Այս մարդու մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար
16 Դեկտեմբեր 2020
«Անցնող 34 օրերի ընթացքում մեր հանրահավաքների ժամանակ փորձել ենք մեր անհետ կորածներին և զոհերին քիչ անդրադառնալ, որպեսզի ոմանք սա չմեկնաբանեն՝ իբրև քաղաքական շահարկում»,- այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթից հետո Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս թեմաներին նվազ ենք անդրադարձել, որպեսզի տպավորություն չլինի, որ այդ նյութը օգտագործում ենք մեր հավաքը մեծացնելու և ժողովրդի զգացմունքի հետ խաղալու համար, սակայն անցնող 34 օրերի ընթացքում իշխանությունն իր խամաճիկներով անընդհատ փորձում է երկրում մթնոլորտ ստեղծել, որ մենք ունենք զոհեր, գերիներ, բայց ընդդիմադիրները ցույց են անում»,- ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իրենք, որպես ընդդիմություն, որևէ իրավասություն և հնարավորություն չունեն զբաղվելու գերիների և անհետ կորածների հարցերով, և դրանով պետք է զբաղվեն իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ.
«Դրանով պետք է զբաղվեն ՀՀ կառավարությունը, վարչապետը և Արտաքին գործերի նախարարությունը, բայց քանի որ իրենք անմեղսունակ են, անկարող են, 34 օրերի ընթացքում այդ հարցը չեն կարողացել լուծել և անընդհատ սլաքներն ուղղել են այլ ուղղությամբ: Մեր պայքարը նաև միտված է եղել հենց այդ հարցի լուծմանը, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, եթե Նիկոլին հեռացնեինք 6 ամիս առաջ՝ պատերազմ չէ՛ր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին՝ պատերազմն ավարտվելու էր մեր հաղթանակով, եթե Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագրի օրը, մենք այս 34 օրերի ընթացքում չէինք ունենա այս կորուստները… Այս մարդու մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, Նիկոլը պետք է հեռանա, և վե՛րջ»:
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ եթե իրենց ասում են՝ երկրում սուգ է, ապա իրենք սգում են մեր բոլոր հերոս նահատակների համար, և այս պայքարը իրենց հիշատակի համար է։
Մեր որդիները, մեր եղբայրները, մեր քաջերը զոհվել են հանուն մեր երկրի, մենք իրենց գործը կիսատ պետք է չթողնենք։ Ես իմ դաշնակցական ընկերների շիրիմներին այցելելիս՝ ամեն անգամ մեկ բան եմ խոստացել, որ իրենց գործը շարունակելու ենք։ Եկեք մենք բոլորս այստեղ իրար հետ մեր նահատակ բոլոր հերոսների առջև խոստանանք, որ իրենց գործը շարունակելու ենք»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Բոլոր նրանց համար, ովքեր շահարկում են ցուցարարների թիվը, Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ցուցարարներին՝ բարձրացրե՛ք բռունցքները, թո՛ղ հաշվեն, տեսնեն՝ քանի բռունցք կա հրապարակում։
Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը գործադուլի և դասադուլի կոչ հնչեցրեց. «Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ից բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այդ խրտվիլակը րոպե առաջ հեռանա»:
Մինչև երեքշաբթի երթերն ու ակցիաները շարունակվելու են։ Վաղվա երթը Հալաբյան փողոցից՝ Թումոյի այգու մոտից, կձգվի դեպի Կենտրոն։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։30-ին, Գարեգին Նժդեհ հրապարակից հիշատակի երթ դեպի Եռաբլուր,
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին հավաք Ազատության հրապարակում,
Դեկտեմբերի 22-ին՝ համապետական գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 12։00-ին համազգային հանրահավաք Հանրապետության հրապարակում։
Մանրամասները՝ տեսանյութում