Ասում ենք՝ եկեք ասենք, որ մեր տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է, ինչի՞ եք հակադրվում
22 Մարտ 2022
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի երկու ելույթը Ազգային ժողովի մարտի 22-ի նիստում․
Ասում ենք՝ եկեք ասենք, որ մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անձեռնմխելի է, ինչի՞ եք սա հակադրում խոսքի ազատությանը․ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ։ Ընդդիմությունն առաջարկում է օրենքը փոխել այնպես, որ ով հարցականի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ քրեորեն պատժվի, ինչին դեմ են արտահայտվում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։
Իշխան Սաղաթելյանը փաստեց, որ Սահմանադրությունը ևս ասում է, որ այսպիսի արձանագրում անելը նաև խորհրդարանի լիազորությունն է։
Որպեսզի օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության պատկերն ամբողջական և լիարժեք լինի՝ Իշխան սաղաթելյանը որոշ հիշեցումներ արեց։
«Այս խորհրդարանում քաղաքական ընդդիմությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որնք կապված են եղել Արցախի հետ։
1․ Առաջարկեցինք ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերի մշտական հանձնաժողով․ մերժեցիք՝ պատճառաբանելով, որ գոյություն ունի ավելի բարձր միջխորհրդարանական հանձնաժողով, որը մինչև այսօր որևէ նիստ չի գումարել։
2-րդ․ Ասացինք՝ եկեք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչենք Արցախի և արտաքին հարաբերությունների հանձնաժողով․ կրկին մերժեցիք։
3․ Սահմանազատման և սահմանագծման հետ կապված մշակեցինք հայտարարության տեքստ, որին կրկին դեմ քվեարկեցիք՝ պատճառաբանելով, որ կան ներքաղաքական ձևակերպումներ։
4․ Ամենազավեշտալին․ օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ առաջարկեցինք, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը մի նախադասություն էինք պահանջում, որ ԱԺ-ն հայտարարի, որ դեմ է այդ հակահայկական փաստաթղթին։ Ասում էինք՝ այդ նախադասությունը պահեք՝ մնացած ինչ ուզում եք՝ փոխեք։ Սրան ևս դեմ քվեարկեցիք և բոյկոտեցիք։
Եվ այսօրվանը․ առաջարկում ենք պարզ, հասարակ մի բան՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը անձեռնմխելի է և որևէ մեկը իրավունք չունի դա դնել հարցականի տակ, և նրանք, ովքեր կփորձեն դա դնել հարցականի տակ՝ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման։ Նորմալ իշխանությունը պետք է ասեր՝ այո՛, ճիշտ եք ասում, ավելի ենք խստացնում․ կլինի ընդդիմությունից, իշխանությունից, թե երրորդ երկրից՝ իրավունք չունի այս երկրի տարածքային ամբողջականությունը դնել հարցականի տակ։ Եկել եք՝ խոսքի ազատություն․․․ ի՞նչ խոսքի ազատություն, եթե մեկը կարող է նմա հայտարարություն անել, խոսքը պաշտոնյաների մասին է, և այս խորհրդարանում եղել են պատգամավորներ, որ այդպիսի հայտարարություներ արել են, այդ թվում նաև այսօրվա ԱԺ նախագահը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/iGKLaTzLPgs
Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության
Պատմությունը պատմություն է իր ամբողջության մեջ։ Առանձին դրվագներով, պատմությունից կտրված օրինակներով չեք կարող իրական գնահատական տալ պատմական դեպքերին։ Երբեք մի փորձեք ձեզ համեմատել այն պետական դեմքերի հետ, որոնք քաոսից պետություն են ստեղծել․ ԱԺ լիագումար նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալի ու ներկայի պատմությունը խեղաթյուրելով, նախկին ու ներկա անելով՝ շարունակել երկիրը տանել դեպի անդունդը:
Ի՞նչ եք ասում դուք, ասում եք՝ ապագա կա, բայց այդ ապագան զիջումով է, մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով: Խաղաղության անվան տակ երկիրը փորձում եք տանել նոր զիջումների, դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան ու այս ամեն ինչը դուք փորձում եք ներկայացնել նախկինների ու ներկաների կռիվ:
Այստեղ նախկինի ու ներկայի հարց չկա: «Ապագա կա» կարգախոսով եկել են իշխանության, մնացել են անցյալում: Հիմա էլ գնացիք 100 տարի առաջ: Գնալու եք մինչեւ Տրդատ Մեծ:
Հերիք է խեղաթյուրեք դեպքերն ու իրադարձությունները, հասկացեք ձեր պատասխանատվության չափը, դուք չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու ու այս ամեն ինչը բարդելու նախկինների վրա: Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության, որ Արցախը կորցնե՞նք: Հերիք է, ուշքի եկեք, այն ճանապարհը, որ դուք ընտրել եք, այս երկրի կործանման ճանապարհն է», – նշեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/w1ph-zPDYts