Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ հաջակցություն Արմեն Չարչյանի
24 Հունիս 2021
Այսօր, հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Քաղաքացիները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրացնել իր հայեցողական լիազորությունը և վերացնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը։
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, այսօր նրանից շատ կյանքեր են կախված, թե ինչու են այս քայլին գնում՝ ինձ համար անհասկանալի է, բայց քաղաքական առումով հասկանալի է, որ պետական ապարատն ուզում է քաղաքական տեռոր անել․ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը:
«Նրանք ուզում են վախեցնել մեր համակիրներին և այն մարդկանց, որոնք մեզ ձայն են տվել»,-ասաց նա և հարցին, թե արդյո՞ք «Հայաստան» դաշինքի ղեկավարը պատրաստվում է բողոքի ակցիաներին մասնակցել՝ վերջինս պատասխանեց՝ հենց դրա կարիքը լինի, Ռոբերտ Քոչարյանը կմիանա և չի խուսափում:
«Մենք այդպես ենք որոշել, որ դեռ նրա կարիքը չկա այստեղ»,- ասաց Հակոբյանը:
«Այսօր այստեղ հավաքվել ենք ոչ թե որ նրանցից հայցենք ներողամտություն, մեծահոգություն, մենք այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարադատություն իրականացնել։ Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտեղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են և ասում՝ դիմում գրեք և հեռացեք, որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք և հեռացեք։ Ասում են՝ ՏԻՄ նոր ընտրություններին մնացել է 2 ամիս, ասում են՝ ո՛չ, հիմա պետք է անեք»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Այսինքն, սա ուժի ցուցադրություն է, ասաց նա, սա «երկաթյա մանդատի»՝ իբրև թե դիկտատուրայի, ցուցադրություն է։
«Սա հերթական շոուն է, ձախողվելու են, բայց, ցավոք սրտի, նրանց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է։ Նրանք ուզում են մեր ողնաշարը վերջնական կոտրել․ պիտի հաստատ ասենք՝ չի ստացվելու»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ իշխող ուժը ազգի իմունիտետն է ուզում կոտրել, որ վաղը-մյուս օրը խորհրդարան բերի հայ-թուրքական պայմանագիրը, բայց չի ստացվելու․ «Արմեն Չարչյանը մեզ համար սիմոլ է»։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն բողոքի ակցիային ներկայացրել էր 1930-կաններին ԽՍՀՄ դատախազ Վիշինսկու լուսանկարը ձեռքին։
«Ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերն այս մարդու լուսանկարը տեսնելիս սարսռում են, որովհետ Խորհրդային Միությունում բազմաթիվ մարդիկ 30-ական թվականներին աքսորվել են, գնդակահարվել են այդ ժամանակվա դատախազ Վիշինսկու որոշումներով»,- գլխավոր դատախազության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Գ. Մանուկյանը։
Նա ընդգծեց, եթե Վիշինսկու գլխին կանգնած էր դիկտատոր, բայց նաև պատերազմ հաղթած Ստալինը, ապա Հայաստանում գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որը պատերազմում կրել է խայտառակ պարտություն, որից 9 ամիս հետո բոլորին մեղավոր է կարգում, բացի իրենից։
«Երկուսն էլ ունեն դիկտատորական հատկանիշներ, ինչի արդյունքում քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում։ Վիշինսկու ոգով ձևավորված խորհրդային դատախազությունը 53-ին թվականին հասավ բժիշկներին, երբ բազմաթիվ բժիշկներ հայտնվեցին ճաղերի հետևում։ Այսօր մեր երկրում տեսանք մի բան, որ չէինք տեսել անցնող 30 տարիների ընթացքում»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Դաշնակցական գործիչն ասաց՝ առաջին անգամ է, որ հայտնի բժշկի ազատման պահանջով են բողոքի դուրս եկել։
Նա հայտնեց, որ փաստաբանները երեկ Չարչյանի առողջական վիճակը վատանալուց հետո դիմել են դատախազություն, սակայն մոտ մեկ օր անց դատախազությունից արձագանք չկա։
«Ես չեմ խոսում բոլոր զավեշտալի մեղադրանքների մասին։ Միայն հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար։ Պահանջը մեկն է ու հստակ, Հայաստանի գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունը և անհապաղ փոխի պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը»,- ասաց նա։
Մանուկյանը նաև ընդգծեց, պատերազմի ժամանակ Չարչյանը փրկել է բազմաթիվ վիրավոր զինծառայողների կյանքեր։