ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի դեմ սանձազերծված գործողությունները
05 Նոյեմբեր 2021ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում․
Հարգելի նախագահ, գործընկերներ,
Մեր օրակարգի հիմնական սևեռումը Աֆղանստանն է, և, իրավամբ, տարածաշրջանում հետագա նոր առճակատումները կանխելու և երկարատև լուծումների հասնելու համար անհետաձգելի գործողություններ և որոշումներ են անհրաժեշտ։ Սակայն պիտի նշեմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները նույնքան կարևոր են և դրանք պահանջում են հավասարակշռված որոշումներ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների վրա։
ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և կայունության հարցերով զբաղվող և պատասխանատու կազմակերպության ուշադրությունն եմ ուզում բևեռել Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող նոր իրողությունների վրա։
Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած ագրեսիային, ուր Թուրքիան անմիջական մասնակից էր և հովանավորում էր միջազգային ահաբեկիչների։ Խախտելով միջազգային օրենքներ և մարդու իրավունքներ՝ ադրբեջանական բանակի կողմից իրականացվեցին սարսափելի հանցագործություններ, կիրառելով քիմիական զենք, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ավերելով և ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։
Մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասեցրեց ագրեսիան, սակայն անվտանգության հարցերը շարունակում են մնալ չլուծված։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, ավելին, արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանական զորքերը՝ խախտելով ՀՀ պետական սահմանները՝ օկուպացրել են Հայաստանի տարածքներ։
Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած գործողությունները։ Մենք նաև նախազգուշացրել էինք ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին, որ, եթե չկարողանանք այս խնդրին ճիշտ և համակողմանի անդրադառնալ, ապա մենք կունենանք օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման ավելի ու ավելի շատ դեպքեր, իսկ ԵԱՀԿ տարածքում վերջիններս կդառնան իշխանություն ձևավորելու և քաղաքական նպատակներ հետապնդելու միջոց: Աֆղանստանի օրինակը շատ խոսուն է։
Ի վերջո, շեշտելով և վերահաստատելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական ճանապարհով։ ԼՂ հակամարտությունը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իր արդար հանգուցալուծմանը՝ որը պետք է հենվի Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման վրա, ներառի տեղահանված բնակչության երաշխավորված և անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պահպանումը:
Տիկնայք և պարոնայք, մենք կարող ենք կանխել ապագա բռնություններն ու հանցագործությունները, եթե այսօր իսկ պայքարենք դրանց դեմ։
04․11․2021