Առաջին հանրապետության միլիցիայի և բանակի տարեգրությունից
28 Մայիս 2021
Վանիկ Վիրաբյան
ՀՀ միլիցիայի ստեղծումը
1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջմամբ Ռուսաստանում առաջ եկած ցնցումներն ընդգրկեցին նաև Հայաստանը: Այդպիսի անբարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ թուրք հրոսակները, իրականացնելով արևմտահայության նախճիրը, բախում էին Արևելահայաստանի դռները, 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Անդրանիկ կառավարության լիազորությունները ստանձնեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարում էր յուրաքանչյուր պետության համար կենսականորեն անհրաժեշտ բանակի և ներքին գործերի մարմինների, այդ թվում` միլիցիայի ստեղծումը:
ՀՀ պետական անվտանգության համակարգի կարևոր օղակներից էին միլիցիան և ՆԳ նախարարությունը, որոնց ստեղծման ու աշխատանքների կազմակերպման ուղղությամբ 1918-1920 թթ. Որոշակի ջանքեր գործադրվեցին ՀՀ կառավարության կողմից: Այդ գործընթացներին ակտիվորեն մասնակցեցին թե՛ Հայաստանի խորհրդարանը և թե՛ Նախարարների խորհուրդը: Սկզբնական և հատկապես Արամ Մանուկյանի «դիկտատորության» ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունը մի ճյուղավորված համակարգ էր, որի մեջ մտնում էին և՛ ՆԳՆ-ին հատուկ ուժային ու միլիցիոն կառույցները, և՛ տարաբնույթ այլ գործառույթներ իրականացնող զեմստվային-քաղաքային, նահանգային ու գավառային կառավարման վարչական հաստատությունները: Ռ. Տեր-Մինասյանը գրում է հետևյալը. «Ներքին գործոց նախարարութիւնը այնպէս, ինչպէս Արամի ժամանակը կը ներկայանար, նրանից յետոյ` մինչեւ Հանրապետութեան անկումը, այլեւս գոյութիւն չունեցաւ: Արամի մահուանից յետոյ Ներքին գործոց նախարարութիւնը մեռաւ եւ դարձաւ մի պարզ վարչութիւն: Հայաստանի Հանրապետութեան ստեղծումից առաջ Արամը Երեւանի նահանգի դիկտատորն էր ընտրուած, եւ յանձինս նրան` փաստական հայկական իշխանութիւն էր ստեղծուած դեռ 1917-ից: 1918-ին, երբ Հայաստանի օրինական կառավարութեան` Քաջազնունու դահլիճն էր կազմված, փաստօրէն, կառավարութիւնը մնում էր Արամը, թէեւ նա ներքին գործոց նախարար էր միայն: Նրա ձեռքն էին այն ժամանակները ե՛ւ Լուսաւորութեան, ե՛ւ Խնամատարութեան, Պարենաւորման, ե՛ւ Հաղորդակցութեան բաժինները, որոնք հետագային բաժանուեցին առանձին նախարարութիւնների: Բայց էականը գործերի բարդութիւնը չէր, այլ նրանց ուղղութիւնը: Արամի ժամանակ Ներքին գործոց նախարարութիւն ասելով պէտք էր հասկանալ պետութեան ֆիզիքական ոյժը եւ կառավարական վարչամեքենան, մարմնացումը պետական եւ կուսակցական բարոյական հասկացողութեանց, օրէնքների գործադրման եւ պարտադրման միակ խողովակն ու միջոցը, կեդրոնը, որտեղ ամփոփում էին Հայաստանը կազմակերպելու բոլոր ձգտումներն ու ճիգերը: Արամի ատեն Ներքին գործոց նախարարութիւնը կը ներկայացնէր ամէն ինչ»:
Այդուհանդերձ, այդ ճյուղավորված համակարգի շրջանակներում ևս կատարվում են առաջին քայլերը` միլիցիա և ՆԳՆ համակարգին հատուկ ուժային այլ մարմիններ ստեղծելու համար: Ամեն դեպքում Արամ Մանուկյանի կողմից ձևավորած պետական կառույցը ՆԳՆ-ն սկզբնապես մնում էր ՀՀ Նախարարների խորհրդի կամ կառավարության հետագա ձևավորման և առանձին անհրաժեշտ ենթաճյուղերի կամ նախարարությունների ստեղծման հենք՝ «անկյունաքարը» մինչև գործնականում 1919 թ. Կեսերին այն տրոհվեց մի շարք դեպարտամենտների, առանձին նախարարությունների: Իսկ որպեսզի այն դառնար լիարժեք և գործուն օրգանիզմ, որի արգասաբեր գործունեությունից էր կախված երկրի ներքին անվտանգության ապահովումը, ՀՀ ՆԳ նախարարներից մեկը` Ա. Գյուլխանդանյանը, նշում է. «Իմ ցանկութիւնն էր այդ կենտրոնական օրգանը (Վարչութիւն եւ Միլիցիայի բաժին) դնել այնպիսի պայմանների մէջ, որ համարեայ ամբողջ Դիւանը բաղկացած լինէր համալսարանական կրթութեամբ մարդկանցից, որպէսզի ապագայում նրանցից մշակուէին երկրիս վարիչներ: Այդ որոշ չափով կը ծառայէր նրանց իբրեւ վարչական մի վարժութիւն, որը փորձառութիւն կը տար նրանց»:
