«Մեկ հայ՝ մեկ ոսկի» փրկության առաքելության ձևավորման պատմությունից
25 Սեպտեմբեր 2021
1916 թ. Կովկասյան ճակատում ռուսական զորքերը ազատագրեցին Արևմտյան Հայաստանի որոշ բնակավայրեր՝ Էրզրումը, Տրապիզոնը և Բիթլիսը: Այդ գործում մեծ ներդրում ունեցան հայկական կամավորական ջոկատները: Հայրենիքի մի հատվածի ազատագրումը նոր հույսեր արթնացրեց արևմտահայության շրջանում: Այդ օրերին հայապահպանության կարևոր խնդիրներից էր հայության բեկորների մի ստվար հատվածի՝ մահմեդական հարեմներում ընտանիքներում, (հաճախ բռնի) պահվող հայերին (հիմնականում` կանայք և երեխաներ) հայկական միջավայր վերադարձնելը: Այդ առաքելությունը ստացավ որբահավաք անվանումը:
«Որբահավաք» բառի բացատրությունը առաջին անգամ հանդիպում է Էդ. Աղայանի բացատրական բառարանում : Համանման իմաստ ունեն նաև «հայահավաք» և «ազգահավաք» բառերը, որոնք կիրառվել են որպես հոմանիշներ: Ընդ որում, հարկ է նշել, որ որբահավաք առաքելությունը տարիքային կամ սեռային կոնկրետ սահմանափակումներ չի ունեցել: Որբահավաք աշխատանքների շնորհիվ ազատագրվածները ինչպես երեխաներ էին (հաճախ ծնողազուրկ), այնպես էլ չափահաս հայ կանայք և տղամարդիկ: Մահմեդական գերությունից իրենց հայրենակիցներին ազատագրող անհատները կոչվում էին որբախույզներ կամ որբեր հավաքողներ:
Որբահավաք առաքելությունը սկսվեց 1916-1917 թվականներին Արևմտյան Հայաստանի` ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներում՝ հետագայում տարածվելով Օսմանյան կայսրության գրեթե բոլոր հատվածներում: Գերությունից հայրենակիցների ազատագրումը իրականացվում էր փրկագնման կամ փախուստի կազմակերպման եղանակներով:
«Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսը և փրկության հանգանակության կազմակերպումը
Որբահավաք առաքելության հենց սկզբում ձևավորվեց «Մեկ հայ`մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի և փաստացի դարձավ առաքելության ֆինանսական ապահովման բաղադրիչը: Այն նպատակ ուներ փրկելու ցեղասպանության հետևանքով ֆիզիկական ոչնչացման և ուծացման եզրին կանգնած հայության բեկորներին:
«Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ Սեբաստացի Մուրադը Երզնկայում 1916 թ. ամռանը: Կարճ ժամանակ անց նրա հետախուզական խմբերի հաղորդած տեղեկություններից պարզ դարձավ, որ մահմեդական գերության մեջ գտնվող հայերի թիվն անցնում է մի քանի տասնյակ հազարը, ընդ որում` միայն ռուսական ռազմական վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Մուրադն իր զինակից ընկերների՝ Կայծակ Առաքելի և Սեպուհի հետ առաջին հերթին սկսեց բանակցություններ վարել Դերսիմի, Էրզրումի և Երզնկայի քուրդ աշիրեթապետերի հետ և խոստացավ մեկ հայի համար մեկ օսմանյան ոսկի գլխագին: Գերության մեջ գտնվող իրենց հայրենակիցներին փրկագնելու համար անհրաժեշտ էր ստեղծել համահայկական հանգանակության ֆոնդ՝ «Մեկ հայ` մեկ ոսկի», ինչի վերաբերյալ հայտարարություն տրվեց Թիֆլիսում տպագրվող հայկական թերթերում : «Армянский вестник»-ում, 1916 թ. սեպտեմբերից սկսած, պարբերաբար հատուկ սյունակով տպագրվում էին «Մեկ հայ` մեկ ոսկի» ֆոնդին հանգանակություն կատարած բարերարների անունները : Շաբաթաթերթում նշվում էր. «Կովկասի հայկական թերթերի խմբագրություններում բացվել է քրդական գերությունից հայ գաղթականներին ազատագրելու հանգանակության ֆոնդ, որոնց (գաղթականների ‒ Գ. Խ.) կյանքի գինը քուրդ «բարեգործների» կողմից հայտարարվել է մեկ թուրքական լիրա (18 ռուբլի փոխարժեքով՝ մեկ հոգու համար)» : Հանգանակությունները կատարվում էին ռուսական ռուբլով: 1916 թ. մեկ օսմանյան ոսկին համարժեք էր 18 ռուբլու:
Արդեն 1916 թ. աշնանը Ռուսական կայսրության տարբեր հայաշատ քաղաքներում սկսվեցին կազմակերպվել հանգանակություններ՝ մահմեդական գերությունից հայերի փրկագնման համար: Հանգանակված գումարն ուղարկվում էր Մոսկվա՝ «Армянский вестник», Թիֆլիս՝ «Հորիզոն» և Բաքու՝ «Արեւ» թերթերի խմբագրություններ: Թիֆլիսում հանգանակությունն արդյունավետ կազմակերպելու համար միավորվեցին բոլոր հայանպաստ միությունները՝ Մեսրոպ եպիսկոպոսի գլխավորությամբ :
Ի դեպ, հայերին մահմեդական գերությունից ազատագրելու ֆոնդին հանգանակություն էին կատարում ոչ միայն Կովկասում, Ռուսաստանում ապրող հայերը, այլև օտարազգիները՝ ռուսները, վրացիները և այլք: Ուշագրավ է, որ «Մեկ հայ` մեկ ոսկի» ֆոնդի համար հանգանակություն է կազմակերպվել անգամ հեռավոր Ճապոնիայում տեղի հայ համայնքի ջանքերով : Երբեմն մարդիկ բերում էին իրենց ոսկյա զարդերը՝ մատանի, թևնոց, ապարանջան : Հանգանակությանը մասնակցում էին նաև երեխաները: Շատ հուզիչ է Աստրախանում բնակվող փոքրիկ հայ աղջկա նամակը «Армянский вестник»-ի խմբագրությանը. «Հարգելի՛ պարոն Ամիրյան, չուզենալով հետ մնալ եղբայրներիցս, ես էլ եմ ցանկանում ազատել 5 մարդ և ահա ուղարկում եմ 90 ռուբլի: Շատ կցանկանայի իմանալ, եթե հնարավոր է, ազատվածների անունները: 2-րդ դասարանի աշակերտուհի` Վարդուհի Մամուսյան» :
Մահմեդական գերությունից իրենց հայրենակիցներին ազատագրելու համար 1916 թ. նոյեմբերի դրությամբ հանգանակվեց շուրջ 200.000 ռուբլի : «Армянский вестник»-ի համարներից մեկում հոդվածագիրը «Մեկ հայ` մեկ ոսկի» խորագրով հոդվածում ցավով գրում է. «20-րդ դարի համար անհավատալի իրականություն է. մարդկանց՝ հայերի վաճառքը հայտարարված է, և մենք՝ նրանց արյունակից և հոգևոր եղբայրները, քաղաքացիական ազատ հայերս, շտապում ենք մաքրելու նրանց վրայից ստրուկի խարանը, ինչին նրանք երբևիցե արժանի չեն եղել: Ի՞նչ ենք արել մենք:
«Հորիզոն», «Արեւ», «Армянский вестник» թերթերի հաղորդումներով մեր հասարակական կազմակերպությունների միջոցով հնարավոր է եղել հավաքել 200.000 ռուբլի… Քանի՞ հայ ենք մենք ազատագրել այդ հավաքված գումարով: 11.000, միայն 11.000: Իսկ մնացյա՞լը, չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը վստահ է, որ 11.000 թիվը վերջնական չէ, գերության մեջ դեռ կան հազարավոր հայեր, որոնք դատապարտված են մահվան, եթե նրանց չփրկագնենք: Անհրաժեշտ է նրանց բոլորին փրկագնել» : Սակայն հոդվածագիրը վստահ է, որ միայն հասարակական ուժերով անհնար է լուծել այս հսկայական խնդիրը, որքան էլ հարուստ և հայրենասեր լինեն հայերը: Անհրաժեշտ էր, որ Անտանտի «փոքրիկ դաշնակից» Հայաստանը այդ երկրների պետական աջակցությունը ստանար :
Պետք է նշել, որ առավել դժվար էր պարզել թուրքերի մոտ գերության մեջ պահվող հայերի թիվը, քանի որ, ինչպես նշում է Գ. Սյուրմենյանը, «թուրքերը իրենց մօտ գտնուած հայերը կը թաքցնէին խիստ զգուշութեամբ» : Ի տարբերություն քրդերի` թուրքերի մոտ պահվում էին բացառապես երեխաներ և երիտասարդ աղջիկներ. վերջիններս գտնվում էին հիմնականում հարեմներում: Թուրք տերերը իրենց գերիներին հայկական կողմին վերադարձնել չէին ցանկանում: Մահմեդականները և հատկապես թուրքերը հայ երեխաներին որդեգրելիս առաջնորդվում էին շարիաթի այն հայտնի դրույթով, որ, մահմեդականացնելով այլակրոն երեխաներին, կարժանանան աստծո ողորմածությանը :
«Մեկ հայ` մեկ ոսկի» հայահավաք առաքելության արդյունքները
Հայոց ցեղասպանության տարիներին սկիզբ առած որբահավաք առաքելությունը՝ «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով, արդեն 1916 թվականի մի քանի ամիսների ընթացքում տվեց զգալի արդյունք:
Մահմեդական գերությունից ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից՝ Էրզրում, Բիթլիս, Տրապիզոն և Վան, ազատագրվեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեջ գերակշիռ թիվ էին կազմում հայ երեխաները և հարեմներ վաճառված երիտասարդ կանայք: Կարճ ժամանակահատվածում «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսը, որը դարձավ որբահավաքի ամենաարդյունավետ բանաձևը, գործադրվեց նաև Օսմանյան կայսրության այլ բնակավայրերում, մասնավորապես` Սիրիայում և Միջագետքում, որտեղ հազարավոր հայ կանայք և երեխաներ գտնվում էին արաբական տարբեր ցեղախմբերի մոտ: Նրանց ազատագրմամբ սկսեցին զբաղվել Հայկական լեգեոնի կամավորները, նաև անհատներ, որոնք միսիոներների, բեդվինների տեսքով շրջում էին արաբական հեռավոր բնակավայրերում, հայտնաբերում իրենց ազգակիցներին, ազատագրում և փոխադրում նրանց հայաշատ կենտրոններ: Նրանցից հատկապես հիշատակման արժանի է Ռուբեն Հերյանը: Նա, հայ լեգեոնականի զինվորական համազգեստը փոխարինելով բեդվինի զգեստով, շրջում է Դեր-Զորի արաբների վրաններով, հայտնաբերում և ազատագրում շուրջ 800 հայ երեխաների և հարեմներում պահվող կանանց :
Մուդրոսի զինադադարից հետո որբահավաք աշխատանքների կազմակերպումը դառնում է ոչ միայն առանձին անհատների կողմից իրականացվող հայապահպան գործը, այլև հայկական միությունների գործունեության հիմնական առանցքը: Ազատագրման հիմնական միջոցներն էին թուրք, քուրդ կամ արաբ տերերի դրամական վարձատրությունն ու կաշառքը: Այդ նպատակով 1919 թ. Հայ բարեգործական ընդհանուր միությունը ստեղծում է «Ազատագրումի հիմնադրամը», որը կազմակերպում է Ագապա-Քերեքի, Հորանի և Դեր-Զորի շրջաններում հայերի ազատագրումը մահմեդական գերությունից: Միության նախագահ Պողոս Նուբարը այս հարցում մեծապես օգտագործեց նաև իր հեղինակությունն ու միջազգային կապերը: 1919 թ. հունվարի սկզբին Փարիզում Պողոս Նուբարի հետ հանդիպումից հետո Հիջազի գահակալ Հուսեյին իբն Ալին կարգադրեց արաբներին վերադարձնել իրենց մոտ պահվող հայ կանանց և երեխաներին :
Կ. Պոլսում, նրա հարակից շրջաններում, ինչպես նաև Թուրքիայի ներքին գավառներում՝ Անգորա, Յոզղատ, Մալաթիա, Մարդին, Տիգրանակերտ, որբահավաք ակտիվ գործունեություն էր ծավալում նաև հայկական խոշորագույն նպաստամատույց կազմակերպություններից մեկը՝ «Ազգային խնամատարությունը», որը սերտորեն համագործակցում էր հայոց եկեղեցու, մասնավորապես` Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն Եղիայանի հետ :
Եթե սկզբնական շրջանում՝ 1916-1917 թթ., որբահավաք աշխատանքները ծավալվում էին գլխավորապես Օսմանյան կայսրության` ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներում, ապա զինադադարից հետո՝ 1918 թ., դրանք լայն թափով ծավալվեցին նաև կայսրության հարավային և կենտրոնական հատվածներում: Սկսվեց նաև հայ կանանց և երեխաների ազատագրումը արաբական հարեմներից: Այս գործում մեծ ներդրում ունեցավ դանիացի միսիոներուհի Քարեն Եփփեն, որը` որպես Ազգերի լիգայի Առևանգված կանանց և երեխաների հանձնախմբի կոմիսար, 1921 թ. իր որդեգիր զավակի՝ Միսակ Մելքոնյանի հետ ազատագրեց մոտ 2000 հայ՝ օգտագործելով «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսը: Եփփեի հայահավաք գործունեությունը կոչվում էր «Փրկության միսիոն» կամ «Ազատարար միսիոն», իսկ պաշտոնապես` Մերձավոր Արևելքում ազգերի դաշնակցության կանանց և մանուկների պաշտպանության գործ :
1926 թ. «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսը որդեգրեց Հայկական կարմիր խաչը:
Այսպիսով` Հայոց ցեղասպանության տարիներին սկսված և ծավալված որբահավաք աշխատանքների նպատակն էր մահմեդական գերությունից ազատագրել կոտորածներից մազապուրծ հազարավոր հայերի:
Որբահավաք աշխատանքների համար նյութական միջոցներն ապահովող կարգախոսի գործադրման հենց սկզբի ամիսներին՝ 1916 թ. օգոստոս-նոյեմբեր, «Մեկ հայ՝ մեկ ոսկի» ֆոնդին հանգանակվեց շուրջ 200.000 ռուբլի, որով փրկագնվեց 11.000 մարդ: Չնայած հայ հասարակարգում մարդկանց առուվաճառքը երբևէ չի խրախուսվել, դեռ ավելին` մեր հասարակության համար խորթ են ստրկատիրական հասարակարգին բնորոշ դրսևորումները, այնուամենայնիվ, ցեղասպանության տարիներին հայ հասարակության մեջ քաջալերվում էր մահմեդական ստրկությունից իրենց հայրենակիցներին փրկագնով ազատագրելը:
Գոհար Խանումյան