Հայ-թուրքական լսումներն արգելափակելով՝ իշխանություններն ընդգծեցին, որ սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը
21 Ապրիլ 2022
Այսօր` ապրիլի 21-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելուն։
Մենք հետաքրքիր բացահայտումների ժամանակ ենք ապրում, այն, ինչ իշխանություններն այսօր անում են, սկսում են ինքնախոստովանական հայտարարություններով ավելի հստակեցնել, թե ինչի համար են եկել իշխանության․ Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն հրաժարվել էր «Հայաստան» դաշինքին տրամադրել ԱԺ դահլիճը այսօր հայ-թուրքական թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելուն, Ռուստամյանն ասաց. «Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ուղղակի ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք անում են, Սահմանադրության և օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են, որ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները, որն ինքնին աբսուրդ է»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների նման գործելաոճը հերքում է նրանց ամպագոռգոռ արտահայտությունները, թե իրենք ավելի արդյունավետ կառավարում են բերել երկիր, ԱԺ-ն ավելի բաց, թափանցիկ է գործում, այն դարձել է հանրության տեսակետներն արտահայտելու վայր:
Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ այսօր ԱԺ-ն չի կարողանում միաժամանակ երկու միջոցառում կազմակերպել, ինչպես իրենք են հիմնավորել, քանի որ այս օրերին նաև հայ-ռուսական աշխատանքային խմբերն են հանդիպում:
«Փաստորեն այսօրվա իշխանությունների օրոք հնարավոր չէ երկու միջոցառում միաժամանակ կազմակերպել, երբ նախկինների ժամանակ ԱԺ-ն միաժամանակ մի քանի միջոցառում էր կարողանում կազմակերպել: Սա ցույց է տալիս, թե ինչ մակարդակի ղեկավարում ունենք ընդհանրապես բոլոր տեղերում, իսկ ԱԺ-ն փաստորեն փաստում է իր անկարողությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իրենք ԱԺ-ում ընդունելու համար նախատեսած այդ հայտարարությամբ գծում էին այն կարմիր գծերը, որից հետո սկսվում է մեր ազգային, պետական խնդիրների ձախողումը, ազգային ինքնության կորուստը, որ ուղղակի գնալու ենք հայոց պետականության փլուզման ճանապարհով, որովհետև մեր հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանն անթաքույց հակահայկական ծրագրեր են իրականացնում, պահանջներ են դրել մեր առջև և դրան ադեկվատ չարձագանքելը, կարմիր գծերը չգծելը, ըստ որի դրանից հետո Հայաաստանը չի պատրաստվում որևէ զիջում իրականացնել, սա ուղղակի նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. այս արգելափակումով իշխանություններն ուղղակի ընդգծեցին, որ սպասարկում են այլ շահեր:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այս քայլով լսումներն ընդհանրապես չեղարկել չի հաջողվի, դրանք կկայանան ավելի ուշ։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/0DcPDFAqsCY