Փաստերը վկայում են, որ 1918-1920 թթ. Ներքին գործերի նախարարության և միլիցիայի գործի կազմակերպիչներից է եղել ինչպես ՀՀ «դիկտատոր» հռչակված և առաջին ՆԳ նախարար դարձած Ա. Մանուկյանը (Ս. Հ. Հովհաննիսյան, Արամ փաշա), որը ՀՀ մինիստր-նախագահ Հովհ.Քաջազնունու 1918 թ. հուլիսի 26-ի հրամանագրով հաջորդում է Երևանի Հայոց ազգային խորհրդի ներքին գործերի բաժնի վարիչ Ս. Դ. Թորոսյանին որպես ՆԳ նախարար և պաշտոնավարում 1918 թ. հուլիսի 6-ից 1919 թ. հունվարի 29-ը, այնպես էլ Ա. Մանուկյանի հիվանդության պատճառով 1919 թ. հունվարի 3-ից վերջինիս փոխարինած, իսկ 1919 թ. փետրվարի 9-ից ապրիլի 16-ը նախարարի պարտականությունները ստանձնած Ա. Հ. Խատիսյանը, որին այնուհետև հաջորդել է այդ գործի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Ս. Ս. Մանասյանը, որն այդ պատասխանատու պաշտոնը վարել է 1919 թ. փետրվարի 28-ից ապրիլի 28-ը, որից հետո` 1919 թ. օգոստոսի 10-ից 1920 թ. մայիսի 5-ը, այն վարել է Ա. Ի. Գյուլխանդանյանը, այնուհետև այդ պարտականությունները մինչև 1920 թ. սեպտեմբերի 19-ը ստանձնել է Ռ. Կ. Տեր-Մինասյանը(Ռուբեն փաշա), որին 1920 թ. սեպտեմբերի 20-ից փոխարինել է Ս. Շ.Արարատյանը (Շահնազարյան)՝ պաշտոնավարելով մինչև նոյեմբերի 23-ը, և վերջապես` ՆԳ վերջին նախարար է դարձել Ս. Ղ. Վրացյանը (Գրուզինյան), որը պաշտոնավարել է նոյեմբերի 24-ից 1920 թ. դեկտեմբերի 2-ը, այսինքն՝ մինչև հանրապետության անկումը և խորհրդայնացումը:
Այդ գործընթացների կազմակերպման առումով շատ կարևոր էր ՀՀ խորհրդարանի կողմից 1920 թ. ապրիլի 21-ին միլիցիայի մասին ժամանակավոր օրենքի ընդունումը՝ հաստատված Ժամանակավոր կառավարության կողմից 1917 թ. ապրիլի 17-ին և փոփոխված Հայաստանի խորհրդարանի կողմից 1920 թ. ապրիլի 21-ին: Իսկ 1920 թ. հունիսի 16-ին այդ օրենքում հավելում է արվում: 1920 թ. միլիցիոներների թիվը Հայաստանի Հանրապետությունում 4562 էր, այդ թվում` Երևանի գավառում՝ 434, Էջմիածնում՝ 268, Սուրմալուում՝ 236, Ղարաքիլիսայում՝ 235, Ալեքսանդրապոլում՝ 273, Դիլիջանում՝ 253, Ն. Բայազետում՝ 247, Դարալագյազում՝ 162, Կաղզվանում՝ 419, Օլթիում՝ 419, Արդահանում՝ 519, Կարսում` 419, Գողթնում՝ 228, Նախիջևանում՝ 228, Շարուրում՝ 162, Ղարաբաղում` 268, և Զանգեզուրում՝ 268: Ուշագրավ են Ղարաբաղի և Զանգեզուրի միլիցիայի հաստիքացուցակների տվյալները, քանզի ՀՀ կառավարությունը և խորհրդարանը նշված գավառները, անկախ Ադրբեջանի ագրեսիվ մտադրություններից և հավակնություններից, միշտ համարել են ՀՀ անբաժանելի մաս: Ուստի օրինաչափ էր ոչմիայն այդ գավառամասերում քաղաքացիական վարչակազմ ունենալը, այլև միլիցիայի և ՆԳ նախարարության անհրաժեշտ օղակներ և ստորաբաժանումներ ստեղծելու քաղաքականությունը: Դրանք պետք է ՀՀ անվտանգության անհրաժեշտ հենակետերը լինեին` պաշտպանելով հայ բնակչության օրինական շահերն ու իրավունքները Ղարաբաղում և Զանգեզուրում:
ՀՀ բանակի ստեղծումը
Հայկական պետության հենքը և անվտանգության համակարգի գլխավոր երաշխավորը անկախության հռչակման պահից հայոց բանակն էր: Զինվորական նախարարության կազմավորումը սկսվեց 1918 թ. հունիսի 15-ին` ռազմական նախարարի նշանակմամբ, որին կից դեռևս Թիֆլիսում ձևավորվել էր Գլխավոր շտաբը: ՀՀ առաջին զինվորական նախարարը դարձավ գեներալ-լեյտենանտ Հ. Բ. Հախվերդյանը, որից հետո պետական անվտանգության համակարգի այդ կարևորագույն կառույցը գլխավորեցին Ք. Գ. Արարատյանը, Ռ. Կ. Տեր-Մինասյանը, իսկ բոլշևիկյան շրջադարձի ժամանակ՝ Դրոն (Դ. Մ. Կանայան): Անվտանգության համակարգի ձևավորման և բանակաստեղծ գործընթացների ճանապարհին, անշուշտ, կարևոր քայլ էր 1919 թ. Սկզբին ՀՀ զինվորական նախարարությանն առընթեր Ռազմական խորհրդի ստեղծումը, որը կոլեգիալ ձևով պետք է քննարկեր ռազմական-բանակային շինարարության և մարտական գործողությունների սկզբունքային հարցերը: 1919 թ. մարտի 25-ին այդ խորհրդի նախագահ նշանակվեց Հայկական կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թ. Հ. Նազարբեկյանը, որը ստանձնեց նաև ՀՀ զորքերի գլխավոր հրամանատարի` հայկական բանակի սպարապետի պարտականությունները:
Զորքերի ղեկավարումը բոլոր առումներով թողնվեց Հայկական կորպուսի հրամանատարին, որն ուներ գլխավոր հրամանատարի իրավասություններ: Զինվորական ծառայության մեջ գտնվողների թիվը 1919 թ. Գարնանը հասնում էր 16000-ի, իսկ ըստ Հովհ. Քաջազնունու` եվրոպական տերություններին ներկայացրած հուշագրի՝ 1920 թ. Հուլիսի վերջերին՝ 18000-ի:
