44 օր ստող, կեղծող, ճակատային գիծը քողարկող իշխանությունների գործողությունները քննադատողները հայտնվել են իշխանության թիրախում
21 Փետրվար 2021
Դատարանի առջև եմ գտնվում, որպեսզի ես և իմ դաշնակցական ընկերներն արտահայտվենք ընդդեմ խոսքի ազատության սահմանափակման, ընդդեմ հանրության և երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը դատարանի բակում էր՝ ի աջակցությունը ԱԱԾ-ի կողմից «ֆեյքի գործով» ձերբակալված Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին։
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Մինասյանի խոսքով՝ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, դավաճանությունն այլ մարդկաց վրա բարդելու, դավաճանությամբ հայրենիքը հանձնելու ընթացքում նոր հանցագործներ ձևավորելու այլանդակ միտում է:
«Այս ամենը, մեր պետության, մեր պետականության առաջ սպառնալիք է: Հայրենադավն իր խունտայի հետ փորձում է սահմանափակել և հատկապես վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունեության ամբողջ ընթացքում նպաստել են հայոց պետականության ամրացմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր խոսում և բարձրաձայնում են պարզ, հստակ դավաճանության կոնկրետ փաստերը և քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարության ապիկար լինելը, բոլոր այդ մարդիկ սկսում են վտանգ ներկայացնել իշխանության համար:
«Ոչ միայն Բեքարյանը կամ Սաղաթելյանը, այլև այն անձիք, ովքեր որ կարողանում են հոդաբաշխ լեզվով ներկայացնել իրականությունը։ Երբ 44 օր իշխանությունը ստում էր, կեղծում էր, և քողարկում էր ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր մեղադրում են այս իշխանությանն այդ գործողությունների համար, նրանք բոլորն այսօր հայտնվել են թիրախում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքը ներկայացվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման հիման վրա, ինչն իրավական տեսանկյունից ծիծաղելի է:
«Սա նույնիսկ տրամաբանությունից դուրս է, այն դեպքում, որ թե՛ ՍԴ-ն է կասեցրել, թե՛ վարչական դատարանն էլ էր քննում հավաքների ազատության սահմանափակումը և անդրադարձ է կատարվել այս նորմին»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/_OZpZttOTS0