Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաշտամունքի կառուցարկումը և հետմահու պաշտամունքը Թուրքիայի քաղաքական համակարգում
06 Փետրվար 2022
Անկախության պատերազմում Աթաթուրքի դերակատարությունը որպես առաջնորդ, հրամանատար և դիվանագետ վերջինիս դարձրեց ժողովրդական հերոս: Սակայն Մուստաֆա Քեմալի հերոսական կերպարի կերտումը՝ «խարիզմատիկ առաջնորդության» ձևավորումը, սկսվել է ո՛չ Դիմադրության շարժման, ո՛չ էլ Անկախության պատերազմի ընթացքում: Այն սկսվել է Գալիպոլիի ճակատամարտից հետո, որի ժամանակ նա դրսևորեց իրեն որպես ռազմական գործիչ: Կարելի է պնդել, որ հենց այդ ժամանակ սկսվեց Քեմալի հերոսական կերպարի կերտումը, որն աստիճանաբար լայն տարածում գտավ հասարակական տարբեր խմբերի շրջանում։
Ըստ ավանդույթի՝ Գալիպոլիի ճակատամարտի ընթացքում Քեմալը, տեսնելով փախչող օսմանյան զինվորներին, հարցնում է նրանց, թե ուր են վազում։ Զինվորները պատասխանում են, որ թշնամին հարձակվում է.
«‒Դուք չպիտի փախչեք թշնամուց։
‒ Մենք զինամթերք չունենք։
‒Զինամթերք չունեք, բայց ունեք սվիններ»:
Դրանից հետո Քեմալը հրամայեց զինվորներին ամրացնել սվինները հրացաններին, հետ գնալ ընդդեմ թշնամու ու պարտության մատնել նրան: Այս պատմությունը լայն տարածում գտավ, տպագրվեց օսմանյան մամուլում:
Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ Մուստաֆա Քեմալը երբևէ չի արժանացել այն ժողովրդական պաշտամունքին, որին արժանացել էին 1908 թ․ հեղաշրջման երիտթուրք ռազմական առաջնորդները, ինչպիսիք էին, օրինակ, Էնվեր փաշան, Նիյազի բեյը : Հանրապետության հիմնադրումից հետո Մուստաֆա Քեմալի՝ աշխարհիկացման և արևմտականացման կտրուկ քաղաքականությունը հանրության լայն շերտերի համար առավել ևս անընդունելի էր , և դա անշուշտ չէր կարող նպաստել Քեմալի պաշտամունքի՝ բնական հունով ձևավորմանը:
Անկախության պատերազմի առաջնորդի համբավը Քեմալը հետագայում օգտագործեց իր նախագծած բարեփոխումների իրագործման համար` հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով։ Հերոսի և ուժեղ առաջնորդի կերպարն առանցքային նշանակություն ուներ Քեմալի քաղաքական գործունեության մեջ, քանի որ բարեփոխումների մեծագույն մասը ավանդական թուրք հասարակության համար
անընդունելի էր։
Ուստի հանրապետության հիմնադրումից անմիջապես հետո Քեմալը և իր մերձավոր շրջապատը լծվեցին իր անձի շուրջ խարիզմատիկ առաջնորդի պաշտամունք ձևավորելու գործին։
Խարիզմատիկ առաջնորդության տարրերը, որ մեկնաբանվել են Վեբերի կողմից, պարզորեն նկատելի են այն հանգամանքներում, որոնցում Մուստաֆա Քեմալը և նրա ռեժիմի ներկայացուցիչները պատկերվում են, և նա կարող է կոչվել խարիզմատիկ, եթե, իհարկե, խարիզման նախ և առաջ ընդունենք որպես որևէ բան՝ կառուցված որպես քաղաքական գործընթացի կարևոր մաս: Սակայն եթե խարիզմատիկ առաջնորդությունն ընկալենք առավել «մաքուր վեբերյան» ձևով, այն է՝ առաջնորդի