Բողոքի անհնազանդության գործողություններ Երեւանում
25 Դեկտեմբեր 2020
Այսօր, դեկտեմբերի 25-ին, 18։00-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսվեցին Երեւանում։
Քաղաքացիները փակեցին Երեւան քաղաքի մի շարք փողոցներ, մասնավորապես, Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյան պողոտան եւ Պուշկին-Մաշտոց խաչմերուկը։
Ոստիկանները քաշքշեցին Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ՀՅԴ անդամներին։
«Նիկոլ Փաշինյանը, պատերազմն սկսվելու առաջին օրվանից մինչև այսօր ներքաղաքական խնդիրներն ավելի շատ կարևորեց, քան Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը անհայրենիք է»,-հայտարարեց ցուցարարներից՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։
Ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին ողջամիտ ժամկետ տվեցին ճանապարհը բացելու համար, հայտարարելով, որ դա կամավոր չանելու դեպքում, իրենք օրենքով սահմանված միջոցներով դա կանեն։
Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին արձագանքում էին ավտոմքենաների վարորդները:
Առանձին հատվածներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։
Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում են։ Այնտեղ խարույկ են վառել և կոչ են անում անցորդներին միանալ, տաքանալ։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ոստիկանության՝ լրատվամիջոցներին փոխանցված պաշտոնական տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 28 քաղաքացի:
Հայրենիքի փրկության շարժման տեղեկատվական կենտրոնի կողմից տվյալների համադրմամբ պարզվել է, որ բերման է ենթարկվել ոչ թե 28, այլ 34 քաղաքացի:
https://youtu.be/Lof0FNiW9O8