Բողոքի ակցիա կառավարության երրորդ մասնաշենքի մոտ
23 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման կոչով՝ այսօր, փետրվարի 23-ին քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը շենք: Իշխանություններն առավոտից փակել էին ողջ տարածքը, ներգրավել մի քանի հազար ոստիկանի՝ դրանով փորձելով ապահովել Փաշինյանի անխափան մուտքը կառավարական 3-րդ շենք:
Հայտարարված ակցիան պետք է սկսվեր 11.30-ին, սակայն դրանից 30 րոպե առաջ արդեն իսկ ոստիկանական զորքերը պատ են կազմել։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով, Կառավարության մասնաշենքի մոտ ոստիկանների նման քանակն աննախադեպ է։
«Շատ ողբերգական վիճակ է. հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատանքի գնացող Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այսօր՝ 2.5 տարի հետո, 1000-ավոր ոստիկաններ հսկում են նույն մարդուն։ Եվ հիմա հարց է առաջանում՝ իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահութունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է, որ կենտրոնացրել եք Երևանում 200 մետր քայլելու համար։ Այսպես շարունակվելու է ամեն օր։ Ամեն օր իրենք առերեսվելու են իրականությանը, որպեսզի հասկանան, թե ինչ ավեր են գործել մեր երկրում։ Ամեն անկյունում 100-ավոր քաղաքացիներ հավաքված են ու չեն կարողանում գնալ աշխատանքի»,- նկատեց ՀՅԴ-ական գործիչը։
Նա նշեց, որ Մելիք-Ադամյան փողոցի վրա տեղակայված գրասենյակների աշխատակիցները չեն կարողանում տեղաշարժվել. նրանց աշխատելու, ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է ոստիկանների կողմից։
Ըստ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի՝ երբ Նիկոլ Փաշինյանն էր գրավում կառավարական շենքեր, նախկինները այնքան բարոյականություն ունեին, որ ոչ միայն չկրակեցին, այլև որևէ բռնություն չգործադրեցին նրանց նկատմամբ. «Հիմա կառավարական մեկ շենքից կառավարական մյուս շենք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող այդ արարածը ամբողջ ներքին զորքերի համակարգը, ոստիկաններին հանել է փողոց: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է, մեր ժողովուրդը հասկանո՞ւմ է, թե ինչ է հիմա կատարվում փողոցում»:
Եսայանը նշեց, որ նրանք, ովքեր չեն բողոքում, չեն պահանջում Փաշինյանի հրաժարականը, ստացվում է՝ ոչ պակաս հողատու են: Վերջինս զարմանք հայտնեց, որ դեռ արժանապատիվ մարդիկ դուրս չեն գալիս փողոց: «Իսկ ոստիկաններին խղճում եմ, որովհետև անբարոյականի հրամանները կատարող են դարձել»։
«Թուրք», «դավաճան». վանկարկումների ներքո Նիկոլ Փաշինյանը մտավ կառավարական 3-րդ մասնաշենք։ Ոստիկանները հրմշտելով քաղաքացիներին, լցրեցին ոստիկանական ԳԱԶԵԼ-ներն ու բերման ենթարկեցին։ Նրանց թվում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը: Ոստիկանները աչքի ընկան ակնհայտ ագրեսիվությամբ։
Ոստիկանները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։
Ոստիկանները հետապնդել են նրան, փորձել կրկին բերման ենթարկել, սակայն նրանց չի հաջողվել։
Նախնական տվյալներով, հայտնի է, որ Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։
Ժամեր անց, Փաշինյանը դուրս եկավ կառավարության երրորդ մասնաշենքից։ Նրան կրկին ուղեկցում էին մեծաքանակ անվտանգության աշխատակիցներ։Իսկ քաղաքացիները վանկարկում էին «դավաճան, հեռացիր», «հողատու»։
https://youtu.be/ae23ifEvewE