Այդուհանդերձ, ըստ տարբեր սկզբնաղբյուրների, բանակի թվաքանակը նշվում էր 35000 և նույնիսկ ավելի: Սակայն փաստերի համադրումը ցույց է տալիս, որ այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ «ահռելի հայկական բանակը» գրեթե առանց լուրջ դիմադրության պարտություն կրեց 1920 թ. Սեպտեմբերի 23-ին սկսված ճակատագրական պատերազմում թվաքանակով իրեն էապես չգերազանցող թուրքական բանակից: Կարելի է համարել, որ 1918-1920 թթ. Հայկական բանակի կազմում մարտունակ էր ընդամենը 16000-18000 զինվոր, ինչը հաստատում է նաև Ս. Վրացյանը ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեին 1919 թ. մայիսի 18-ին գրած նամակում: Նա մասնավորապես ընդգծում էր, որ «մոտ 16-17 հազարանոց բանակը կարգապահ է և քաջ», և «աշխատել են ստեղծել նոր զորամասեր»: Սակայն իրողություն է, որ նորին մեծություն «բրիտանական կառավարությունը» հայկական բանակին ապահովել է 40000-անոց բանակի համար նախատեսված զենքով ու զինամթերքով, որն այն ժամանակ արժեր 1.200.000 ֆունտ ստերլինգ: Այդ մասին է վկայում Ռ. Հովհաննիսյանը`ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի ռազմական նախարարության կողմից 25000 հրացանի, 40000 համազգեստի մատակարարումը կկատարվեր, եթե Ա. Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան ստորագրեին տեղափոխման ծախսերը հոգալու և անգլիական բանկի կողմից պահանջվող գանձապետական պարտամուրհակները որպես ավանդ դնելու մասին փաստաթուղթ: Ալ. Խատիսյանը այդ կապակցությամբ նաև բազմանշանակ հավելում է. «Հայերը կը մեղադրէին անգլիացիները այն բանի մէջ, թէ այդ զէնքը հասաւ շատ ուշ, թէ զէնքը այն տեսակէն չէր, որուն սովոր էին հայ զինուորները, եւ այդ մեղադրանքներն ու դժգոհութիւնը զուգադիպեցան 1920 թ. Աշնան հայ-տաճկական աղետալի անյաջող ելքի հետ»: Եվ չնայած ՀՀ կառավարությունը պատրաստակամորեն հատկացրեց պայմանավորված 829.634 ֆունտ ստերլինգը ի դեմս անգլիական բանկում գրավադրած գանձապետական պարտատոմսերի, անգամ առաքումը բրիտանացիների կողմից «մաքուր» չկատարվեց, քանզի, ինչպես հետագայում պարզվեց, հրացանների մի զգալի մասը անպիտան դուրս եկավ, մի մասն առգրավեց Վրաստանը իր երկաթողագծերով տարանցման համար, մի մասն էլ կասկածելի հանգամանքներով 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրերին ընկավ քեմալականների ձեռքը: Ակնհայտ է, որ ազգային բանակի ստեղծումը դժվարին գործ էր, և արդյունքները ամենևին էլ գոհացուցիչ չէին: Ալ. Խատիսյանըիր` 1919 թ. մարտի 14-ին Լեոյին ուղղված նամակում, պատմելով նախօրյակին տեղի ունեցած խորհրդակցության մասին, որին մասնակցել էին գեներալներ Մ. Սիլիկյանը և Չումարովը, երևանյան ջոկատի հրամանատար Դրոն և ուրիշներ, որոշ դրական տեղաշարժերի հետ միաժամանակ ընդգծում է բանակի անմխիթար վիճակը՝ նշելով, որ հայկական բանակի զինվորները սոված և ցնցոտիավոր են, ավելի քան չորս ամիս չեն լողացել, նրանց 50 տոկոսը հյուծված է տիֆից և այլն: Ըստ գեներալ Մովսես Սիլիկյանի փաստացի վկայության, զորքի թիվը հասնում էր 31-32000-ի, որից շուրջ 900-ը`սպա: Մ. Սիլիկյանը տեղեկացնելով Լեոյին հայկական զորքում տիրող վիճակի վերաբերյալ քննարկման և մտքերի փոխանակության մասին, միաժամանակ բացահայտում էր այն ցավալի իրողությունը, որ եթե իրենք մինչև ապրիլի 1-ը չունենան առնվազն 16000 զինվոր, ապա Հայաստանը կործանված է:
Ուստի ընդհանուր եզրահանգմամբ որոշում են խնդրել անգլիացիներին`
1)իրենց թեկուզև փոքրաթիվ ջոկատները տեղակայել Քարվանսարայում, Ալեքսանդրապոլում, Իգդիրում և Քուլպում,
2) հատկացնել հաց, հագուստ և սապոգներ/ճտքակոշիկներ- Վ.Վ./ Թիֆլիսից,
3) Վրաստանին վերադարձնել Հայկական կորպուսի ունեցվածքը,
4) գեներալ Վ. Հ. Բիչի միջոցով միջնորդել Վրաստանի իշխանությունների առջև՝ անարգել տարանցիկ ուղիներով Հայաստան առաքելու անհրաժեշտ բոլոր բեռները (ցորեն, հաց, տարբեր ապրանքներ և այլն):
Վերջապես, ըստ ֆրանսերեն մի փաստաթղթի, որի հեղինակը Փարիզում ՀՀ ազգային պատվիրակության քարտուղարի օգնական Ղազարյանն է, հայկական բանակի մարտունակ զինվորների թիվը 1920 թ. 24715 էր, սպաներինը՝ 1515, վարչական սպաներինը` 309, կամավորներինը` 4023 և այլն: Հանրագումարի բերելով հայկական բանակի վերաբերյալ փաստական տարաբնույթ տվյալները` կարելի է հանգել հետևության, որ չնայած կան նույնիսկ այնպիսի վկայություններ, որ իբր թե 1920 թ. Հայկական բանակի թիվը հասելէ 60000-ի, իրատեսական է 16-18000 լինելը: Վերջապես, շուրջ 40000 կարող է ստացվել, եթե այդ 20-25000-ին հավելենք 10-12000-ից ավելի աշխարհազորայիններին և կամավորներին, որոնց մասին դիպուկ նկատել է Կ. Սասունին, որ «թէեւ արտաքին կերպարանքը զինուորի կը նմանէր, բայց անիկա զինուոր չէր»: Մի կարևոր հակափաստարկ ևս. 1919 թ. հաշվարկներով 961700 բնակչություն ունեցող երկրի համար նման թվաքանակը խիստ կասկածելի է, մանավանդ որ 1919 թ. Դեկտեմբերի վերջի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում զինակոչից խուսափող նորակոչիկների թիվը 17665 էր:
