Պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը. Սեյրան Օհանյան
08 Նոյեմբեր 2021
Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը պատերազմին գնահատականներ տալու փոխարեն, պարտության բեռը փորձեց բարդել նախկինների, բանակի վրա։ «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Բանակը երբեք անձեռնմխելի չի եղել, միշտ եղել է քաղաքացիական, հասարակական վերհսկողության ներքո։ Դուք բոլորդ ձեր դեսպանն եք ունեցել բանակում, ձեր որդիների տեսքով, դուք տեսել եք, թե ինչ է կատարվում բանակում։ Բանակը կառուցվել է, Արցախ ազատագրել, Հայաստանի սահմաններն է անառիկ պահել, Հայաստան–Արցախ անվտանգային մի հզոր միջավայր ձևավորել, որը մեր տարածաշրջանում գործոն է եղել։ Հիմա այլ գործոն է՝ Հայաստանն առանց Արցախի կամ Արցախը անկլավային վիճակում։ Այս իշխանություններ են բանակը քանդել, ամեն օր հարվածել բանակին՝ կադրային, հրամանատարների, ԳՇ պետի, տեղակալների արագ փոփոխություններով և քաղաքական կախվածության մեջ դնելով նրանց։ Կառուցվածքային փոփոխություններով ուռճացրել են համակարգը և իրենց քաղաքականությանը համահունչ՝ բանակը փիառի մակարդակի են հասցրել՝ նրա զարգացման գործընթացն իջեցնելով սովորական տնտեսական մակարդակի։ Եվ սա է պատճառներից մեկը, որ պարտություն կրեցինք։ Պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ կառավարման ցածր մակարդակով, պետության հնարավորությունները ռազմական ռելսերի վրա չդնելով ու բանակին մենակ թողնելով իշխանությունը պետությանը տարավ պարտության։
Ասածին որպես օրինակ, Օհանյանը պատերազմից մի դրվագ առանձնացրեց ու հարցադրում արեց. «Ու՞ր էր այս պետության ղեկավարությունը, երբ հարավում մխրճում եղավ ու չկարողացան գնալ, բանակի թիկունքին կանգնել, վերախմբավորում անել, զինվորի ու հրամանատարի կողքին կանգնել։ Այնինչ, շքանշաններով, մեդալներով սկսեցին պարգևատրել շարքայինին, ինչպես իրենց մոտ ընդունված է, դրամական պարգևավճարի մակարդակի իջեցնելով։ Եվ ամբողջ այդ ուղղությամբ պարտության համար խրախուսեցին, տարբեր կոչումներ տալով»։
Օհանյանը նաև հիշեցնելով վերջերս Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ուսանողները պետք է ինժեներական սարքավորումներ, բահեր վերցնեն ու գնան սահմաններ, խրամատներ փորեն, ասաց. «Պետությունն ունի այդ բոլոր հնարավորությունները, ինժեներարական ներուժը՝ սահմանները կահավորելու համար»։
Իրավիճակից դուրս գալու ելքերի մեջ նա առանձնացրեց բանակին։ «Բանակն այսօր ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան, այս իրավիճակից դուրս գալու ամենամեծ հնարավորությունն ունի բանակը, որովհետև այն գտնվում է ուղղահայաց ենթարկվածության և հրամատարության, կարգապահության ներքո»։