Հունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օր է․ Իշխան Սաղաթելյան
09 Հունիս 2021
3 տարի առաջ էյֆորիայի ազդեցության տակ երևանցին ընտրեց նաև քաղաքային իշխանություն․ նայեք այդ իշխանությունը ինչ խոստումներ է տվել ձեզ և անցնող 3 տարիներին ինչ է արել․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա հիշեցրեց Երևանի տրանսպորտի՝ չլուծված հարցը, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցը, մետրոյի կայարանը․ անցնող 3 տարում Երևանում նույնպես անտերություն է, ասաց նա, սա է այս իշխանության նկարագիրը։
«Ցանկացած բանական մարդ հաճույք է ստանում կառուցելուց, այս իշխանությունը հաճույք է ստանում քանդելուց․ մշտապես հպարտանում են՝ քանդեցինք սրա տունը, նրա տունը։ Այս իշխանությունը շատ մարդկանց տուն է քանդել և դրա համար պետք է պատասխան տա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ այս օրերին իշխող խմբակը ՀՀ մարզերում ասում է, որ ճանապարհներ է կառուցել, դպրոցներ է կառուցել։
«Այս իշխանությունը չի ասում, թե քանի դպրոց է նվեր տվել թշնամուն․ 107 դպրոց, 17 մանկապարտեզ։ Այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին և ասել՝ քանի տուն է նվեր տվել թշնամուն։ Խոսում են այգիների ոռոգման մասին․ պետք է այս հողատուները նայեն ՀՀ քաղաքացու աչքերին և ասեն՝ քանի հեկտար են նվեր տվել Ալիևին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք պիտի տան այս հարցերի պատասխանը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացուց քվե խնդրեն, որպեսզի վերատադրվեն և նոր տարածքներ հանձնեն։
Հունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օր է՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/HQ6PkG7n_GA