Նման պայմաններում հիրավի մարտունակ բանակի և անվտանգության համակարգի անհրաժեշտ ստորաբաժանումների` հետախուզական ծառայության, ՆԳՆ ուժային կառույցների ձևավորումը պարզապես դժվարին խնդիր էր: Հավելենք նաև, որ 1918-1920 թթ. Հայկական բանակը դեռևս շարունակում էր մնալ կիսաֆիդայական տիպի բանակ` թե՛ իր ղեկավար և թե՛ զինվորների կազմով, որոնք չհրաժարվեցին հայկական զորքի կազմակերպման խմբապետական սկզբունքներից և գաղափարներից` ունենալով հեղափոխական-ապստամբական լիցք և ազգային ոգի, գործնականում անընդունակ գտնվեցին կիրառելու զինվորական գործի կազմակերպման եղանակներ: Արտաքուստ հայկական բանակը թվում էր կանոնավոր: Սակայն հայ իրականության պայմաններում դժվար էր այդ անցումը կատարել, քանզի կանոնավոր բանակի առաջնահերթություններն անընդունելի էին հայդուկապետերի և կամավորական շրջանի «զորապետերի» համար: Առաջին հանրապետության ռազմաքաղաքական առաջնորդներին չհաջողվեց վճռականություն ցուցաբերել՝ հաղթահարելու ձևավորվող հայկական կանոնավոր բանակի սպայական կազմի և ֆիդայա-խմբապետական առաջնորդների միջև եղած խուլ արհամարհանքը և տարակարծությունները, ինչը խիստ բացասական ազդեցություն ունեցավ զորքի բոլոր գործողությունների վրա:
Կամավորական զորամասերից անցումը կանոնավոր զորագնդերի չուղեկցվեց կարգապահության ամրապնդմամբ, քանզի խմբապետական տրամադրություններով առաջնորդվող, այսպես կոչված, «խմբերի» զինվորները հաճախ սանձարձակ, վնասակար արարքներ էին կատարում` պաշտպանություն գտնելով իրենց խմբապետների կողմից, ինչն էապես ազդեց կանոնավոր բանակի կազմակերպման վրա, չնայած հայդուկապետերից շատերը խիզախ էին:
1918-1920 թթ. թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ խորհրդարանը և՛ թե զինվորական իշխանությունները ուժերի ներածին չափով փորձել են բանակաշինական արդյունավետ քայլեր ձեռնարկել: Այսպես, օրինակ, ՀՀ կառավարության 1920 թ. օգոստոսի 16-ի որոշման մեջ ընդգծվում է, որ «մօտիկ ապագայում բանակը զգալու է ռազմական պատրաստականութիւն ունեցող սպայական կազմի պակաս:
Հոգ տանելով բանակի մարտունակութիւնը, ինչպէս եւ ապագայ սպայութեան ընդհանուր եւ ռազմական գիտական պատրաստականութիւնը բարձրացնելու, անհրաժեշտ են գտնում շտապ կարգով բանալ Ռազմական գիմնազիոն և Ռազմական դպրոց:
Հայաստանի ապագայ սպայութիւնը ընդհանուր ռազմական պատրաստակամութեամբ չպէտք է ցածր լինի իւր հարեւանների, վրացիների եւ ադրբէյջանցիների սպայութիւնից»: Սակայն խուսափել էական սխալներից և սայթաքումներից չհաջողվեց: Ս. Վրացյանը, անդրադառնալով Դրոյի` որպես զորահրամանատարի կերպարին, հիշատակում է նրա կարծիքը բանակաստեղծ գործընթացների և դրանցում տեղ գտած սայթաքումների մասին. «Բանակի հոգեբանութեան վրայ մեծապէս ազդել է նրա մասնակցութիւնը ներքին քաղաքացիական կռիւներին եւ երկրի մաքրագործման` հակապետական տարրերից, ինչպէս եւ բոլշեւիկեան քարոզչութիւնը: Իր կոչման բարձրութեան վրայ չէր եւ բանակի հրամանատարութեան կազմը, ինչպէս նաեւ ղեկավարութիւնը: Գործօն զօրամասերի հրամանատարական կազմի մէջ մնացել էին հայրենասիրութիւնից զուրկ, շահամօլ զօրավարներ, եւ Զինուորական նախարարութիւնը հանդուրժում էր նրանց»:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Մ. Զինկևիչի 1919 թ. հունիսի 10-ի հրամանագրով հաստատվում է hայկական 1-ին սահմանապահ բրիգադի հաստիքակազմը: ՀՀ սահմանապահ զորքը (15 շտաբային սպաներ, 96 օբեր-սպաներ, 22 բժիշկներ և չինովնիկներ, 2889 կամավոր զինվորներ) կոչված էր ապահովելու պետական սահմանի անվտանգությունը արտաքին թշնամական ներթափանցումներից, արգելելու երկրից ապրանքների և տարբեր արժեքների մաքսանենգային արտահանումը: Հայկական բանակը, ստեղծվելով ռուսական ձևաչափով, կոչված էր լուծելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնախնդիրները անվտանգության համակարգի կայացման տեսանկյունից: Սակայն տարբեր պատճառներով այն ի զորու չեղավ լիարժեքորեն հաղթահարելու ահռելի և հաճախ անլուծելի դժվարությունները, դիմագրավելու ավելի մեծ փորձություններին` Ադրբեջանի հետ տևական հակամարտությանը և վերջապես թուրք-հայկական 1920 թ. պատերազմին:
Հայաստանի Հանրապետության հետախուզությունը
1918-1920 թթ.
