Նիկոլը պետք է հեռանա, որովհետև նրա անլուրջ ղեկավարումով մենք չենք կարող երկրում վիճակ փոխել
18 Նոյեմբեր 2020
Նիկոլը պետք է հեռանա, որովհետև նրա անլուրջ ղեկավարումով մենք չենք կարող մեր երկրում վիճակ փոխել, մեր երկիրը մեջքը չի կարող ուղղել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պատերազմի մեկնարկից 4 օր անց՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությանը տեղեկացրել է, որ վիճակը լուրջ է, եղած նյութական, մարդկային ռեսուրսները սահմանափակ են: ՀՀ վարչապետը հոկտեմբերի 8-ին հրապարակում է տեսանյութ, որտեղ իր գրասենյակում նստած, հեռախոսով զանգում է առաջնակետեր և հերթապահ սպաների և զինվորների հետ կատակում է: Ռազմական գաղտնիքներ է հարցնում, սպաներն ու զինվորները չեն պատասխանում, նա էլ երեխայի պես ուրախանում է՝ վայ ինչ լավ է, ռազմական գաղտնիք չեք բացահայտում: Սա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրջությունը այդ լրջագույն պահին: Այսպիսի անլուրջ պահեր հետևեցին բոլոր օրերին»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Դիմելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին, նա կոչ արեց չտրվել իշխանությունների սադրանքներին:
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն «սքոչով» կապի վարչապետական աթոռից, որքան էլ նա այդ աթոռի համար դիմի սադրանքների, մենք պետք է զգոն լինենք: Մենք սադրանքի ենթարկվողը չենք, մեր պահանջը ամուր է, ուժեղ է, մենք հասնելու ենք մեր պահանջի իրականացմանը, քանի որ մեր պահանջը՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, աթոռի համար չէ: Մեր պահանջը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
https://youtu.be/FkylEVlZWp4