«Մաաթ» կենտրոնը վեր է հանել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դրսևորումները
01 Հունիս 2021
Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում» փորձագիտական ուսումնասիրությունը։
Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 թ․ արձանագրությունների լույսի ներքո վեր են հանում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները և այլն։
Առանձնապես ներկայացվում են ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց արդյունքում խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների և գերիների իրավունքներն ու նրանց հետ վերաբերմունքի միջազգային պարտավորությունները։
Ըստ հեղինակների՝ Ադրբեջանական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները, որոնց զոհ են դարձել թվով 41 քաղաքացիական անձինք, իսկ ռազմական գործողությունները հանգեցրել են 110․000 քաղաքացիական անձանց տեղահանման և տասնյակ հազարավորների՝ մշտական բնակության վայրերի կորստի, ամբողջությամբ տեղավորվում են Նյուրենբերգի 1945 թ․ միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում։
Ուսումնասիրությունն ավարտվում է մասնագիտական խորհրդատվությամբ։
Ամբողջական ուսումնասիրությանը, անգլերեն և արաբերեն լեզուներով, կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
01.06.2021 թ.