Հայաստանի առաջին հանրապետության Անդրանիկ կառավարությունը իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարում էր յուրաքանչյուր պետության համար կենսականորեն անհրաժեշտ հետախուզության և հակահետախուզության գործունեության կազմակերպումը՝ որպես ազգային-պետական անվտանգության համակարգի կարևորագույն գործոն: Հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որը չունենա ազգային-պետական անվտանգության համակարգ և դրա բաղկացուցիչ մաս կազմող հետախուզական ու հակահետախուզական ծառայություններ, և, այս առումով դիտարկելով Երրորդ հանրապետության կայացման պետաքաղաքական գործընթացներում հետախուզական ծառայության դերը և ներդրումը անվտանգության ապահովման գործում, արդիական են դառնում նախորդ պատմաքաղաքական փորձի արժևորումը և դասերը դրանցում քաղաքական ուժերի, այդ թվում` այդ ժամանակ առաջատար քաղաքական ուժ հանդիսացած ՀՅԴ-ի ունեցած ներդրման գնահատումը: Այդ տեսանկյունից դիպուկ է նկատել Տիգրան Դևոյանցը. «Հետախուզութիւնը պետութեան աչքն ու ականջն է»1:
Նախկինում հայ պատմագիտության մեջ իշխում էր այն անհիմն մտայնությունը, թե Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել ազգային անվտանգության կառույցներ կամ ի վիճակի չի եղել ստեղծելու դրանք, սակայն փաստերը հակառակն են վկայում: 1918-1920 թթ. ՀՀ կառավարությունը ձգտել է ունենալու ոչմիայն պետականության կայացման տեսանկյունից կարևոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք էին խորհրդարանը, բանակը և այլն, այլև յուրաքանչյուր պետության ազգային անվտանգությունն ապահովող անհրաժեշտ կառույցներ` թե՛ հետախուզություն ու հակահետախուզություն և թե՛ միլիցիա, որոնք ծառայում էին երկրի ներքին և արտաքին քաղաքականության տարաբնույթ խնդիրների լուծմանը: Կազմակերպական-ֆինանսական և կադրային խնդիրների լուծման տեսանկյունից առաջին քիչ թե շատ գործնական քայլերը կատարվել են հանրապետության հռչակումից անմիջապես հետո: 1918 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Նախարարների խորհուրդը ՀՀ զինվորական նախարարության միջնորդության հիման վրա որոշում է կառավարության վարկից հետախուզությանը և հակահետախուզությանը տրամադրել 20 հազարական ռուբլի2: Իսկ արդեն զինվորական նախարարի 1919 թ. ապրիլի 14-ի հրամանագրով Գլխավոր շտաբին կից ստեղծվում է հետախուզական ու հակահետախուզական բաժանմունք՝ փոքրաթիվ անձնակազմով: Հայկական բանակում Գլխավոր շտաբի և հետախուզական մարմինների ստեղծման գաղափարի համահեղինակներից էր ռուսական բանակի կադրային սպա, Հայկական դիվիզիայի շտաբի պետ, գնդապետ Միխայիլ Զինկևիչը, որը զինվորական նախարարի 1919 թ. ապրիլի 28-ի հրամանով նշանակվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար3, իսկ հետախուզական և հակահետախուզական բաժանմունքի պետ է դարձել Սարդարապատի ճակատամարտի հերոս, փոխգնդապետ Ա. Կ. Շնեուրը, որին 1919 թ. սեպտեմբերից 1920 թ. ապրիլը փոխարինել է կապիտան Վ. Գ. Մուրադյանը: 1920 թ. ապրիլից մինչև հունիսի վերջը հետախուզական բաժանմունքը ղեկավարել է ՀՅԴ անդամ Տ. Թ. Դևոյանցը, որի վկայությամբ ինքը եղել է Դրոյի դասընկերը4 և հենց որի գլխավորությամբ էլ 1919 թ. Կեսերին Կ. Պոլսում գաղտնաբար ձևավորվեց և մինչև 1920 թ. սկիզբը գործեց հայկական հետախուզական խումբը, որը Հայաստանին էր փոխանցում հետախուզական արժեքավոր տեղեկություններ Թուրքիայի, Անդրկովկասի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, հայկական սահմանի ամբողջ երկայնքով թուրքական զորքերի տեղաշարժերի մասին և այլն: Իսկ 1920 թ. Հուլիսից մինչև Հայաստանի խորհրդայնացումը այդ կառույցը գլխավորել է Մ. Ն. Դոդոխյանը: Հետախուզության բաժանմունքում և դրա ենթաճյուղերում աշխատել է պոդպորուչիկ Լ. Գ. Բաշինջաղյանը (հանրաճանաչ հայ նկարիչ Գ. Զ. Բաշինջաղյանի ավագ որդին)5՝ հանձնարարությունների գծով սպա, որն այնուհետև եղել է հետախուզության գործակալ Վրաստանում (կեղծանունը՝ Լևոն Բաշ): Վրաստանում և մասնավորապես մայրաքաղաք Թիֆլիսում հետախուզական ծառայությունը ղեկավարում էր գեներալ-մայոր Հ. Ա. Քիշմիշյանը6: Բաքվում ՀՀ գործակալը Ա. Սարգիսյանն էր: Ըստ Ղրիմի ԽՍՀ Գլխավոր քաղվարչությունում 1927 թ. Հուլիսին Գրիգորի Խաչատրյանի հարցաքննության տվյալների՝ Բաքվում հետախուզական գործը ոչ վատ հիմքերի վրա էր դրված: Այդտեղից ստացվում էին Ադրբեջանի Գլխավոր շտաբի և Զինվորական նախարարության առավել արժեքավոր գրագրությունների պատճենները: Հետախուզության համակարգում ընդգրկված էին նաև Գ. Ս. Երամովը (դիտորդ Վրաստանում), շտաբս-կապիտան Մ. Ս. Սարգիսյանը, պորուչիկներ Ա. Ն. Ահարոնովը և Վ. Հ. Ներսեսովը: Այդ գործում որոշակիորեն իր մասնակցությունն է ունեցել նաև գեներալ Հ. Գ. Բագրատունին7, որը 1919 թ. օգոստոս-նոյեմբերին գլխավորել է ԱՄՆ մեկնած ՀՀ ռազմական պատվիրակությունը, իսկ այնուհետև նշանակվել է ՀՀ դեսպան Լոնդոնում: Գլխավոր շտաբի հակահետախուզության բաժանմունքը ղեկավարել է Ա. Ն. Հովհաննեսովը (Հովհան Խան-Կոտուրսկի կամ Խան-Ղոթուրի), որին փոխարինել է հանձնարարությունների գծով սպա Գ. Խաչատրյանը: Հակահետախուզության ոլորտում էր աշխատում նաև պորուչիկ Բեկզադյանը, որն ավելի շատ հայտնի է իր թիֆլիսյան գործունեությամբ` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կազմում: ՀՀ hետախուզական և հակահետախուզական մարմիններ են գործել նույնիսկ Լեռնային Հայաստանում (Սյունիք-Զանգեզուրում), որոնց ղեկավարը հայտնի Յապոնն էր (Ա. Հ. Պարոնյանը), իսկ աշխատակիցը՝ Ավ. Դադայանցը8: Ինչպես վկայում են փաստերը, ենթասպա, հետախույզ Ավ. Դադայանցը, որն այնուհետև ծառայել է Գ. Նժդեհի զորամասերում, եղել է Յապոնի ղեկավարած հակահետախուզական ջոկատում, 1921 թ. ձերբակալվել է խորհրդային իշխանության կողմից և հանիրավի գնդակահարվել9:
Առհասարակ ՀՀ Նախարարների խորհրդին մշտապես մտահոգել են ռազմական շինարարության և պետական անվտանգության համակարգի տարբեր օղակների ու ստորաբաժանումների կայացման, այդ թվում և` հետախուզական ու հակահետախուզական ծառայության կազմակերպման հարցերը, որոնց աշխատանքների համար գործադրվել են իրական ջանքեր, և հատկացվել որոշակի գումար՝ թեկուզև ոչ շատ մեծ: Սակայն կազմակերպական-ֆինանսական խնդիրները դյուրին ձևով չէին լուծվում, իսկ երբեմն արհեստական խոչընդոտներ էին հարուցվում, որոնք դժվարացնում էին հայկական հետախուզական ծառայությունների աշխատանքները: Դա բավականաչափ հստակ երևում է Գլխավոր շտաբի պետին հասցեագրված 1919 թ. մայիսի 2-ի զեկուցագրից, որում հետախուզական բաժանմունքի պետի պաշտոնակատար Հ. Խան-Կոտուրսկին նշում էր, որ հետախուզական բաժնի գործունեության ընդլայնման և հարևան երկրներում նոր կետերի բացման համար անհրաժեշտ է հոգ տանել, որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հետախուզության գործակալները որոշակի աջակցություն ստանան տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Խան-Կոտուրսկին գտնում էր, որ անհրաժեշտ է խնդրել Արտաքին գործերի նախարարությանը կարգադրություններ անել բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Թուրքիայում, իսկ աջակցությունը հետախուզության գործակալներին ներկայացուցչությունների պարտականությունն է: Արդեն 1919 թ. մայիսի 21-ին Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Ա. Շնեուրը զինվորական նախարարին ուղղված դիմումագրում խնդրում էր Արտաքին գործերի նախարարության միջոցով աջակցել հետախուզության աշխատակիցներին11: Այդ նույն օրը Հայաստանի զինվորական նախարար, գեներալ-մայոր Քր. Արարատյանը գաղտնի գրությամբ դիմում է արտաքին գործերի նախարարին և խնդրում կարգադրել ամեն կարգի օգնություն ցուցաբերել հետախուզության աշխատակիցներին12: 1919 թ. ապրիլի 9-ի որոշմամբ ԱԳ նախարարությանը կից ստեղծվում է տեղեկատվական բյուրո, որի գործունեությունը Զինվորական նախարարության Գլխավոր շտաբի հատուկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Չալխուշյանի կարծիքով պետք է նպատակամղվեր հակահետախուզական բաժանմունքի առջև դրված խնդիրների իրագործմանը և գտնվեր Զինվորական նախարարության վերահսկողության ներքո:
Տեղեկատվական բյուրոյի գործունեության շրջանակներում էին՝
1) ռազմական բնույթի տվյալները զորամասերի տեղաբաշխման, զինվածության և զինամատակարարման մասին և այլն,
2) հարևան երկրների կառավարությունների կողմից ընդունվող քաղաքական բնույթի միջոցառումները, գործակալական շարժումը, մամուլի նկատմամբ գրաքննչական վերահսկողության ուժեղացումը:
Ըստ այդ մտահղացման՝ բյուրոն պետք է սերտորեն համագործակցեր ռազմական հակահետախուզության հետ: Զինվորական և Արտաքին գործերի նախարարությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ Վրաստանում և Ադրբեջանում պետք է նշանակվեին զինվորական կցորդներ, որոնց գործառույթը անհրաժեշտ տեղեկությունների հավաքումն էր: Չալխուշյանը հատուկ ընդգծում էր, որ Տեղեկատվական բյուրոն և ռազմական հակահետախուզությունը պետք է աշխատեն սերտ փոխհամագործակցության պայմաններում՝ օգնելով միմյանց հայրենանվեր աշխատանքում13: Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. հուլիսի 16-ի նիստում նպատակահարմար գտավ Տեղեկատվական բյուրոն առանձնացնել ՀՀ զինվորական գերատեսչությունից և հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` ի դեմս Թիֆլիսի դիվանագիտական ներկայացուցչության, որը հետախուզական գործունեություն էր ծավալում Վրաստանում և նրան սահմանակից Ադրբեջանում, Հարավային Ռուսաստանում և հարակից այլ տարածքներում14:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ ծառայությունների կայացման գործընթացը բարդ էր, ոչ միանշանակ, իսկ Արտգործնախարարության հետ հարաբերությունները հստակ չէին, թեև բոլոր երկրներում էլ արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտապես եղել է արտաքին հետախուզական ծառայության գլխավոր կազմակերպիչն ու ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության պաշտոնյաները հեռու էին մնում հետախուզական ծառայություններից, չէին վստահում, կասկածի տակ էին դնում հետախուզական ծառայությունների գործունեության արդյունքները: Այս ամենը հանգեցնում էր թյուրըմբռնումների և բացասական հետևանքների՝ վնաս հասցնելով Հայաստանի առաջին հանրապետության ազգային-պետականան վտանգությանը:
Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը, բացի իր ընթացիկ աշխատանքից, ծավալում է նաև հեռանկարային գործունեություն, մասնավորապես որոշակի ջանքեր է գործադրում հետախուզության բնագավառի համար անհրաժեշտ կադրերի պատրաստման համար, կադրեր, որոնք պետք է տիրապետեին ֆրանսերենին, անգլերենին և թուրքերենին15:
Կյանքի հրամայականն էր անհապաղ գործուն կապեր ապահովել հետախուզական ծառայությունների ու արտգործնախարարության համակարգի միջև և դրանք ծառայեցնել ՀՀ ազգային անվտանգության համակարգի հրատապ խնդիրներին: 1920 թ. մայիսի 8-ին Հայաստանի առաջին հանրապետության Նախարարների խորհուրդը, լսելով զինվորական նախարարի զեկուցումը արտասահմանում հետախուզական և հակահետախուզական գործի մասին, որոշում է այդ կառույցների գործունեությունը դնելու Հայաստանի Հանրապետության դեսպանների հսկողության տակ16: Այդ ճանապարհին կարևոր քայլ էր արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին կից զինվորական ներկայացուցիչների (գործակալ, կցորդ, աթաշե, որոնք, ըստ Ռ. Ռուանի, դեռևս 1920-1930-ական թվականներին համարվում էին «հավատարմագրված լրտեսներ»)ինստիտուտի ստեղծումը17:Այս առումով, անկասկած, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ՀՀ զինվորական նախարարության Գլխավոր շտաբից գեներալ-մայոր Գ. Գ. Ղորղանյանի (Ղորղանով-Կորգանով) բազմաբեղուն գործունեությունը: Դեռևս 1918 թ. դեկտեմբերի 3-ին նա զինվորական նախարարին է ներկայացնում մի ուշագրավ զեկույց, որում հարց էր բարձրացնում, այսպես կոչված, «զինվորական ագենտների» համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին և հիմնավորում դրա անհրաժեշտությունը: Նա գտնում էր, որ զինվորական կցորդը պետք է հետևի այլ պետության զինված ուժերի գործողություններին և բացահայտի այն հնարավոր ուժերը, որոնց հետ հավանական են բախումները: Մանրազնին ներկայացնելով զինվորական կցորդ-գործակալների առջև դրված խնդիրները՝ Գ. Ղորղանյանը հանգել էր այն հետևությանը, որ, առանց զինվորական գործակալների, հետախուզության գործի ճիշտ կազմակերպումը իրագործելի չէ: Ուստի անհրաժեշտ էր ամեն տեղ ստեղծել զինվորական գործակալություն, հատկապես Վրաստանում և Ադրբեջանում: Ղորղանյանը գտնում էր, որ զինվորական գործակալները պետք է նշանակվեն զինվորական նախարարի կողմից և ենթակա ու հաշվետու լինեն միայն նրան18:
1919 թ. մարտի 31-ին գեներալ-մայոր Արարատյանը կրկին անդրադառնում է Ղորղանյանի՝ Թիֆլիսում և Բաքվում զինվորական գործակալներ ունենալու առաջարկին: Ըստ նրա՝ այդ պաշտոնյաներին պահելու հարցը կարող էր լուծվել Զինվորական նախարարության ընդհանուր վարկի միջոցով: Վերջում նա խնդրում էր հաստատել իր առաջարկները և թույլատրել ռազմական կցորդների վարկավորումը` սկսած ապրիլի 1-ից ընդամենը 180 հազար ռուբլի հատկացնելով մինչև 1919 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար19: Թիֆլիսի հայկական դիվանագիտական ներկայացուցչության` 1919 թ. մարտով թվագրվող փաստաթղթերից մեկում արդեն շարադրված են ռազմական գործակալների գործունեության ընդհանուր սկզբունքները20: Այդ գործի համար միակ հնարավոր թեկնածուն համարվում էր Գ. Ղորղանյանը, որը փայլուն տիրապետում էր ֆրանսերենին, անգլիացիներին գիտեր Պարսկաստանից, որտեղ ծառայել էր գեներալ Ն. Ն. Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսի շտաբում, Կովկասյան հեծելազորային դիվիզիայի պետ և ՀՀ զինվորական խորհրդի անդամ էր, որոշակի հեղինակություն էր վայելում Անդրկովկասում գտնվող ֆրանսիական և անգլիական ռազմական ներկայացուցչությունների շրջանում: Հենց այս թեկնածության նկատմամբ շատ բարեհաճ էր տրամադրված նաև Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Լ. Գ. Եվանգուլյանը (Եվանգուլով)21, որը համառորեն պաշտպանում էր Գ. Ղորղանյանի թեկնածությունը զինվորական կցորդի պաշտոնում22:
Սակայն կային նաև այլ թեկնածուներ, որոնցից էին դիվանագիտական ներկայացուցչության կազմում ընդգրկված գնդապետ Շահբաթովը, գեներալ-մայոր Հ. Հախվերդյանը, ՀՀ զինվորական դատարանի նախագահ, գեներալ Հ. Ա. Քիշմիշյանը և այլք23: Զինվորական նախարարի 1919 թ. հուլիսի 13-ի հրամանով Հ. Ա. Քիշմիշյանը24 Հայաստանի դիվանագիտական հավատարմատարի և Անտանտի տերությունների ներկայացուցիչների համաձայնությամբ նշանակվում է Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը կից զինվորական կցորդ: Իսկ արդեն զինվորական նախարարի 1919 թ. հուլիսի 25-ի հրամանագրից պարզվում է, որ գեներալ Հ. Քիշմիշյանը հուլիսի 18-ից անցել է իր անմիջական պարտականությունների կատարմանը25: Ադրբեջանում ՀՀ զինվորական կցորդը Պ . Մելիք-Շահնազարյանն էր:
Օգտագործված աղբյուրներ և գրականություն
Դէոյեանց Տ., Հետախոյզի մը յուշերը, «ՎԷՄ», Փարիզ, 1938, Զ տարի, թիւ 3, յունիս-սեպտեմբեր, էջ 59:
Տե՛ս ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 484, թ. 9;ֆ. 202, ց. 1, գ. 13, թ. 12; ֆ. 204, ց. 1, գ. 216, թ. 1:
Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 131, թ. 24:
Տե՛ս Դէոյեանց Տ,, Հետախոյզի մը յուշերը (Պատասխան իմ քննադատներուն), «ՎԷՄ», Փարիզ, 1938, Յունւար-մայիս, թիւ 2, էջ 49:
Տե՛ս Սարգսյան Ա. Ե., Հետախուզություն և հակահետախուզություն. Հայկական հետք կենսագրական ակնարկներ հետախույզների և հակահետախույզների մասին, Եր., «Ամարաս» հրատ., 2005, էջ 194-195: ՀԱԱ, Ֆ. 204, ց. 1, գ. 42, թ. 52-55, գ. 116, թ. 69:
Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 131, թ. 24, ֆ.275, ց. 1, գ. 75, թ 35գ. 26, թ. 203
Տե՛ս Հայազն (Պետրոսյանց) Տ., Ղազարյան Գ., 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ. Կենսագրական հանրագիտարան, էջ 114-115: Տե՛ս նաև Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Եր., Հայկ, հանրագիտ. հրատ., 2005, էջ 187:
Տե՛ս ЕФ МНЮИ – XXI век.-1998, No 07-08, сентябрь-октябрь, стр. 8 – 13, ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 131, թ. 24:
Տե՛ս Մանուկյան Ա., Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ., Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2002, էջ 90: ՀՀ ԱԱՀԱ, Կարճվ. գործերի ֆոնդ, 10865:
Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 155, թ. 24:
Նույն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 155, թ. 24-25:
Տ՛ե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 155, թ. 9, 23:
Նույն տեղում, ֆ. 200, ց. 1գ. 155, թ.9, 9 հակ.
Նույն տեղում, գ. 81 թ..2-3, 5-8, 11
Նույն տեղում, ֆ. 204, ց. 1, գ. 104, թ.. 61
Նույն տեղում, ֆ.201, ց1, գ. 489, թ. 62, ֆ.278, ց.1, գ. 11 թ. 16:
17 Ռուան Ռ. Հետախուզություն յեվ հակահետախուզություն, Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան յերկրային հայկական հրատարակչութիւն «Բոլշեվիկ», 1937, էջ 10:
18 Տե՛ս ՀԱԱ, ֆ.199, ց. 1, գ. 27, թ. 27 (72), թ. 62, ֆ. 275 (278), ց. 1, գ. 11, թ. 16:
19 ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 27, թ. 142: ֆ. 200, ց. 1, գ. 300, թ. 2-3:
20 Նույն տեղում, ֆ. 275, ց. 1, գ. 114, թ. 10 -12:
21 Լևոն Եվանգուլյան (1872-1920) –հասարակական գործիչ, իրավաբան, անկուսակցական, Վրաստանում Հայոց ազգային խորհրդի նախկին անդամ, 1919 թ. մարտի 9-ից մինչև 1920 թ. սկիզբը՝ Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ: Տե՛ս Հարությունյան Մ., Հայ-վրացական հարաբերությունները 1918-1919 թվականներին (նամակներ, զեկուցագրեր), Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ին-տ, 2017, էջ 70-71: Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն: Հատոր I, Առաջին Տարին, 1918 -1919, Եր., «Տիգրան Մեծ» հրատ., 2005, էջ 379; Hovannisian R. G., The republic of Armenia, vol. II, Barkeley, Los Angelos, London, Vol. II, 1982, p. 349:
22 Տե՛ս ՀԱԱ, ֆ.275, ց. 1, գ. 114, թ. 13: ֆ. 121, ց. 1, գ. 111, թ. 1, գ. 9, թ. 15:
23 Նույն տեղում, ֆ. 300, ց. 1, գ. 300, թ. 1-2, 8-9, 12-13:
24 Քիշմիշև Հովսեփ Արտեմի (Քիշմիշյան, 1881 թ. -1921 թ. հետո): Տե՛ս Туманян М., Дипломатическая история Республики Армения :1918-1920 гг. , Ер.: Национальный архив Армении, 25 2012, стр. 448: Տե՛ս Hovannisian R. G., The Republic of Armenia, vol. II, p. 158, 160-162, 195:
Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 300, թ. 20 -21, 23-25, 32-34, ֆ. 275, ց. 1, գ. 116, թ. 70-71, ֆ. 204, ց. 1, գ. 40, թ. 71, գ. 132, թ. 104, ֆ. 27, ց. 1, գ. 75, թ. 26, գ. 26, թ. 203, գ. 187, թ. 121: