Պետք է հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցները ներգրավվեն երկրի կառավարման ոլորտում. Իշխան Սաղաթելյան
05 Մայիս 2021
Սա լավ առիթ է, որ դուք հնչեցնեք՝ ինչ հիմնական դժվարություններ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել և գնալ այդ խնդիրների լուծման հետևից․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը։
Նա նշեց, որ Հայրենադարձների օժանդակության գրասենյակը այս ընթացքում մշտական աշխատանք է տարել հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցների հետ։
«Առաջիկայում ընտրություններ են և մեր հիմնական հարցերից մեկը նաև լինելու է այն, որ երկքաղաքացիության բոլոր արգելքները, որ խոչընդոտ են, որպեսզի հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցները ներգրավվեն երկրի պետական կառավարման ոլորտում և քաղաքական աշխատանքներում, պետք է գտնենք լուծումներ այդ արգելքները վերացնելու համար»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա մանրամասն անդարադարձավ նաև հայրենադարձների այլ խնդիրների՝ աշխատանք ունենալուց մինչև այլ երկրներից իրերի տեղափոխում և արձանագրեց, որ շատ հարցեր այս ընթացքում լուծվել են Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի ջանքերով։
Հիշեցնենք, որ նախկինում ևս Իշխան Սաղաթելյանը հանդիպել և լսել է հայրենադարձների խնդիրները, որոնք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի միջոցով հասցրել են համապատասխան մարմիններին և լուծում տվել։ Այսօրվա հանդիպման վերջում պայմանավորվեցին որոշ ժամանակ անց կրկին հանդիպել։
https://youtu.be/DNFChdJhRtk