Փաշինյանի մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար․ Իշխան Սաղաթելյան
23 Հունվար 2021
«Մեզանից որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Ըստ էության, արտահերթ ընտրությունը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այժմ Նիկոլ Փաշինյանը վերցրել ու իրենց պահանջը փոխում է հենց իրենց դեմ, ասում, որ ընդդիմադիր կուսկացությունները համաձայն չեն, որ երկրում արտահերթ ընտրություն լինի։
«Բայց դա մեր պահանջն է եղել։ Մենք արտահերթ ընտրության հետ կապված կարևոր սկզբունք ենք դրել՝ դու չպետք է վարչապետ լինես։
Ինչո՞ւ չպետք է Նիկոլը լինի վարչապետ ընտրությունների ժամանակ։ Պարզ պատճառով. եթե, օրինակ, 5 ամիս հետո են այդ ընտրությունները լինում ու ինքը շարունակում է կառչել այդ աթոռից, նա այս 5 ամսում որևէ բանով չի զբաղվելու բացի ընտրություններին նախապատրաստվելուց։ Այսինքն երկիրը քանդվելու է, թշնամին առաջ է գալու, մեր երկրի խնդիրները շարունակելու են օրեցօր ավելանալ։ Իր մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար։ Ինքը կառչելու է իր աթոռից, ամբողջ ռեսուրսը դնելու է ընտրություններին պատրաստվելու համար։
Ինչի՞ է կեղծելու ընտրությունները։ Պարզ պատճառով։ Եթե ինքը չվերընտրվի, ինքը դատվելու է»,-ասել է նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, վիրավորանք է ժողովրդին, որ ասում են՝ Նիկոլը մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ունի. «Պոպուլիստները կարող են մեկ անգամ խաբել ժողովրդին։ Երկրորդ անգամ չեն կարող։
Աշխարհում չկա նման օրինակ: Նա կեղծելու է ընտրությունները: ՀԻմա խիստ ունի դրա անհրաժեշտությունը և եթե ինքը Ջհանգիրյանին բերում է ԲԴԽ, ու դրանից հետո խոսում արդար ընտրության մասին, սա արդեն ծիծաղելի է, որովհետև այս երկրի թիվ մեկ ընտրակեղծածարարն այդ մարդն է եղել»։