Տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովը
29 Հունիս 2021
Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովը։
Արտահերթ ընտրությունները ակնկալիքները եղել են մի քիչ այլ, իսկ ստացված արդյունքներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ․ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Իշխող ուժի կողմից օգտագործվեց ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը, վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից, մինչև ուրիշի փոխարեն ընտրությունների գնալը»,- նշեց նա:
Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ իրենց թիմը նույնպես ունեցել է թերացումներ:
«Մեզանից շատերն ունեցել են թերացումներ, մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը արդեն մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունքի և էֆեկտիվության վրա»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքը շրջել է գրեթե բոլոր մարզերով, բայց քարոզարշավի կարճ լինելու պատճառով չեն կարողացել շրջել բոլոր գյուղերով, որտեղ բնակիչները շարունակում էին մնալ տարատեսակ ստախոս յութուբյան ալիքների ազդեցության տակ:
«Մենք հանդիպեցինք հազարավոր բնակիչների, ովքեր իրենց վաղվա օրը կապել են «Հայաստան» դաշինքի հետ, բոլոր այցերի ժամանակ մենք տպավորվել ենք ստեղծված դրական մթնոլորտից»,- նշեց նա:
Վահե Հակոբյանը նաև նշեց, որ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:
«Որպես վառ օրինակ մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր կատարվում Արմավիրի մարզում, ընտրություններից մի քանի օր առաջ երկրի թիվ 1 պոպուլիստը, այդ մարզում բղավում էր, որ կա ապագա, պարզվեց, որ այդ ապագայում չկա ջուր»,- Վահե Հակոբյան:
Նա նաև ընգծեց, որ երկիրը շարունակում է գտնվել խորը ճգնաժամի մեջ, անտերության է մատնված անվտանգության հարցը:
Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել․ հայտարարեց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
«Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում»,- նշեց նա:
Արամ Վարդևանյանը նաև ներկայացրեց, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու Սահմանադրական դատարանում։ Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ նա նշեց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին:
«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նաև ընդգծեց, որ մի շարք քաղաքացիների դեպքում անձնագիրը չի աշխատել:
«Ընտրություններին մեզանից պահանջվում է անձնագիր կամ նույնականացման քարտ, բայց 109618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, իսկ մասնագետը մուտքագրում է տվյալները, բայց կարող է մասնագետը մեկ այլ անձի տվյալներ լրացնել և գուցե լրիվ այլ անձանց տվյալներ են լրացվել»,- ընգծեց նա:
Ժողովին հնչեց նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանըի ուղերձը, որը հրապարակեց նրա կինը՝ Մելանյա Հովհանիսյանը․
«Հղում եմ իմ ուղերձը անազատության պայմաններում։ Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի։ Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը։
Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։ Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,- նշել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը։
Ելույթներով հանդես եկան «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ 2-րդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները ՝ տեսանյութում