Հայ-ռուսական հարաբերությունների բարդ թնջուկը
25 Հունվար 2022
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմը կտրուկ մեծացրեց Ռուսաստանի մասնակցությունը մեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և անվտանգային գործընթացներին։ Պատերազմի ավարտին` 2020 թ. նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտնի փաստաթղթում, ի թիվս ադրբեջանա-հայկական ռազմաքաղաքական օրակարգային խնդիրների, անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կարևորության մի շարք այլ հարցերի, որոնցից էին տնտեսական կապերի ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը և այլն։ Իսկ այն փաստը, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը պատերազմի հետևանքներից մեկն է, շատ փորձագետների և քաղաքական գործիչների առիթ տվեց խոսելու այն մասին, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը սկսում է վճռորոշ դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ սպառնալով անգամ նրանց սուվերենությանը։
Իհարկե, հասկանալի է, որ, լինելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը, Ռուսաստանը հաճախ դառնում է նաև ուժային այս կամ այն կենտրոնի շահերը պաշտպանող շրջանակների հարձակումների, տարաբնույթ մեղադրանքների և քարոզչական թեզերի զոհ։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել այն փաստը, որ հայ հանրությունը լիարժեքորեն տեղեկացված չէ մեր տարածաշրջանում Ռուսաստանի նպատակների, առաջնահերթությունների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգային ծրագրերի մասին։ Այս երկու իրողությունները, հաճախ` նաև ռուսական կողմի հակասական մոտեցումներն ու վարքագիծը, որոշակի խնդիրներ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հանրային ընկալումներում, որոնք, անկասկած, կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկու երկրների թե՛ տարածաշրջանային և թե՛ երկկողմ ուղղվածության քաղաքականության վրա։
Մեծ հաշվով, դա արդեն իրողություն է։ Կարծում եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի, եթե պնդեմ, որ հայ ժողովրդի մի ստվար հատված 2020 թ. 44-օրյա պատերազմի հիմնական մեղավորների շարքում նշում է նաև Ռուսաստանի անունը։ Մեր հայրենակիցների այդ հատվածն իրեն դավաճանված է զգում և այլևս որևէ հույս չի կապում հյուսիսային դաշնակցի հետ։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև ռուս ժողովրդի զգալի հատվածի մասին։ Նրանք էլ վստահ են, որ Հայաստանն ու հայ հանրությունն ըստ արժանվույն չեն գնահատում պատերազմը կանգնեցնելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։ Նրանց խոսքերը շատ կոպիտ ու վիրավորական են և հանգում են մոտավորապես հետևյալին. «Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ։ Գնացեք, թող թուրքերը կոտորեն ձեզ։ Մենք ձեզ փրկեցինք, իսկ դուք նույնիսկ շնորհակալություն չեք հայտնում մեզ դրա համար»։
Նշված դիսկուրսը, որը, իհարկե, շատ տհաճ է, նոր չէ ներդրվել հայ և ռուս ժողովուրդների հանրային քննարկումների օրակարգում։ Կասկածից վեր է՝ դա արվել է մեր երկու երկրների թշնամիների կողմից։ Եվ նրանք հաջողել են այդ գործում։ Այնքան են հաջողել, որ կարողացել են կործանարար այդ բանավեճի մեջ ներքաշել անգամ հայ և ռուս այն գործիչներին, որոնք մշտապես կանգնած են եղել իրենց երկրների ազգային շահերի պաշտպանության դիրքերում։ Օրինակ` ռուս հայտնի գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինը։ Հիշում եմ, թե Պրիլեպինը որքան դիպուկ և խոր բնորոշում էր տվել 2016 թ. Ապրիլյան պատերազմի առնչությամբ Ռուսաստանի հինգերորդ շարասյան հնարավոր վարքագծին։ Իր անձնական բլոգում այն ժամանակ նա գրել էր, որ եթե Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, Ռուսաստանի հարաբերություններն էլ Թուրքիայի հետ լարված են, ուրեմն երկրի «լավագույն մարդիկ» երկրպագելու են Ադրբեջանին։ «Ինչպիսի անսխալ ընտրություն են կատարում լավագույն մարդիկ դեպքից դեպք։ Եթե վաղը Ռուսաստանը պատերազմի երեքոտանի մարդակեր դեգեներատների ցեղերի դեմ, որոնք կտրում և տեղում խժռում են պարտվածների սեռական օրգանները, ես գիտեմ, թե ում կերկրպագեն նրանք։ Գրողը տանի, ախր դրանք անսխալական մեքենաներ են։ Ո՞վ է նրանց այդպես ծրագրավորել։ Թեկուզ փոքրիկ խափանում նրանց համակարգում հնարավո՞ր