևէ արտաքին ուժի հետ հույս կապելիս հիշեն Արամի պատգամը. «Մէնակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին…»:
Անի Մելքոնյան
«Դրօշակ», թիվ 10 (1644), հոկտեմբեր, 2020 թ.