բնավորության գծերի կամ անհատական հատկանիշների վրա (հատկանիշներ և գծեր, որոնց առաջնորդը պարտական է իր «հայտնությամբ») հիմնված հարաբերություն առաջնորդի և նրա հետևորդների միջև, ապա պատկերը բոլորովին այլ կլինի : Վեբերի խարիզմատիկ առաջնորդության տեսության մեջ հատկապես շեշտվում է, որ առաջնորդը, որպես այդպիսին, ճանաչվում է իր արտասովոր, գերբնական և անգամ մոգական հատկանիշների շնորհիվ և ոչ թե ռացիոնալ-իրավական կամ ավանդական հիմքերից ելնելով: Խարիզմատիկ առաջնորդի ձևավորումը ավելի շուտ մարտահրավեր է արդեն գործող համակարգին, քան թե դրա արդյունքը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պարագայում այս կետերից ոչ մեկը կիրառելի չէ :
Մեր կարծիքով՝ Քեմալի՝ իշխանության հասնելը խարիզմայի այս տիպի հետ որևէ կապ չունի: Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ նա իր ժամանակակիցների կողմից համարվում էր խարիզմատիկ առաջնորդ նախքան Թուրքիայի պետական գործիչ դառնալը: 1919 թ․ Մուստաֆա Քեմալը բարձրաստիճան սպա էր, Օսմանյան կայսրության ռազմական էլիտայի ներկայացուցիչ, որը կանոնավոր ընթացակարգով առաջխաղացում էր ունեցել ռազմական ոլորտում: Նա նշանակվել էր 9-րդ բանակի ռազմական տեսուչի պաշտոնում սուլթանի և նրա կաբինետի կողմից: Երբ Քեմալը հեռացվեց օսմանյան բանակից, շարունակեց մնալ Դիմադրության շարժման առաջնորդ, որովհետև Անատոլիայի օսմանյան բանակի բարձրագույն սպայակազմն ընդունեց նրան որպես այդպիսին, սակայն նրանք այդպես վարվեցին ոչ թե Քեմալին վերագրված գերմարդկային ինչ-ինչ հատկանիշներից ելնելով, այլ որովհետև տեղյակ էին, որ նա եկել է «ազգային» պայքարի շարժում կազմակերպելու նպատակով, և ընդունում էին դա :
1919 թ․ Մուստաֆա Քեմալն ուներ արդեն իսկ ձևավորված, կայուն համբավ որպես ռազմական առաջնորդ և լավ հայտնի էր երիտթուրքերի ներքին շրջանակներում, սակայն նա հեռու էր լայն հասարակության համար ճանաչված լինելուց: Մուստաֆա Քեմալը 1919 թ․ ընտրվեց «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերության» նախագահ, իսկ 1923 թ․՝ նաև երկրի նախագահ, սակայն այս ամենը տեղի ունեցավ օրենքների և ընթացակարգերի, ապա նաև Սահմանադրության համաձայն, այլ ոչ թե նրա անձնային խարիզմատիկ հատկանիշների հիման վրա: Ավելին, չնայած ավտորիտար կառավարման մեթոդներին, իր քաղաքական գործունեության ընթացքում Քեմալն ինքը կողմնակից էր իրավական ձևակերպումների և ընթացակարգերի մանրամասնությունների պահպանմանը :
Ինչպես արդեն տեսանք, Աթաթուրքի՝ իշխանության գալն ու երկրի առաջնորդ ընտրվելը չեն կարող խարիզմատիկ համարվել վեբերյան իմաստով, սակայն անհատի պաշտամունքը պարուրել էր նրա կերպարը՝ ստեղծված իր իսկ կողմից, և շարունակվում էր անգամ իր մահից հետո՝ պարզորոշ կերպով կրելով խարիզմատիկ առաջնորդության բնութագիր: Ուստի խարիզման կարևոր դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետության «քաղաքական թատերաբեմում»: Անհատի պաշտամունքը, որում օգտագործվում է անգամ մահացած առաջնորդի խարիզման, արտառոց կերպով արդյունավետ է՝ պատկառանք առաջացնելու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ :
Խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման սկզբնական փուլը, որը համընկավ հանրապետության վաղ տարիների հետ, նշանավորվում է հանրապետության տարբեր շրջանների խոշոր քաղաքներում արձանների և հուշարձանների կանգնեցմամբ: Իսլամում նկարչության ու քանդակագործության միջոցով անձի պատկերումը համարվում է Ալլահի հանդեպ գործած մեղք , և այս քայլով քեմալականները զուգահեռաբար փորձում էին պայքարել իսլամական ավանդույթների և կարծրատիպերի դեմ:
Առաջին արձանը կանգնեցվեց 1926 թ․ Ստամբուլի Սարայբուրնու թաղամասում (Նկ․ 1), որի ավստրիացի հեղինակն այդ նպատակով հրավիրվել էր Թուրքիա : Հաջորդ տարի Անկարայում կանգնեցվեց ևս երկու հուշարձան՝ իտալացի քանդակագործ Պետրո Կանոնիկայի հեղինակությամբ: Վերջինս իր ժամանակների լավագույն քանդա¬կագործ-հուշարձանագործներից էր, և Քեմալն անձամբ էր հրավիրել նրան՝ ստանձնելու հուշարձանների կառուցման գործը : Նույն քանդա¬կագործի հեղինակած երկու այլ հուշարձաններ կանգնեցվեցին հաջորդ տարի: Դրանք էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Հանրապետության հուշարձանը» և Քեմալի արձանը Կայսերի քաղաքում : Թաքսիմ հրապարակում կանգնեցված «Հանրապետության հուշարձանը» (Նկ. 2) մի արձանախումբ է, որտեղ Մուստաֆա Քեմալն անդիմադրելիորեն ու անշեղորեն ընթանում է առաջ՝ իր ետևից տանելով անկախության պայքարի մյուս առաջնորդներին և իր համախոհներին : 1931 թ․ Քեմալի արձանը (քանդակագործ՝ Հ. Կիպպել) կանգնեցվեց Սամսունում, որտեղ 1919 թ․ Քեմալի ժամանումով սկիզբ դրվեց Անկախության պատերազմին :
Հետագայում ևս բազմաթիվ արձաններ և հուշարձաններ կանգնեցվեցին Թուրքիայի տարբեր վայրերում՝ հաճախ դրանց տալով մոդեռնիստական լուծումներ, ինչպիսին, օրինակ, 1970 թ․ Ստամբուլի Հաջեթեփե համալսարանում կանգնեցված Աթաթուրքի արձանն է (Նկ. 3, քանդակագործ՝ Հուսեյին Գեզեր):
Քեմալ Աթաթուրքն արտաքնապես տարբերվում էր անատոլիացի թուրքերից իր խարտյաշ մազերով ու կապտավուն աչքերով: Սակայն ավելի ուշ շրջանի նկարներում այս արտաքին հատկանիշները չափազանցված են: Դրանցում Աթաթուրքը պատկերված է շողացող ոսկե մազերով և թափանցող կապույտ աչքերով: Հանրապետության համեմատաբար վաղ շրջանում ցածր դասարաններում սովորող աշակերտներին սա ներկայացվում էր հետևյալ կերպ․ «Երբ նա (Քեմալը) ծնվեց, նրա աչքերը վերցրին երկնքի գույնը, իսկ մազերը՝ արևինը» : Նման պատումի նպատակը առաջնորդին առավելագույնս տարբերվող և գերմարդկային ներկայացնելն էր՝ այդպես կառուցարկելով նրա խարիզման։
Աթաթուրքի խարիզմայի, նրա անձնային արտասովոր գրավչության և գերմարդկային որակների հիշատակումները գրականության մեջ վերաբերում են ուշ 30-ականներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանին: Դրանք մեծավ մասամբ հանդիպում են գեղարվեստական գրականության էջերում, և առաջին օրինակը Յաքուբ Ք. Քարաօսմանօղլուի «Անկարա» վեպն է, որը լույս տեսավ 1934 թ․ : Հետագայում նմանատիպ գեղարվեստական երկեր ավելի շատ գրվեցին և հրատարակվեցին։
Քեմալ Աթաթուրքի խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման նպատակով ստեղծվեցին նրան վեհացնող դերեր, որոնց օգնությամբ փորձ էր արվում ահռելի նշանակություն և կշիռ տալու Քեմալի ծավալած գործունեությանը:
Ըստ թուրքագետ Է. Զյուրխերի՝ կարելի է առանձնացնել չորս հիմնական դերեր, որոնք վերագրվում են Քեմալին՝ ռազմական հերոս, ուսուցիչ, հայր և արդիականացման նախակարապետ:
Քեմալի՝ վաղ շրջանի գրեթե բոլոր արձանները պատկերում են նրան որպես ռազմական առաջնորդի՝ հեծյալ կամ հետիոտն: Առաջին բացառությունը Սարայբուրնուում՝ Ստամբուլի թաղամասերից մեկում կանգնեցված արձանն է, որում Աթաթուրքը պատկերված է որպես ուժեղ, վճռական առաջնորդ՝ մեկուսի քայլելով առաջ, հեռուն նայելով, ձախ ձեռքը բռունցք արած, սակայն քաղաքացիական հագուստով, առանց ռազմական խորհրդանիշների: Նկարներում ևս, որպես կանոն, Աթաթուրքը պատկերված է որպես ռազմական առաջնորդ՝ առաջ ընթացող, մարդկանց առաջնորդող, դեպի առաջ ուղղված ձեռքով, աչքերը հորիզոնին հառած: Քեմալի հանրահայտ և տարածված լուսանկարներից առանձնանում է Քոջաթեփեում արված մի լուսանկար, որում Քեմալը պատկերված է մտքերից հակված, մյուս զինվորականներից առան¬ձին, մտախոհ քայլելիս (Նկ. 4): Այս լուսանկարը դարձավ հեղափոխության առաջնորդի խորհրդանիշներից մեկը:
Վաղ 30-ականներին՝ արաբատառ գրից լատինատառ գրին անցնելուց և թուրքերին որպես քաղաքակրթության տարածողների ներկայացնող՝ թուրքական պատմության և լեզվի նոր տեսությունները ներկայացնելուց հետո, որում Քեմալ Աթաթուրքն ակտիվ դերակատարում ուներ, նա սկսեց պատկերվել որպես ազգի ուսուցիչ: Մասնավորապես շատ հայտնի դարձավ մի լուսանկար, որում Քեմալ Աթաթուրքը Ստամբուլի Գյուլհանե այգում գրատախտակի վրա ցուցադրում է լատինատառ այբուբենը (Նկ. 5): Այն բազմաթիվ օրինակներով տարածվեց՝ դառնալով Քեմալի ամենահայտնի նկարներից մեկը :
Հաջորդը հոր դերն է, որով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հանդես է գալիս մասնավորապես 30-ականների կեսից հետո։ Հանրապետության երիտասարդ սերնդի և երեխաների նկատմամբ նրա վերաբերմունքը առանձնակի ուշադրության է արժանացել: 1927 թ․ իր վեցօրյա ճառում Աթաթուրքը բացորոշ կերպով դիմում է թուրք երիտասարդությանը՝ նրան կտակելով ու նրա պահպանությանը հանձնելով իր ժառանգությունը (հանրապետությունը) և հայրաբար պատգամելով նրան պաշտպանել այն. «Հե՛յ թուրք երիտասարդություն, առաջին պարտքդ է ընդմիշտ պահպանել ու պաշտպանել Թուրքիայի անկախությունն ու Թուրքիայի Հանրապետությունը» : Այս պատգամը, որը հետագայում ստացավ «Կոչ երիտասարդությանը» անվանումը, փակցված է բազմաթիվ հանրային վայրերում և Թուրքիայի Հանրապետության կրթության նախարարության բոլոր դպրոցներում: Այն կրկնվում է դպրոցներում դասերի ժամանակ, տպագրված է դասագրքերում և մաս է կազմում «Երիտասարդի երդման» տեքստին, որն արտասանում են թուրք դպրոցականները ամեն օր: Աթաթուրքի նկատմամբ սերը նույնացվում է ծնող նկատմամբ սիրո հետ: Քեմալ Աթաթուրքը երեխա չի ունեցել, սակայն որդեգրել է տասներեք երեխայի՝ մեկ տղա ու տասներկու աղջիկ: Իր որդեգրյալ կրտսեր աղջկա՝ Ուլքյուի հետ լուսանկարներից մեկը լայն ճանաչում է գտել և շրջանառվում է՝ ցուցադրելով նրա հայրական սերը:
Վերջինը, որով ներկայացվում էր Քեմալի խարիզմատիկ կերպարը, արդիականացման նախակարապետի կերպարն է: Չնայած արդիականացումը դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից ձեռնարկվել էր տարբեր ոլորտներում՝ բանակ, կառավարման համակարգ և այլն, այնուամենայնիվ, Քեմալը առաջինն էր, ով սկսեց արդիականացնել թուրք հասարակությունը: Այս դերում Քեմալը հանդես է գալիս շատ անբռնազբոս կերպով եվրոպական զգեստներ հագած և այնպիսի գործողությամբ զբաղվելիս, որը քեմալականների համար արևմտյան խորհրդանիշներ է պարունակում (ինչպիսին են վալս պարելը, լողալը, մեքենա վարելը, գոլֆ խաղալը և գնացքով ճամփորդելը): Աթաթուրքի՝ որպես ժամանակակից քաղաքակիրթ մարդու և քաղաքակրթող առաքելությամբ գործչի կերպարը հատկապես հոգեհարազատ էր քաղաքական ուղղվածությամբ անձանց համար՝ որպես քարոզչության նյութ:
Գիտության և տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերեց քարոզչության և, ըստ այդմ, նաև խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման նոր հնարավորություններ ու մեթոդներ: Հետագայում ստեղծվեցին և շրջանառության մեջ մտան Աթաթուրքի պատկերով կրծքանշաններ, շապիկներ, մեծածավալ պաստառներ, անգամ ժամացույցներ և կոշիկներ, իսկ արդեն թվային դարաշրջանում գովազդային հոլովակները, հեռուստացույցի էկրանին հայտնվող տարբեր տեսաուղերձները սկսեցին աճող դեր ունենալ Աթաթուրքի անձի պաշտամունքի շարունակական ամրապնդման և դրա կենսունակության գործում:
Ելնելով Թուրքիայի Հանրապետության պատմության նորագույն շրջանի իրադարձություններից՝ կարելի է պնդել, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաշտամունքը «անմահ» է: Սա ամրագրված է նրա «հավերժ առաջնորդ» տիտղոսով, որը նրան շնորհվեց 1938 թ․ դեկտեմբերի 26-ին Ժողովրդահանրապետական կուսակցության համագումարում : ԺՀԿ-ն Աթաթուրքի թողած ժառանգության կարևոր բաղադրիչներից էր, որը շարունակեց երկրի ղեկավարումը մինչև 1950 թվականը: Աթաթուրքը հեղափոխական էր, ով «վեր է բարձրացնում սովորական թուրք մարդուն առօրյա միապաղաղ հոգսերից» և «մատնանշում է ապագայի տեսլականը »: Նա «ճշմարիտ ուղեկից է, ով առաջնորդեց իր ժողովրդին մթությունից դեպի լույս և այսօր էլ շարունակում է առաջնորդել »: Այսպիսին էր Աթաթուրքի կերպարը արդեն իր կյանքի վերջին տարիներին, և իդեալականացման այս գործընթացը շարունակվեց նաև նրա մահից հետո:
Քանի որ ի սկզբանե Աթաթուրքի իշխանության հիմքում դրված չէր բնական խարիզման, նրա իշխանության վերջին տարիներին և նրա մահից հետո կարիք չկար առօրեականացնելու նրա խարիզման՝ քեմալիզմի իշխանությունը հարատև դարձնելու համար, ինչպես պետք է ենթադրել, եթե հետևենք Վեբերի տեսությանը: Փաստ է, որ Աթաթուրքն ու նրա աջակիցները ստեղծեցին Թուրքիայի Հանրապետությունն ու դրա բաղկացուցիչ մաս կազմող այլ ինստիտուտներ, սակայն բոլոր այդ ինստիտուտները, որ զուգորդված էին պետությանը, և պետությանն առնչվող այլ ինստիտուտներ լայն իմաստով Աթաթուրքը կամ հանրապետությունը չէին ստեղծել, այլ ուշ շրջանի Օսմանյան կայսրության ժառանգությունն էին : Անշուշտ, որոշ աստիճանական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն պետության ու կուսակցության կառուցվածքը և գաղափարը կայուն էին ու անփոփոխ : Իսմեթ Ինյոնյուն, ով հաջորդեց Քեմալին նախագահի պաշտոնում, պահպանեց արդեն ձևավորված անհատի պաշտամունքի ինստիտուտը, սակայն, աստիճանաբար նվազեցնելով Աթաթուրքի պաշտամունքը, փորձում էր այն փոխարինել սեփականով: Շրջանառության մեջ դրվեցին նոր թղթադրամներ՝ Ինյոնյուի դիմանկարով, նոր փոստային նամականիշներ թողարկվեցին նրա նկարներով : Սակայն, 1950 թ․ Դեմոկրատական կուսակցության՝ իշխանության գալով, Ինյոնյուի անհատի պաշտամունքը շատ արագ փլվեց: Երկրի միանձնյա ղեկավարումը կորցնելով՝ նա ստանձնում է ընդդիմության առաջնորդի դերը, ինչը, սակայն, անհանգստացնում էր օրվա իշխանություններին, քանի որ վտանգ կար, որ այդ «դերում» Ինյոնյուն հնարավորություն կունենար մոբիլիզացնելու բանակի և բյուրոկրատիայի շարքերում գտնվող ընդդիմադիրներին ընդդեմ իշխանության: Այս խնդրի լուծման համար «հարություն տրվեց» Աթաթուրքի պաշտամունքին : Ձևավորվեց մի մոտեցում, ըստ որի՝ քեմալիզմի բոլոր նվաճումները վերագրվում էին Քեմալ Աթաթուրքին, իսկ ձախողումները՝ Իսմեթ Ինյոնյուին : Կանխելու համար ցանկացած ոտնձգություն Աթաթուրքի և նրա հիշատակի նկատմամբ՝ դեմոկրատական խորհրդարանն ընդունեց մի օրենք, որով հանցագործություն էին որակվում Աթաթուրքին ուղղված վիրավորանքը, նրա հիշատակի պղծումը :
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգության պահպանումը, առանց այդ մասին հայտարարելու, իր պարտականությունն էր դարձրել թուրքական բանակի էլիտան, որն այն համարում էր քեմալիզմի հիմքը, և Թուրքիան ալեկոծած ռազմական հեղաշրջումներին միշտ հաջորդում էին Քեմալ Աթաթուրքի անձի պաշտամունքի ուժեղացումն ու ժառանգության նորովի վերարժևորումը:
Քեմալ Աթաթուրքի ժառանգությունն այսօր էլ շարունակում է ապրել Թուրքիայում, որոշ չափով էլ՝ իսլամական աշխարհում: Աթաթուրքի մտավոր գործունեության արդյունքը հավասարազոր չէ ամբողջական գաղափարախոսության, սակայն նրա գործունեության տարբեր դրվագների և աշխատությունների տարբեր մեկնաբանությունների հիման վրա ձևավորվել և զարգացել է մի գաղափարախոսություն՝ քեմալիզմ, իսկ ավելի ուշ՝ աթաթուրքիզմ անվամբ:
Չնայած որ թուրք կառավարող վերնախավը ներդրել է զգալի ջանքեր քեմալիզմի զարգացման մեջ՝ որպես պաշտոնական գաղափարախոսության (հատկապես 1960 թվականից հետո), հաճախ դժվարանում ենք կապել քեմալիզմի՝ գնալով աճող պետական դոկտրինը Աթաթուրքի ժառանգության հետ: Սակայն այս փաստերից և ոչ մեկը չի նվազեցնում այն կտրուկ փոփոխությունների նշանակությունը, որոնք առաջ բերեց Աթաթուրքը, ինչպես նաև չի նվազեցնում դրանց մերօրյա անսպասելի հետևանքները: Իր ուտոպիայի իրականացմանը միտված ջանքերով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը արմատական վերաձևումների ենթարկեց թուրքական պետությունն ու հասարակությանը, և այս ամենի հետևանքով ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ անգամ իսլամական աշխարհը երբևէ կրկին չեն լինի այնպիսին, ինչպիսին էին Քեմալ Աթաթուրքից առաջ :
Քեմալիզմը՝ որպես մի յուրօրինակ պետական հավատքի համակարգ, դարձել է հանրապետության հիմնադրի ամենաճկուն ժառանգությունը : Այսօր Թուրքիայի Հանրապետության ռազմական կրթության հաստատություններում դասավանդվում է կառավարության կողմից հաստատված և երաշխավորված «Աթաթուրքիստական մտածողության համակարգ» առարկան, որը սպայակազմի կողմից ընդունված է համարել ռազմական կրթության ոգի : Բոլոր համալսարաններում, անկախ մասնագիտական ուղղվածությունից, ավարտական կուրսի ուսանողները դիպլոմ ստանալու համար պարտավոր են հանձնել «Թուրքիայի հեղափոխության պատմություն» և «Աթաթուրքի սկզբունքներ» առարկաներից քննություն (սա մեզ հիշեցնում է ԽՍՀՄ ուսումնական հաստատություններում տիրող նույն վիճակը «ՍՄԿԿ պատմության», «Գիտական կոմունիզմի» և կուսակցական-գաղափարախոսական այլ առարկաների առումով): Հանրապետության նախագահն ու խորհրդարանի պատգամավորները իրենց պաշտոնները ստանձնելիս երդվում են «հավատարիմ մնալ Աթաթուրքի սկզբունքներին և բարեփոխումներին» :
Սակայն ժամանակի ընթացքում «hավերժական ղեկավարի» ժառանգությունը ցուցաբերում է իր հիմնական բնութագիրը կորցնելու միտում : Այսօր քեմալիզմը ավելի շուտ կարող է դիտվել Թուրքիայի կառավարող վերնախավի մի հատվածի կողմից օգտագործվող գործիք՝ մեկնաբանելու երկրում տիրող դրությունը Աթաթուրքի ասույթների ու գործերի վկայակոչմամբ, և յուրաքանչյուր ոք այս դժվարըմբռնելի մեջբերումների էությունը հասկանում է յուրովի: Հետևաբար դրա էությունը կախված է համատեքստից և այն մեջբերողից: Քեմալիզմը կարելի է օգտագործել՝ աջակցելու և՛ էտատիստական կամ լիբերալ, և՛ ազգայնական կամ սոցիալիստական, և՛ կրոնական կամ գիտական, ինչպես նաև էլիտիստական կամ պոպուլիստական գաղափարներին:
Տիգրան Չանդոյան