Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 65 տարեկան
16 Օգոստոս 2021
«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների, ձեր ազատության համար, մենք կառաջնորդենք ձեզ դեպի հաղթանակ: Սակայն եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում եք ապրել ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել և շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առաջ և հեռվից հետևել սեփական փրկությանը, ապա առավելագույնը, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: ․․․ Արդեն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար և հաղթանակ: Ձեր պայքարը և ձեր հաղթանակը: Պարզապես մենք ուրիշներից լավ գիտենք, որ մեկն առանց մյուսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարեն ընտրում եք կախարդական հեքիաթը․․․». Վահան Հովհաննիսյան:
Այսօր լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Հովհաննիսյանի ծննդյան 65 ամյակը:
1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ այստեղ նախ գյուղում ուսուցիչ է աշխատել :1980 թվականին զինծառայությունն ավարտելուց եւ վերջնականապես Երեւան վերադառնալուց հետո հնարավորություն է ընձեռվել վերջապես աշխատանքի անցնելու սիրած մասնագիտությամբ: Այն օրերին, սակայն համալսարանական ղեկավարները խորհրդային միությունից հեռացած այլախոհի որդուն թույլ չեն տվել դասավանդել Հայաստանի միջնադարյան պատմություն:
1980 թվականից Վահան Հովհաննիսյանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում, նախ` որպես գիտաշխատող, հետո` գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվում է Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի և վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր: Բայց ամենից աչքի ընկնող գտածոները, ինչպես եւ ինքն է նշում հարցազրույցում, պեղվել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Հովհաննիսյանի ղեկավարած արշավախումբը: ՔԱ XXIII դարի դամբարանում հայտնաբերվել են անգնահատելի գիտական և նյութական արժեք ներկայացնող գտածոներ: Դրանց թվում է հռչակավոր արծաթե գավաթը, որի վրա պատկերված դիցաբանական սյուժեն մշակութաբանորեն կապում է գավաթի ստեղծողներին մեր երկրի հնագույն հնդեվրոպական բնակչության` հայերի նախնիների հետ: Այս եւ մյուս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմության թանգարանի հպարտությունն են եւ որպես այցեքարտ ցուցադրվում են Հայաստանում ու արտերկրում:
Ռուսաստանում եղած տարիներին Վահանն աշխատել է նաեւ, այսպես ասած, ռուսական Լուվրում` Էրմիտաժում, եւ Լենինգրադի Արեւելագիտության ու հնագիտության ինստիտուտներում: Մեջբերվող հարցազրույցում, անդրադառնալով հայտնի ռուս գիտնական, Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկու կողմից ասված այն մտքին, թե ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտությունից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ հայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթե որեւէ մեկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձավ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում, չինական սահմանի վրա, հատուկ ջոկատներում էի ծառայել: Զենքին եւ պատերազմի արվեստին տիրապետում էի: Եթե գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պետք են, ուրեմն ընտրության առջեւ ես՝ եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»:
1989 թվականի Վահան Հովհաննիսյանը անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին`այսինքն` պատերազմը, դիմավորելու համար: Այդ որոնումների մեջ հանդիպեցի մի կուսակցության, որը կազմակերպչական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցվում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգությունը պարզապես օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով»:
Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո, 1990 թվականին, Վահան Հովհաննիսյանն ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ եւ գործուղվել է Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը: Իսկ 1992 թվականին Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Այդ տարիներին Հայաստանում շիկանում էր ներքաքաղաքական մթնոլորտը, աճում էր համաժողովրդական դժգոհությունը ՀՀՇական իշխանությունների ապաշնորհ գործունեության հանդեպ: Դաշնակցության համար առանձնապես անհանդուրժելի էին արցախյան հարցում թույլ տրվող սխալները: Կուսակցության դեմ ծավալվեցին հալածանքներ, կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, մի շարք ղեկավար գործիչներ որոնց թվում եւ Վահան Հովհաննիսյանը հայտնվեցին բանտում: Գտնվելով կալանքի տակ` Վահան Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
Դատաքննության ընթացքում դատարանի դահլիճում հնչեցրած նրա ելույթները շարունակությունն էին ազդեցիկ քաղաքական գործունեության:
1999 թվականին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, դարձավ Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: 2003-ին եւ 2007-ին դարձյալ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր եւ երկու անգամ էլ դարձել է Ազգային Ժողովի փոխնախագահը: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2008 թվականը:
Գլխավորել է Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Նույն տարիներին ղեկավարել է Հայաստանի Աժ պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ:
Իրականացրել է ակտիվ քաղաքական աշխատանք, թե որպես պատգամավոր եւ թե որպես ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ: 2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու:
2012թ.մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, Ղեկավարել է Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բյուրոյի անդամ:
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
2013 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսը։ Բնագիրը ռուսերեն էր, այսօր արդեն վեպը հրատարակվել է հայերեն եւ անգլերեն։ Քաղաքական գործչի շուրջ 300 էջանոց գեղարվեստական ստեղծագործությունը գրվել եւ նախապես տպագրվել էր ռուսերեն: Հայերեն թարգմանությունը կատարել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը, գրքի խմբագիրն է գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը։
«Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը ինտելեկտուալ դետեկտիվ է, վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արեւելյան Միջագետքի պատմության փուլերը համադրվելով քրիստոնեության պատմության եւ այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին՝ զարգանում են իբրեւ ֆոն մեր ժամանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր եւ արկածալի գործողությունների համար»,- նշվում է գրքի նախաբանում։
Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին: