Ադրբեջանի ցինիզմը պիկին հասավ, երբ Ալիևը հայտարարեց, որ ԼՂ հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
22 Փետրվար 2022
Այսօր, փետրվարի 22-ին Երևանում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են նաև ադրբեջանցի պատգամավորներ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Ալիևի ցինիզմը հասել է նրան, որ ասում է՝ Արցախյան հակամարտությունը լուծված է, և այս հարցի վրա հրավիրեց Մինսկի խմբի ուշադրությունը։ Արթուր Խաչատրյանը խոսեց 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի գործողությունների մասին:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր երկրի վրա հարձակվեցին ահաբեկիչները, իրավիճակը հանգեցրեց տարածաշրջանում անկայունության: Չնայած Մինսկի խմբի համանախպագահների կոչերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից, Ադրբեջանը շարունակում էր զենքի կիրառմամբ հարձակվել մեզ վրա, վնասել խաղաղ բնակչությանը, կանանց և երեխաներին: Շատ զինծառայողներ գերի ընկան, նրանցից շատերը այսօր էլ շարունակում են մնալ այդ վիճակում»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախի այլ նաև Հայաստանի սուվերենության դեմ է գործողություններ կատարել:
«Խոսելով ճանապարհների բացման մասին՝ առաջինն ինչ արեց Ադրբեջանը՝ Հայաստանի և Արցախի միջև ճանապարհի արգելափակումն էր, իսկ դրանից մի քանի շաբաթ անց տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհի արգելափակում, արդյունքում՝ Հայաստանի կենսագործունեության համար անհրաժեշտ ուղիներ կտրվել են»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է, դրանից հետո Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների այցին և նրա բոլոր նման քայլերը մնում են առանց պատժի՝ խախտելով միաջազգային իրավունքի նորմերը և իրավիճակը տանելով խաղաղության խաթարմանը»:
Արթուր Խաչատրյանը կոչ արեց պաշտպանել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ադրբեջանը ռումբեր է կիրառել Արցախի բնակիչների հանդեպ հոգատարության նկատառումով․
Արթուր Խաչատրյան
Ինձ ապշեցրեց այն, ինչ այստեղ լսեցի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ հոգատարություն, պատվաստում․․․ իհարկե, նրանք ռումբեր են կիրառել Արցախի բնակչության հանդեպ հոգատարության նկատառումով. Երևանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ավարտին հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Ցանկալի կլիներ, որ ադրբեջանցիները մտածեին Քովիդի մասին, Ստեփանակերտի հոսպիտալի մասին, այն հաճախորդների մասին, որոնք համբերատար սպասել են բուժման։ Երեսպաշտության դասական օրինակ է՝ խոսել Քովիդի մասին այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր դրա դեմ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց դադարեցնել կրակը ամբողջ աշխարհում։ Սա շատ հետաքրիր է, շատ հետաքրքիր է, խնդրում եմ՝ նորից դա կրկնեք, երբ մենք աղոթում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ինձ հետաքրքիր է՝ իսկ երբ հայերը բռնի տեղահանվեցին Ադրբեջանից՝ Սումգայիթից, Բաքվից, մտածո՞ւմ էին պատվաստումների մասին»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/MbL6iT7KB88