է», – գրել էր Պրիլեպինը։ Իսկ ահա 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը, նույն Պրիլեպինը սկսեց միանգամայն այլ երգ երգել։ Այդ օրը նա մի գրառում արեց, թե Հայաստանը շատ շտապ պետք է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնի, իսկ «բոլոր քաղաքական գործիչներին, բլոգերներին ու ակտիվիստներին, որոնք կընդդիմանան դրան, փաթեթավորել և ծանրոցներով ուղարկել Թուրքիա»։ Փոքր-ինչ ուշ Պրիլեպինը հանդես եկավ նման մեկ այլ գրառմամբ, իսկ երբ ես ակնարկեցի, որ այդպիսի գնահատականներն ու վերաբերմունքը չեն սազում իր պես մտավորականին, ստացա շատ կտրուկ պատասխան. «Այսի՞նքն։ Իբրև դաշնակից գալ և ռուս տղաներին թաղել Հայաստանի անկախությա՞ն համար։ Որպեսզի Հայաստանի հաջորդ նախագահը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշո՞ւմ կայացնի» ։
Ներողություն եմ խնդրում ընթերցողից մասնավոր և այսչափ ծավալուն մեջբերումներ անելու համար, բայց կարծում եմ, որ Պրիլեպինն իսկապես այն գործիչներից է, որոնց մոտեցումները կարելի է որպես տվյալ խնդրի ոչ միայն առկայության, այլև խորության ցուցանիշ ընդունել։ Այդ մոտեցումները թե՛ հայ և թե՛ ռուս մտավորականության շրջանում վաղուց արդեն համատարած են դարձել։
Փոխադարձ մեղադրանքներն անսպառ են ու անցել են բարեվարքության բոլոր սահմանները՝ ազդելով երկու երկրների քաղաքական առաջնորդների կայացրած որոշումների որակի վրա։ Համենայնդեպս, հիմա արդեն կարելի է փաստել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում գերիշխող է դարձել ոչ թե քաղաքակրթական, կրոնական ու մշակութային գործոնների ազդեցությունը, երկու ժողովուրդների պատմական մտերմությունը, այլ, այսպես կոչված, պրագմատիկ շահը կամ այն, ինչն ընդունված է պրագմատիկ շահ անվանել։ Որպես դրա հետևանք կարելի է մատնանշել նաև այն հանգամանքը, որ այդ «պրագմատիկ շահ» կոչվածն էլ հաճախ ընկնում է Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդների ու թշնամիների ազդեցության տակ՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով երկու դաշնակից պետությունների համար։
Անկախ այս ամենից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են մնալ Հայաստանի կարևորագույն և ամենահեռանկարային խնդիրներից մեկը: Հետևաբար մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգային թիվ մեկ հարցը պետք է լինի պաշտոնական Մոսկվայի հետ իրապես գործընկերային և կարևորը՝ վստահելի հարաբերությունների կառուցումը: Հակադրությունները, ոչնչով չհիմնավորված հավակնությունները, մրցակցությունը այդ խնդրի լուծման լավագույն տարբերակները չեն։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությունն այդքան կախված է մեր տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայությունից։ Իհարկե, նաև չի կարելի պնդել, որ Մոսկվայից հնչող ամեն խոսք վերջին ատյանի ճշմարտություն է, և մենք պարտավոր ենք հետևել նրանց ցուցումներին։ Ամենևին ոչ։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների այնպիսի տրամաբանության կառուցումն է, որը հնարավորություն կտա կողմերին մեկտեղելու իրենց ջանքերը արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և երկկողմանի պոտենցիալը լիարժեքորեն օգտագործելու հարցում։ 2019 թ. ապրիլին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայ-ռուսական հարաբերությունների համար առաջարկել էր «Երկու պետություն՝ մեկ նպատակ» բանաձևը ։ Սակայն այն ժամանակների իրողությունները, ինչպես նաև արդեն հիշատակված արտաքին ազդեցությունները թույլ չտվեցին, որ հայ դիվանագետի առաջարկը լսելի լինի Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների համար։ Իսկ այժմ մեր երկիրը, ցավոք, իր համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդիրը լուծելու ռեսուրս գրեթե չունի։
Իսկ ի՞նչ է այժմ կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Եթե լսելու լինենք երկու երկրների ղեկավարների ու բարձր պաշտոնյաների հայտարարությունները, ապա ամեն ինչ լավ է. քաղաքական կապերն ակտիվ են, ապրանքաշրջանառությունը մեծանում է, առևտուրը` զարգանում, սոցիալական խնդիրները` լուծվում և այլն։ Բայց ակնհայտ է, որ, չնայած այս ամենին, հայ-ռուսական հարաբերությունները հեռու են իրապես դաշնակցային մակարդակի լինելուց. չկան ընդհանուր նպատակներ։ Բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, հիմնականում տեխնիկական բնույթի են և բնորոշ ցանկացած երկու երկրների հարաբերություններին։ Պարզ է, որ հաղորդակցության նման մակարդակն այն չէ, ինչը կարող էր բավարարել Հայաստանի ու Ռուսաստանի իրական շահերը։ Այս հարցում խնդիրներ շատ կան, որոնց հաղթահարման համար, սակայն, միանգամայն այլ իրողություններ են անհրաժեշտ։ Նվազագույնը՝ Հայաստանի ու Արցախի քաղաքական շահի համար կռիվ տվող իշխանություն Երևանում։ Բայց սա թերևս հետագա քննարկումների հարց է։
