ՀՅԴ-ի բողոքի ակցիան` Գլխավոր դատախազության շենքի դիմաց
29 Ապրիլ 2021
Հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ՀՅԴ ներկայացուցիչների դեմ վերջին ժամանակաշրջանում Երևանում ու մարզերում իրականացվող քաղաքական հետապնդումները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր երեկվա հայտարարությամբ դիմել էր իրավապահ մարմիններին և պահանջել մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին։
Այս պահանջը բարձրաձայնելու համար այսօր, ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հրավիրվել է բողոքի ակցիա:
Դատախազությունը, փոխանակ իրավապահ մարմինների գործունեությանը հետևեր, անտարբերության էր մատնում հարցն ու քաղաքացիներին արգելում իրենց բողոքը ներկայացնել․ ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ապրիլի 22-ին, երբ Սյունիքի հերոսական ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին, սկսվեց այլանդակ հետապնդումների շարան, 30-ից ավելի անձիք բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին»,-հիշեցրեց Մինասյանը և հավելեց, որ երբ կազմակերպվեց հաջակցություն սյունեցիների ակցիան և պահանջվեց ազատ արձակել ապօրինաբար բերման ենթարկվածներին, շարուկանվեցին քաղաքական հետապնդումներն արդեն ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:
Մինասյանը հիշեցրեց, որ ակցիայի ժամանակ քաղաքացիները հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր դատախազի հետ, սակայն ժողովրդի խոսքն անտեսվեց: «14 անձ ևս բերման ենթարկվեց դատախազության դիմացից ու արդյունքում՝ ներկայացված կեղծ մեղադրանքով այսօր կալանավորված է Հայկ Հեքիմյանը և սրա մեղավորը դուք եք, գլխավոր դատախազություն և դատախազներ, որովհետև չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեզ վրա դրված պարտավորությունները, դուք անտեսում եք արժանապատիվ հայի պահանջը»:
Մինասյանը կոչ արեց, որ իրավապահ համակարգում իրենց արժանապատիվ համարողները թույլ չտան, որ այս օրինակով խայտառակվեն վերջիններիս անունները: «Ներսից պայքարեք, հանուն մեր, ձեր երեխաների: Մենք իրավունք չունենք մեր նահատակված զավակների պայքարը թողել օդից կախված: Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/S_PUxH2WqTE