Երկիրը բախվելու է համընդհանուր գործազրկության խնդրին
22 Հունվար 2021
Կառավարությունը դեռևս չի վճարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 23-րդ միջոցառման շրջանակում տնտեսվարողներին տրամադրվող նոյեմբեր ամսվա աջակցությունը։ Այս մասին ահազանգում է Tert.am–ի խմբագրություն դիմած տնտեսվարողը, որը չցանկացավ ներկայանալ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում (այդ թվում՝ հանրային սննդի ոլորտ) ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
«Արդեն փետրվարն է, սակայն չեն վճարել դեռևս նոյեմբեր ամսվա աջակցությունը, փոխարենը` ծանուցումներ են ուղարկել, որ սկսած մարտի 20-ից` հարկադիր գանձման է ենթակա նաև մինչև 1.5 մլն դրամի հարկային պարտքերը։ Պետությունը մեզ չի տրամադրում աջակցություն, որ մենք էլ վճարենք եկամտահարկերը, ուշացման հետևանքով մեզ վրա ավելանում են տուգանքներ»,–ասաց տնտեսվարողը։
Վերջինս նշում է՝ պետությունը հավաստիացնում է, որ աջակցելու է իրենց, իրենք էլ պահպանում են աշխատատեղերը, սակայն վճարումներն ուշանում են, արդյունքում՝ հայտնվում են անելանելի իրավիճակում։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով՝ Tert.am-ը հարցում կատարեց Պետական եկամուտների կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին, որ 2021 թ․ հունվարին ենթակա է վճարման 2020 թ․ նոյեմբեր ամսվա աջակցության գումարը։
«ՀՀ օրենսդրության համաձայն՝ 2020 թ․ նոյեմբեր ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-նն է և այդ հաշվարկների դիտարկման արդյունքում որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ 2021 թ․ հունվարի 8-ի շահառու տնտեսվարող սուբյեկտներին արդեն իսկ ուղարկվել են ծանուցումներ և շահառուների կողմից ներկայացված դիմումների հիման վրա վճարումները կկատարվեն միջոցառման ֆինանսավորմանը վերաբերելի որոշակի ընթացակարգային խնդիրների կարգավորումից անմիջապես հետո։
Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի՝ պարզ չէ՝ ինչ ընթացակարգային խնդիրների մասին են նշում ՊԵԿ-ից, քանի որ մինչև այս կար ընթացակարգ, որով աշխատում էին․
«Սա անորոշ ձևակերպում է։ Ինչպես է ստացվում, որ նախորդ ամիսներին չկային խնդիրներ, հիմա կան։ Կարծում եմ՝ պարզապես միջոցներ չկան այս ծրագրով աջակցություն տալու համար։ Ու միջոցներ չլինելն են ներկայացնում որպես ընթացակարգային խնդիրներ։ Եթե Կառավարությունն այսօր այդ գումարները չի վճարում, ապա հետո սրա կրկնապատիկը վճարելու է որպես սոցիալական նպաստ»։
Տնտեսագետը կարծում է, որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամ է սկսվել, մատնանշում է փաստը, որ 2020 թ․ ՀՀ-ն ամփոփել է երկնիշ տնտեսական անկմամբ։
«Տնտեսական ճգնաժամից բացի՝ երկրում կա նաև սոցիալական ճգնաժամ։ Խրվում ենք ավելի խորը ճգնաժամի մեջ։ Պետությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք չի կարող իրականացնել, ֆինանսական միջոցներ չկան»։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 23-րդ միջոցառմանը, ապա, ըստ տնտեսագետի, ի սկզբանե սխալ է կազմված ծրագիրը՝ թե՛ ժամկետների, թե՛ ընթացակարգերի մասով։
«Պետությունը 2 ամիս ժամանակահատված է սահմանել փոխհատուցում կատարելու համար։ Տնտեսվարողը պետք է ամեն ամսվա մինչև 15-ը կատարի իր յուրաքանչյուր աշխատողի համար սահմանված վճարումները, իսկ պետությունը աջակցությունն անում է 2 ամիս հետո։ Եթե տնտեսվարողը սպասում է մինչև ստանա պետական աջակցություն, տուգանվում է, քանի որ ուշացնում է վճարումներ, իսկ տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետական աջակցությունն անհամարժեք է․ տրվող աջակցությունն ընդամենը 25-30 տոկոս է, որից 23 տոկոսը տնտեսվարողը վճարվում է որպես եկամտահարկ, ստացվում, որ կատարվում է միայն եկամտահարկի հետ վերադարձ։ Ստացվում է՝ համավարակի պայմաններում ընկերությունները չեն ստանում եկամուտ, քանի որ չեն աշխատում»,–նշում է տնտեսագետը։
Վերջինս նաև հավելում է, որ այսպես շարունակելու դեպքում տնտեսավորողները հրաժարվելու են ամեն ինչից, ազատելու են իրենց աշխատակիցներին, արդյունքում՝ երկիրը բախվելու է համընդհանուր գործազրկության խնդրին։
Հեղինակ Քրիստինա Բոյաջյան