ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ակցիան կառավարության շենքի առջև
07 Հոկտեմբեր 2021
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը այսօր, հոկտեմբերի 7-ին ակցիա է իրականացրել կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։
Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
Զարմանալի կլիներ, եթե ոստիկանության աշխատակիցները բավարարվեին միայն հորդորներով։ Երբ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը բարձրախոսով հիշեցնում էր Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած ապազգային եւ անպատասխանատու հերթական հայտարարության մասին, ոստիկանությունը նրան ուժի գործադրմամբ բերման ենթարկեց:
Նման օրենք, կարգավորում չկա, որ ռուպր օգտագործելու համար մարդկանց բերման ենթարեն․ կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչի՞ց էիք դուք ուզում ազատվել 2018 թվականին, երբ համատարած փողոց էինք փակում, ինչից էիք ուզում ազատվել, և հարց տվեք կարողացանք ազատվե՞լ, թե՞ կրկնապատիկ վատ իրավիճակում հայտնվեցինք։ Նախկինում երբևէ ռուպերով խոսելու համար տեսե՞լ եք բերման ենթարկեն։ Սա է Փաշինյանական Հայաստանը ու դուք պետք է հաշտվեք, որ այս իրականությունում եք ապրում կամ էլ եկեք միասին հասկանանք՝ ոնց ենք փոխում սա»,- նշեց Վարդանյանը։
«Այսօր մենք եկել էինք ՀՀ թիվ մեկ հողատուին ասեինք, որ Շուշիում այս 30 տարվա մեջ բազմաթիվ բաներ են կառուցվել, բազմաթիվ գործեր են արվել»․ ,-ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:
«Այն, ինչ ինքն է ներկայացնում, որ Շուշիում ոչ մի բան չի արվել, դա սուտ է և մանիպուլյացիա: Ընդամենը եկել էինք դա ասեինք: Չէինք եկել, որ հայհոյեինք կամ էլ Սյունյաց ողջույն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Գոռ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բարձրախոսով խոսելու համար բերման ենթարկված իրենց ընկերոջը, Գոռ Սարգսյանն ասաց, որ այդ հարցը հնարավորինս բարձրաձայնելու են, քանի որ սա բռնաճնշում է:
«Սրանք կոնկրետ ճնշումներ են ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուզում են իրենց խոսքը փոխանցել, իրենց ձայնը բարձրացնել: Ո՛չ փողոց էինք փակելու, ո՛չ ինչ-որ իրեր էինք շպրտելու կառավարության շենքի դիմաց: Մենք տալու էինք քաղաքական գնահատականներ: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խոսալուց ապացուցում է, իր բերանով ասում է, որ հողատու է և չի սպասարկում ՀՀ-ի շահերը»,-նշեց Գոռ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցից հետո ոստիկանները մոտեցան Գոռ Սարգսյանին և նրան ևս բերման ենթարկեցին:
Մեր խաղաղ ակցիան ավարտում ենք, բայց շարունակելու ենք մեր պայքարը: Ակցիայով մենք ուզում էինք հերթական անգամ բարձրաձայնել, որ Շուշին եղել է ու կլինի հայկական, եւ այս 30 տարվա ընթացքում այնտեղ իրականացվել են մեծածավալ կառուցապատումներ. ասաց ՆԱՈՒՄ վարչության անդամ Արփի Աբրահամյանը։
«Ասվածի վառ ապացույցը ձեռքիս պաստառն է»,- ասաց ակցիայի մասնակիցը, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց պաստառի վրա պատկերված՝ տարբեր ժամանակաշրջանների Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Ժամեր անց, հայտնի դարձավ, որ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվել։
Մանրամասները տեսանյութում։
https://youtu.be/s9dZNESHMz4