Տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
13 Հուլիս 2021
Այսօր, հուլիսի 13-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդներ Վահե Հակոբյանը և Իշխան Սաղաթելյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Հետընտրական Հայաստանում հետապնդվում են Սյունիքի համայնքների ղեկավարները, որոնք «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ են, «Հայաստան» դաշինքի մաս են կազմում․ ասուլիսին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ Մեղրիի՝ հրաժարական տված ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Հռետորական հարց՝ այս ամենն ինչո՞ւ ընտրություններից հետո․ ես համոզված եմ՝ պատասխանն ակնհայտ է, դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ առաջին հայացքից թվում է, թե կատարվողը վրեժխնդրություն է։ Այդ գործոնն էլ կա, բայց շատ ավելի խորքային արմատներ կան։ Մեր գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ են և քաղաքական տեռոր»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԺ մանդատներին, Հակոբյանն ասաց, թե «Հայաստան» դաշինքը դրանք վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ որոշումը կկայացնի ՍԴ-ի որոշումից հետո, որտեղ քննվում են ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի դիմումները։
«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,-ասաց Վահե Հակոբյանը։
Հայաստանում հետընտրական իրավիճակը հետևյալն է․ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք նաև արդեն դատավորը մեկ մարդ է՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ և հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ինքը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ իրավապահներին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հետապնդում իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, իսկ առհասարակ, «Հայաստան» դաշինքի համախոհների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասաց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ Հայաստանում շարունակվում է մեր երկրի դիմադրողականությունը կոտրելու քաղաքականությունը, և փորձում են մեկուսացնել և շարքից հանել այն բոլոր ուժերին ու անհատներին, ով մեր ազգային դիմադրողականության պահպանողն են։
«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ՝ նաև Տավուշում․ բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին, պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին, այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականցվում, և նրանց փորձում են կալանավորել»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը այս ամենը նաև կապում է առաջիկայում Հայաստանին սպասվող «ցավոտ լուծումների» հետ։
Այս իմաստով, ասաց նա, քաղաքական հետապնդումները շարունակվում են, և իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտան, որ կոտրեն ժողովրդի դիմադրողականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․