Սթափվեք, առիթ եք տալու ողջ հայությունը գա այն եզրակացության, որ սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյան
21 Փետրվար 2022
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։
ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բացառիկ շանս է իշխանության հետ համատեղ հայտարարություն ընդունելու։ Նա ՔՊ-ին կոչ արեց գոնե համատեղ մեկ նախադասություն ընդունեն, մնացած տեքստը կարող են փոխել։
««Շուշիի հռչակագիրը» իր սադրիչ ու ապակառուցողական բնույթով անընդունելի է Հայաստանի համար։ Այս մի նախադասությունը եկեք համատեղ ընդունենք, մնացածն ինչ ուզում եք ավելացրեք ու պակասեցրեք, իսկ եթե դուք այս նախադասությունը չեք ընդունում, հենց այդպես էլ ասեք»,- նշեց նա։
Ռուստամյանն ընդգծեց՝ այո, Թուրքիան ու Ադրբեջանը բացառիկ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարելի է օրենսդիրով ու գործադիրով միասնական քաղաքականություն վարել ու դա էլ անում են։
«Մեր խորհրդարանը, եթե դրան չարձագանքի, հիմնավոր կասկած է առաջանում, որ մենք ուղղակի սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը, ուրիշ եզրակացություն չի բխելու։ Սթափվեք, եթե դուք սխալ քվեարկեցիք ու չմիացաք այդ ձևակերպմանը, դուք ուղղակի առիթ եք տալու, որ ողջ հայությունը գա այն եզրակացության, որ դուք սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը», – նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա իշխանությանը կոչ արեց, որ հայտարարեն՝ իրենց համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը»։
«Վավերացրեք «Շուշիի հռչակագիրը, վերջանա գնա», – ասաց պատգամավորը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման վերջում ՔՊ-ն, ձեռնպահ քվեարկեց Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելուն՝ այդպիսով տապալելով բանաձևի ընդունումը։