«Ուսանո՛ղ, միացիր». Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների անհնազանդության ակցիան
24 Փետրվար 2021
Այսօր, փետրվարի 24-ին երիտասարդները Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիա են իրականացրել։ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր»՝ վանկարկումներով մտել են ԵՊՀ։ Երիտասարդները ուսանողներին և դասախոսներին կոչ են արել միանալ «Առանց Նիկոլ Հայաստան» պայքարին:
Ցուցարարները շրջել են նախ՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա մտել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
«Ուզում ենք շնորհակալություն հայտնել ԵՊՀ-ին և այն բոլոր բուհերին, որոնք միացել են Հայրենիքի փրկության շարժմանը՝ հեռացնելու դավաճանին»,-հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։
Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները՝ յուրաքանչյուրն իր ձևով կպայքարի, պետք չէ բոլորից պահանջել, որ փողոցներ փակեն կամ անհնազանդություն անեն․ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Ի՞նչ կապ ունի մեր բոլորի արած գործը, երբ Հայաստանում դավաճանական իշխանություններ են և իմ ֆիզիկական գոյությունն այստեղ վտանգված է․ հարցրեց ՀՅԴ երիտասարդական միության ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։
«Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ի՞նչ է նշանակում՝ ես իմ գործն եմ անում․ Ցեղասպանության ժամանակ էլ էի՞ն ձեզ նման ասում՝ մենք մեր գործն ենք անում, ոչինչ, որ կողքին կոտորվում են»,-ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին հարցրեց Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ հիմա մեր բոլորի գործը պետության պաշտպանությունն է։
«Ես եկել եմ իմ տարեկիցներին ասելու, որ հիմա ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրան։ Ու ոչ մեկը թող չմտածի, որ այստեղ հավաքվածները գործ չունեն կամ պարապ են»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Գեղամ Գևորգյանը վերահաստատեց իր՝ նախօրոք հնչեցրած դիրքորոշումը․ «Ես ևս գտնում եմ, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Լսարաններում շրջելուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան ԵՊՀ կենտրանական մասնաշենքից եւ երթով շարժվեցին դեպի ՀՊՏՀ-ն։
Նրանք փորձեցին ներս մտնել դարպասներից, բայց ոստիկանները թույլ չտվեցին և կարմիրբերետավորների մեծ խմբով սկսեցին հետ հրել ցուցարարներին։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկեցին ցուցարարները։ Հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։
«Բուհի ղեկավարությունը իրավունք չունի դարպասները փակելու մեր առջև, ստացվում է, որ բուհում գտնվողներին ղեկավարությունը գերի է վերցրել, իսկ դրսում գտնվողներին թույլ չի տալիս մտնել»,-ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։
Ցուցարարները մեկ այլ մուտքով մտան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից ներս։
Ցուցարարները մտան ռեկտորի ընդունարան և հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ՀՀ-ում իշխանություն չունի և Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է, որ բոլոր գիտակից և արժանապատիվ քաղաքացիները միանան շարժմանը։
Ակցիայի մասնակիցները մտան լսարաններ և հայտարարեցին, որ պետք է դուրս գալ պայքարի։
Ակցիայի ավարտին երիտասարդները արձանագրեցին, որ երկու համալսարան են մտել և համոզվել, որ իրենց աջակցում են թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները: