ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը
08 Հոկտեմբեր 2021
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն, այսօր հոկտեմբերի 8-ի ամփոփել է խորհրդարանական քառօրյայի աշխատանքները։ Խմբակցության ներկայացուցիչները հանդես են եկել ճեպազրույցով։
Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հարկադիր պատվաստման մասին ու ցուցումներ տալիս իրավապահ մարմիններին, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ պաշտոնեական լիազորությունների չարաշահում․ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի կարծիքով, կառավարության ղեկավարը հանցավոր արարք է գործել, որի համար լիակատար պատասխանատվություն է կրում։
«Դա ենթադրում է հստակ քաղաքական պատվերի կատարում։ Մենք գործ ունենք դիկտատուրայի հաստատման հերթական փորձի հետ»,- ասաց Մինասյանը։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը․ հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Նա քննադատեց նախագահին օրենքը ստորագրելու համար: Ընդդիմության կարծիքով՝ օրենքն իր բնույթով հակասահմանադրական է:
«Նոր խոշորացումը կոնկրետ քաղաքական նպատակ է հետապնդում։ Իշխանությունը մտադիր է ամրապնդել իր դիրքերը երկրի ողջ տարածքում»,-ասաց նա։
Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք կարող են ազատ բանակցել․ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Այնուամենայնիվ, նա կասկածի տակ դրեց ներկայիս իշխանության՝ ինքնակամ լիազորությունները վայր դնելու որոշումը։
Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ գործի կդրվեն բոլոր հնարավոր մեթոդները վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին հեռացնելու համար:
«Մենք տեսնում ենք, թե որքան են իշխանությունները վախենում նույնիսկ ամենաաննշան բողոքի ցույցերից: Մենք կփորձենք բարձրացնել մեր նկատմամբ հասարակության վստահության մակարդակը, ձեւավորել իշխանափոխության պահանջ»,-նշեց նա։
Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որպեսզի Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվել հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին․ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչն էլ քարոզարշավի ընթացքում նոր երանգ է ստացել.
«Իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ՝ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը: Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը: Պարոն Խաչատրյանը և իր գործընկերները, որոնք պատերազմի ժամանակ ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք կամ Արցախ, հարցականի տակ են դնում Առուշանյանի մարտական գործողություններին մասնակցելը»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցն՝ ամբողջությամբ։