Հրատապ խնդիր է կասեցնել նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը․ Արմեն Ռուստամյան
29 Նոյեմբեր 2021
44-օրյա պատերազմը զգալի փոխել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները․ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացմանը։
«Եթե մինչև այս պատերազմը հայության և Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանանկի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը և այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։
«Նկատի ունենալով Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները Հայաստանին եւ Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն է եւ Արցախի հայաթափումն է: Մեր գլխավոր խնդիրը դրա բացառումն է: Թուրքացումը Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ բազմամակարդակ ու բազմաբնույթ կախվածության վիճակն է: Թուրքացման անմիջական վտանգը կենսական զիջումներով ուղեկցվող հայոց պետականության փլուզումն է, երբ Հայաստանը վերածվում է իրավական առումով անկախ, բայց փաստացի Թուրքիայից կախյալ կցորդ երկրի»,-ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով Արցախի հայաթափման խնդրին, նա նշեց, թե որոնք են այդ հայաթափումը թույլ չտալու պայմանները. «Արցախի՝ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակի բացառումը, Արցախի անկլավային վիճակի բացառումը, Արցախի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովումը, Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի խնդիրը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրվունքի իրացումը երաշխավորելու Հայաստանի հանձնառության վերականգնումը, Արցախի անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունն ուղղված լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման, «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւի կիրառումը Արցախի անկախության ճանաչման գործընթացում»:
https://youtu.be/i8Tjgeo1tGE