Վերադառնանք Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղություններին և հայկական ազգային շահին դրանց առնչությանը։ Ինչպես հայտնի է, 2021 թ. քաղաքական տարին մեկնարկեց հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմամբ, որի արդյունքներով կողմերը որոշեցին երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը կյանքի կոչելու գործով ։ Սա ռուսական կողմի առաջարկն էր, որը հնարավորինս շուտ իրագործելու համար սույն հայտարարության 4-րդ կետում կոնկրետ ժամկետներ էին նշված։ Այսպես` ՀՀ, ԱՀ և ՌԴ փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը պետք է արդեն 2021 թ. մարտի 1-ին երեք երկրների ղեկավարների հաստատմանը ներկայացներ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տրանսպորտային նոր ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը։ Սակայն այս գործընթացը բավական ձգձգվեց և մինչ այս պահը մնում է անավարտ։
Հունվարի 11-ի հանդիպման ընթացքում պաշտոնական Մոսկվան փաստորեն ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր համար ամենակարևոր դրույթը՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Վստահ եմ՝ քաղաքական զարգացումներին հետևող ընթերցողը նկատել է, որ ամբողջ տարվա ընթացքում ռուս քաղաքական գործիչները հենց այս խնդիրն էին հիմնականում շեշտադրում: Սակայն այս հարցն ունի մի շարք խութեր և խոչընդոտներ, որոնք ակնհայտորեն խանգարում են թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին։ Խոսքը առաջին հերթին թուրք-ադրբեջանական դաշինքի` ՀՀ տարածքով անցնող և որևէ կերպ վերահսկողության չենթարկվող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք ստեղծելու պահանջի մասին է։ Այս հարցի առնչությամբ ռուս պաշտոնյաների հայտարարությունները հիմնականում համընկնում են այն դիրքորոշման հետ, որը բարձրաձայնվում է պաշտոնական Երևանի կողմից, այն է` ապաշրջափակվող ճանապարհները պետք է մնան այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքներով անցնում են։ Միևնույն ժամանակ ռուսական մամուլն ու իշխանամերձ փորձագիտական շրջանակները նշում են նաև, որ այդ միջանցքը կարող է վերահսկվել Ռուսաստանի համապատասխան ծառայությունների կողմից։ Ավելորդ չէ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, որ ՀՀ տարածքով անցնող` Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները» ։
Ելնելով այս ամենից՝ կարելի է պնդել, որ Ռուսաստանը կողմ է մեր տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը պայմանով, որ դրանց հսկողությունն իրականացվի հենց իր կողմից։ Եվ սա Հարավային Կովկասում ՌԴ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևոր առաջնահերթություններից մեկն է։
Երկրորդ կարևոր հարցը, որ փորձում է լուծել Ռուսաստանը, մեր տարածաշրջանում իր ռազմական ներկայությանը սպառնացող վտանգների չեզոքացումն է։ 2021 թ. ողջ ընթացքում մենք եղել ենք ականատեսն այն բանի, թե ինչպես են Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանությունները մեծացնում իրենց զորամիավորումների կարողությունները Հայաստանում և Արցախում։ Ամբողջ տարվա ընթացքում շարունակ հայտարարություններ են հնչել այն մասին, որ ռուսական զորքը, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերը դեռ երկար կմնան տարածաշրջանում։ Ավելին՝ ռուսական զորքերն ընդլայնել են Հայաստանում իրենց ներկայության աշխարհագրությունը և այժմ արդեն ապահովում են նաև հայ-ադրբեջանական սահմանի զգալի հատվածի անվտանգությունը։ Սա կարևոր ուղերձ է, որը խոսում է Ռուսաստանի մտադրությունների լրջության մասին։
ՌԴ տարածաշրջանային քաղաքականության երրորդ կարևոր ուղղությունը Հարավային Կովկասում այլ տերությունների հնարավորությունների սահմանափակումն է։ Այս հարցում Ռուսաստանը մրցակցում է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի, և՛ Արևմուտքի հետ։ 2021 թ. նոյեմբերի 19-ին, ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է իր արտաքին գերատեսչությունից անվտանգության երաշխիքներ ստանալու համար բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ։ Այդ երաշխիքների թվում են նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության բացառումը և Ատլանտյան դաշինքի զորքերի ու ռազմական համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարող և Ռուսաստանի համար սպառնալիք ներկայացնող տարածաշրջաններում։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մեր տարածաշրջանում ավելացել է նաև ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի՝ Թուրքիայի ռազմական ներկայությունը, ապա կարելի է ենթադրել, որ այս իրողությունը նույնպես պիտի առաջացնի Մոսկվայի հակազդեցությունը։ Իհարկե, արցախյան վերջին պատերազմից հետո Ռուսաստանն ու Թուրքիան մի շարք հարցերում կարծես բավական լավ փոխըմբռնում ունեն, բայց նաև նկատելի է, որ երկու կողմերի հարաբերությունները սրընթաց անկում են ապրում։ Համենայնդեպս, Անկարային ու Մոսկվային այլևս չի հաջողվում կոծկել մի շարք կարևոր հարցերում կողմերի հակասությունները։ Ավելին` ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք վաղուց արդեն անցել են բաց սպառնալիքների լեզվին։
Ամենից կարևոր և հեռանկարային խնդիրը, սակայն, որ Ռուսաստանը փորձում է լուծել մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասի ամբողջական ինտեգրումն է ռուսական առաջնորդությամբ գործող կառույցներում։ Մյուս բոլոր առաջնահերթությունները ծառայում են հենց այս՝ ամենագլխավոր նպատակին։ Պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, իսկ հետագայում` նաև միութենական պետությունների կարգավիճակում։ Բայց ահա այս հարցում ի հայտ են գալիս Ռուսաստանի ամենամեծ խնդիրները՝ թուրք-ադրբեջանական, վրաց-արևմտյան, իրանական, չինական և այլ հակազդեցությունները։ Չնայած մեր պետության աղետալի վիճակին՝ ռուսական այդ ծրագրերի առումով խնդիրներ կան նաև Հայաստանում։ Դրանց մի մասին արդեն անդրադարձել ենք մեր հոդվածի սկզբում։ Բայց դա ամենը չէ։ Իրական խնդիրն այն է, որ ռուսական ինտեգրացիոն ծրագրերը Հայաստանում հիմնականում ընկալվում են որպես երկրի գաղութացման գործընթաց։ Սխալվո՞ւմ են արդյոք այդպես մտածող շրջանակները։ Իրողությունն այն է, որ Ռուսաստանից ստացվող ազդակներն այլ ենթադրություններ անելու քիչ հնարավորություններ են թողնում հայկական քաղաքական վերնախավին։ Այս հարցում էլ ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Բանն այն է, որ հայ քաղաքական միտքն էլ ըստ արժանվույն չի ուսումնասիրել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության նպատակներն ու տրամաբանությունը և չի տվել մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Օրինակ` աջակցե՞լ Ռուսաստանին մեր տարածաշրջանում մղվող աշխարհաքաղաքական պայքարում, թե՞ ոչ։ Աջակցե՞լ նրա ռազմական պոտենցիալի մեծացմանը Հարավային Կովկասում։ Ի՞նչ կարմիր գծեր սահմանել ռուսական առաջնորդությամբ իրականացվող ինտեգրացիոն ծրագրերի համար և այլն։ Հարցերն իրականում շատ են։ Բայց դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա մշակված քաղաքականություն ու գիտակցված որոշումներ կայացնելու մեխանիզմներ։ Հակառակ պարագայում նույնիսկ Ռուսաստանի օգտին արված մեր քայլերը ընկալվելու են ոչ թե որպես դաշնակցին մատուցված ծառայություն, այլ պարտադրված որոշում, որի այլընտրանքը թուրքական յաթաղանն է։ Իրականում սա մեծ խնդիր է Հայաստանի համար. մեծերի հետ դժվար է ոչ միայն մրցակցել, այլև գործակցել։ Բայց այդ խնդրին լուծում տալու համար նախ և առաջ պետք է հստակ գիտակցել սեփական ազգային շահը։ Հակառակ պարագայում երկիրը կվերածվի արտաքին ազդեցություններին տրված մի պետության, որը, վերջին հաշվով, բոլորի համար կվերածվի անլուրջ և անվստահելի մի երևույթի։ Իսկ այդ դեպքում պետությունները պարզապես դատապարտված են կործանման։ Ցավոք, Հայաստանը ներկայումս ընթանում է հենց այդ ուղով։ Եվ այդ ընթացքի կասեցման առաջին քայլը շարունակում է մնալ նույնը՝ կապիտուլյանտ իշխանությունների հեռացումն ու ազգային ղեկավարության հաստատումը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար