Թուրքական ապրանքների փոխարինման այլընտրանքային հնարավորությունները
02 Փետրվար 2021
ՀՀ կառավարության` 2020 թ. հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» №1708-Ն որոշմամբ արգելվում է Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծումը: Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքով պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2020 թ. դեկտեմբերի 31-ը։
2019 թ.պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգմամբ թուրքական ծագման 2908 ապրանքատեսակ, որից 2285-ը վերջնական սպառման ապրանքներ են՝ նարինջ, հագուստ, յուղեր և այլն, իսկ 623-ը՝ միջանկյալ սպառման ապրանքներ (վերամշակման ենթակա)՝ կտոր, շինանյութ և այլն։
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայկական աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ կանխարգելվում է վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Ընդհանուր առմամբ Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունի համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված, որպեսզի տնտեսվարողները կարողանան գտնել այլընտրանքային շուկաներից որակապես նույնատիպ ապրանքներ։
Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ ներմուծվող թուրքական ծագման 209.0 մլն ԱՄՆ դոլարի պատրաստի արտադրանքի մոտ 30%-ը կազմում են առավելագույն մաքսային արժեք ունեցող թվով 20 ապրանքատեսակներ, ուստի դիտարկվել են տվյալ ապրանքների`այլընտրանքային շուկաներից ներմուծման հնարավորությունները, ինչպես նաև որոշ ապրանքների տեղական արտադրություն հիմնելու նպատակահարմարության հարցը: Այդ 20 ապրանքների ցանկում տեղ են գտել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ:
Գյուղատնտեսական ապրանքատեսակներն են նարինջը, մանդարինը, կիտրոնը, նուռը, տանձը, խաղողը և լոլիկը:
Ելնելով բնակլիմայական պայմաններից՝ Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել ցիտրուսային մրգերի արտադրություն, ուստի անհրաժեշտ է դիտարկել նշված ապրանքների ներմուծումը այլընտրանքային շուկաներից, մասնավորապես`
նարնջի և մանդարինի համար` Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ), Վրաստանը, Եգիպտոսը, Հարավային Աֆրիկան, Պակիստանը, Միացյալ Նահանգները, Բրազիլիան, ՌԴ-ն, կիտրոնի համար` Վրաստանը, Եգիպտոսը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Հարավային Աֆրիկան, Արգենտինան, ՌԴ-ն:
Վերոնշյալ ցանկում ներառված են նաև նուռը, տանձը, խաղողը և լոլիկը, որոնց այլընտրանքային շուկաներն են`
նռան համար` ԻԻՀ-ն, Վրաստանը, Պերուն, Կոլումբիան, ՌԴ-ն, տանձի համար` ԻԻՀ-ն, Հարավային Աֆրիկան, Բելգիան, Նիդերլանդները, Չինաստանը, ՌԴ-ն, խաղողի համար` ԻԻՀ-ն, լոլիկի համար` ԻԻՀ-ն:
Նշված ապրանքատեսակների ներմուծումը սեզոնային բնույթ ունի, և այս ուղղությամբ անհրաժեշտ է մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում ջերմոցային և սառնարանային տնտեսությունների զարգացմանը:
Վերոնշյալ ցանկում տեսակարար մեծ կշիռ ունի նաև Հայաստան թուրքական ծագման տեքստիլե արտադրանքի ներմուծումը: Նշված ապրանքների փոխարինելիությունը կարելի է ապահովել հետևյալ հիմնական այլընտրանքային շուկաներից` Չինաստան, ԱՄԷ, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, ԻԻՀ, Վիետնամ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Հնդկաստան, ՌԴ, Պերու, Թունիս: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում տեքստիլ արտադրության ոլորտում առկա է արտադրական մեծ ներուժ, կարելի է դիտարկել նաև տեղական արտադրության ընդլայնման հնարավորությունները, միաժամանակ աշխատանքներ տանել հայտնի բրենդների հետ նրանց արտադրությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև համապատասխան որակական հատկանիշներով հումքի ներկրման այլընտրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ առևտրական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը:
Լվացող և մաքրող միջոցների այլընտրանքային շուկաներն են ՌԴ-ն, ԻԻՀ-ն, ԵՄ երկրները, Սերբիան, Ուկրաինան: Հարկ է նշել, որ այս ապրանքատեսակները հիմնականում ներկրվում են այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի առևտրային արտոնյալ ռեժիմի կիրառման հնարավորություն:
Էլեկտրական սարքավորումների և մարդատար ավտոմեքենաների այլընտրանքային հիմնական շուկաներն են ՌԴ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Կորեան, Թայլանդը, ԻԻՀ-ն, Մեքսիկան: Վերոնշյալ ապրանքատեսակների առումով անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր շուկաների բացահայտման և առևտրական կապերի ձևավորման ուղղությամբ:
Խողովակների և փողակների ներմուծման այլընտրանքային շուկաներն են Չինաստանը, ԻԻՀ-ն, ՌԴ-ն, Թուրքմենստանը, ԵՄ երկրները, Միացյալ Նահանգներըև Շվեյցարիան: Վերոնշյալ ապրանքատեսակների առումով հնարավոր է դիտարկել նաև օտարերկրյա ներդրումների միջոցով Հայաստանում արտադրություն հիմնելու նպատակահարմարության հարցը:
Մոնտաժային պոլիուրեթանային փրփուր արտադրատեսակը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և Չինաստանից: Նշված ապրանքատեսակի առումով նպատակահարմար է դիտարկել նաև այլընտրանքային շուկաներում նոր գործընկերների որոնման հնարավորությունը, որոնց արտադրանքը որակական հատկանիշներով կլինի համադրելի:
Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական անվտանգությունից է բխում զարգացնել հյուսիս-հարավ առևտրատնտեսական հարաբերությունները։ Եվ այս համատեքստում կարևոր ձեռքբերում պետք է համարել Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը։
Ցավոք, այս համաձայնագրի հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ տեսանելի ջանքեր չեն գործադրվում ո՛չ պետական և ո՛չ էլ մասնավոր հատվածների կողմից։
Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու