Արամ Մանուկյանը չեղած պետականության պայմաններում հայությանն առաջնորդեց հաղթանակի․ Գեղամ Մանուկյան
28 Մայիս 2021
Հարգելի հայրենակիցներ,
սիրելի ընկերներ,
զինակիցներ,
Այսօր, մայիսի 28-ին ավանդական տոնական մթնոլորտի փոխարեն մեր երկրում իշխում է տխրությունը, հուսալքությունը։ Տասնամյակներ շարունակ Սարդարապատի հուշահամալիր համաժողովրդական երթի, լեփ-լեցուն հուշահամալիրի փոխարեն այսօր միայն ոստիկանական հազարավոր ծառայողների արգելապատնեշներն էին այնտող, համալիր մտնելու հնարավորությունից զրկված քաղաքացիներ եւ մի խումբ գլխիկորներ, որ առանց հատուկ պաշտպանության այլեւս չեն կարող ազատ տեղաշարժվել երկրում։
Այսօր Արամի արձանի առջեւ հիշում ես՝ ինչով մեր պետականության կերտիչը սկսեց Անկախության երթը, որ մեծ նավարկության հասցնի, ու մեկ էլ արձանագրում, որ բազում փոթորիկներով անցած Հայաստանի Հանրապետությունը, տեւական ժամանակ խաղաղ ընթացքից հետո հիմա կործանարար փոթորիկների մեջ է, քանի որ նավապետը խենթ է եւ չի կարողանում կառավարել։
Արամի արձանի մոտ ակամա հիշում ես 2018 թվականը, երբ պատրաստվում էինք Առաջին Հանրապետության 100-ամյակը նշել։
Տոնական, մեծ շուքով, հաղթական Բանակով, ազատագրված եւ անկախ Արցախով։ Արամի արձանն էր բացվելու մայիսի 28-ին։
Բայց անգամ դա, իր կյանքի պես, դժվարին եղավ։ Մեծախոս կարգախոսներով իշխանության եկածներն ամեն գնով խոչընդոտում էին Արամի արձանի բացումը: Մինչեւ որ, առանց պետական որեւէ թույլտվության և որոշման, 2018-ի հուլիսի 17-ին Արամ Մանուկյանն իր պատվավոր տեղը գտավ Երեւանում:
Արամն էր, որ 1918-ին միավորեց հայությանը, Արամն արդեն հարյուր տարի անց՝ 2018-ին կրկին միավորող դեր ունեցավ: Թվում էր՝ լավ մեկնարկ, լավ սկիզբ, լավ խորհուրդ, որ կարող էր նաեւ բովանդակություն ստանալ: Այդ օրը խոսք ասեց նաեւ ժողովրդի ուսերի վրա իշխանության եկածը։ Հենց այդ խոսքն է, որ այսօր արդեն կարող եմ կոչել Արամն ու հակաարամը:
Արամի հուշարձանի մոտ 2018-ին, ներկայիս հայրենադավը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային այրերի, բոլորի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաքելությունն է «լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը եւ ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»:
Ինչպիսինն էր Արամը, որին 2018-ին խոստացավ նմանվել այդ օրերին վաչապետի աթոռը ստացածն ու իր իշխանությունը, բայց գործեց ամբողջովին հակառակ՝ դառնալով հակաարամ:
Արամ Մանուկյանը չեղած պետականության պայմաններում հայությանն առաջնորդեց Հաղթանակի՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, իսկ հակաարամի կառավարումը, իր տամադրության տակ ունենալով, թեկուզ թերություններով, բայց կայացած պետական եւ անվտանգային լիարժեք համակարգ, զինված ուժեր, հանգեցրեց 44-օրյա պատերազմից հետո կապիտուլացիայի, այն էլ գաղտագողի, վախվորած ու ամեն օր նոր զիջումներով ընթացքի, որի ծայրը մինչեւ հիմա չի երեւում:
Արամ Մանուկյանը չբողոքեց ամեն քայլափոխի, թե երեւանցին վախենում է մեկնել ռազմաճակատ, փախուստ է տալիս, զենք չի վերցնում, (որն այդպես էր իրականում), այլ ուղղակի երկաթյա բռունցքով սաստեց այդ ամենը, ու դարձավ համաժողովրդական պայքարի մղիչ ուժը:
Հակաարամը 44 օրվա ընթացքում ավելի շատ ֆեյսբուքյան ստատուսներով ինչ-որ խորհրդավոր դավաճանությունների ու դավաճանների, անհասցե մեղադրանքների մասին գրեց, քան կառավարման գործով զբաղվեց:
Արամ Մանուկյանը Սարդարապատում հաղթելուց հետո միայն Երեւանում ընդունեց թուրք զորահրամանատար Վեհիբ Փաշային, որին հաղթել էր նաեւ Վանի պաշտպանությամբ, ու թուրք զինվորականն ակնածանքով եկավ Արամ Մանուկյանի մոտ: Իսկ հակաարամը, որ ամեն քայլափոխի անցնող տարիներին խոսում էր Ալիեւի կիրթ լինելու ու Արցախյան հարցը խաղաղ լուծելու պատրաստակամության մասին, արժանացավ Ալիեւի ծաղրանքին, «նե օլդու փաշինյան» հայության համար կարծես անեծք դարձած թեւավոր խոսքին, ու չպատասխանեց անգամ, դեռ ճաշի էլ նստեց հետը:
Արամ Մանուկյանը նեղ տեղում՝ ավազի վրա, իր զինակիցներով հիմնեց պետություն, պետական համակարգ, որբերի ու գաղթականների երկրում սոցիալական կառույցներ, կրթություն, բանակ, իսկ հակաարամն այս երեք տարվա ընթացքում ուղղակի ամլության մատնեց կառավարման աշխատող համակարգը, անվտանգային համակարգը, պետական կառույցները՝ դարձնելով այն չգործող, անկարող մի գոյակցություն:
Արամ Մանուկյանը թեեւ համարվում էր Հանրապետության անվերապահ առաջնորդ, բայց հրաժարվեց կառավարությունը ղեկավարել, հրաժարվեց վարչապետությունից ու ստանձնեց միայն ներքին գործերի նախարարությունը, որի պարտականությունների մեջ էր գաղթականությանը, փախստականներին օգնության հասնելը, երկիրը ոտքի կանգնեցնելը: Իսկ հակաարամը՝ Սարգսյանին հեռացնելուց հետո հանդես եկավ մեկ վերջնագրով՝ կամ ինքը լինում է վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենում:
Արամ Մանուկյանն Արարատի փեշերի տակ հավաքված հայության մեջ ռուսահայ, տաճկահայ, ցարական ու օսմանական տարբերակումները չդրեց, այլ դարձավ ժողովրդին համախմբողը, գործի առաջամարտիկը, այդ աշխատանքում էլ ախտահարվեց գաղթականներից ու հոգին ավանդեց:
Հակաարամն անգամ հայաստանյան եղանակային անբարենպաստ պայմանների համար սկսեց մեղադրել նախկիններին, շրջապատին ու քանդեց, ավիրեց ամեն ինչ:
Արամն ապրեց ժուժկալ կյանքով, չունենալով անգամ մեկ տուն, մի քանի ձեռք հագուստ: Իսկ հիմա ողջ երկիրը փաստերով խոսում է հակաարամի իշխանության ցոփ կյանքի ու պարգեւավճարների մասին:
Արամը՝ Կապանի ծնունդը, կրթություն ստացավ Շուշիում, ու Արցախի Քրասնի գյուղի իր դասընկերոջ՝ Վանա Իշխան անունով հայտնի Նիկոլ Պողոսյանի հետ երիտասարդ տարիքում նետվեց մարտի հանուն Վանի, Վասպուրականի պաշտպանության, փաստելով որ Հայրենիքը մեկն է՝ լինի Արցախի Ասկերանի շրջանի Քրասնին թե Կապանը, Շուշին, թե Վանն ու Երեւանը։
Իսկ հակաարամն ուսանողական նստարանից ներազգային ջրբաժանների, հայաստանցի-ղարաբաղցի թշնամական բաժանման որդը ներարկեց իր գրություններով ու շարունակում է մինչ այժմ։
Վերջապես Արամը գործեց Շուշիում, այնքան սիրվեց, որ մինչեւ հիմա վեճ կա. Արամը շուշեցի է, թե՞ կապանցի: Իսկ հակաարամի օրոք Շուշին հանձնվեց թուրքին:
Այսպիսինն են Արամն ու հակաարամ հայրենադավը:
Ինչու՞ այսօր այս երկընտրանքը դրեցի: Քանի որ 2018 թվականի հուլիսի 17-ին Արամ Մանուկյանի արձանի Փաշինյանը խոստացավ այնպես գործել որպեսզի ամեն անգամ նրա արձանի մոտով անցնելիս ունենա իրավունք «ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»:
Շուրջ երեք տարվա ընթացքում երբեք, երբեք Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ պետական հիշատակման միջոցառում չի կազմակերպվել, ծաղիկ չի խոնարհվել, հիշատակի հավաք կառավարական մակարդակով չի եղել, ու նա էլ Արամի աչքերի մեջ ուղիղ չի նայել։
Քանզի ինքը նոր Արամը չէր, այլ՝ հակաարամը: Արամի ու հայության թշնամին։ Արամը, Հայաստանը, հայությունը նրանը չեն։
Բայց Արամն այստեղ վեր հառնած նաեւ սրբատեղի է շատերիս համար։ Անցնող երեք տարիներին, այստեղ շատ խոստումներ են հնչել, որոնք ի կատար են ածվել։ Իշխան Սաղաթելյանը խոսեց, Արցախյան պատերազմի հարյուրավոր դաշնակցական կամավորների մասին, ես շարունակեմ։ 2018-ի դեկտեմբերին այստեղ խոստացանք, որ մեր երկրում չի լինի մի մարդու, մի կուսակցության տիրապետություն, ու ոչ մեկ վայրկյան չդադարեցրինք դրա համար պայքարը՝ փողոցում թե ոստիկանատներում, դահլիճներում թե ամբիոններից։ 2019-ին այստեղ խոստացանք, որ երիտհեղափոխականների մոլագար միտքը, Առաջին հանրապետությունից եկող «Մեր Հայրենիքը» փոխելու մասին թույլ չենք տա ու թույլ չտվեցինք։ Շատերը խոստում տվեցին ու պահեցին այդ խոստումը։ Հիմա նոր խոստման պահ է։ Հաջորդ անգամ մեր Պետականության վերակերտիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյան, ընկեր Արամ։
Վռնդելու ենք քո հակապատկեր հակաաամին, հայրենադավին, դուրս ենք շպրտելու։ Մեր երկիրը վերադարձնելու ենք ազգային պետական ուղեգիծ։ Ուղղելու ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների մեջքը։ Գործդ ենք շարունակելու։
Հունիսի 21-ին հաշվետու կլինենք քեզ։
Երեւան
28 մայիս 2021 թ.